ՊԱՀԱԿՆԵՐԸ ԴԱՏԻ ԵՆ ՏՎԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իջեւան խոշոր համայնքի սահմանամերձ Վազաշեն գյուղի բնակիչներ Սուրիկ Ղազարյանի, Գրիգոր Սարհատյանի, Հովիկ Գյոզալյանի եւ Սամվել Ճոկլինյանի ներկայացուցիչ Ա. Ղազարյանը գումար բռնագանձելու պահանջով ընդդեմ «Պոլիմետ կորպորացիա հայ-կանադական համատեղ ձեռնարկություն» ՍՊԸ-ի հայցադիմում է ներկայացրել Տավուշի մարզի առաջին ատյանի  դատարան։ Այդ  դատարանի՝ 2022 թվականի մայիսի 4-ի որոշմամբ՝ հայցադիմումն ընդունվել է վարույթ։ Հուլիսի 6-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Աշոտ Ջավախյանը որոշել  է նշված հայցով  2022թ. օգոստոսի 16-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Իջեւան քաղաքի նստավայրում նշանակել նախնական դատական նիստ։ Նախկինում Վազաշեն համայնքի ղեկավար, ներկայումս Վազաշեն բնակավայրի վարչական ղեկավար Լորիկ Բադիրյանը հայտնեց, որ դատարան հայցադիմում ներկայացրած 4 անձինք  Վազաշեն գյուղի անտառում  գտնվող  բազմամետաղ հանքավայրում պահակություն են արել, որի դիմաց «Պոլիմետ կորպորացիա հայ-կանադական համատեղ ձեռնարկություն» ՍՊԸ-ն նրանց աշխատավարձի պարտքեր ունի, այդ գումարները ստանալու համար նշված անձինք  դիմել են դատարան։ Վազաշենի  սահմանամերձ անտառում գտնվող հանքավայրում ներկայումս աշխատանքներ չեն  իրականացվում։

 

2012-2017թթ.-ին «Պոլիմետ կորպորացիա հայ-կանադական համատեղ ձեռնարկություն»   ՍՊԸ-ն  Վազաշենի ոսկու հանքավայրի տարածքում երկրաբանական ուսումնասիրություններ կատարելու արտոնագիր  է ունեցել։  Այդ ընկերության ստեղծման գործում  մեծ  ներդրում է   ունեցել ծնունդով գյումրեցի Վահագն Ժայռենց Գայայանը, որը 1982թ. ընտանիքով տեղափոխվել է Կանադա։ Վազաշենի հանքավայրի ուսումնասիրությունների համար 2012թ. սեպտեմբերի 10-ին Հայաստանում հիմնադրվել է «Պոլիմետ կորպորացիա» հայ-կանադական ՀՁ-ն,  որպես բաժնետեր եւ հիմնական ներդրող ներգրավվել  է Վ. Ժ. Գայայանի ներկայացրած կանադական «Ասեսմենթ սիսթեմս կորպորացիա» ՍՊԸ-ն՝ 80 % բաժնեմասով, եւ հայաստանյան «Ստիմուլ» ՍՊԸ-ն՝ 20% մասնակցությամբ: Համաձայն ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալների՝ հայաստանյան «Ստիմուլ» ՍՊԸ-ի բաժնեմասը հավասարապես կիսել  են Իշխան Հովհաննիսյանի որդին՝ Արթուր Հովհաննիսյանը, եւ  այժմ լուսահոգի Ահարոն Ադիբեկյանի դուստրը՝ ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանը, կանադական «Ասեսմենթ սիսթեմս կորպորացիա»-ի ներկայացուցիչ է նշանակվել  Ահարոն Ադիբեկյանը: Հետագայում բաժնետերերի մեջ հակասություներ են ծագել, այդ կապակցությամբ դատական հայցեր են ներկայացվել: Դրանից հետո՝ 2019թ. սկզբին, Վազաշենում  երկրաբանահետախուզական աշխատանքներ իրականացնելու նպատակով հայտ է ներկայացրել նոր ընկերություն՝ «Էյ Յու գրուպ» ՍՊԸ-ն, որի հիմնադիրը նույն Վահագն Ժայռենց Գայայանն է։ 2019թ. մայիսին Բնապահպանության նախարարությունը բացասական եզրակացություն  է տվել այդ ընկերության հայտին՝ հիմնավորելով,  որ հայցվող տարածքի մեծ մասը գտնվում է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի հողային հաշվեկշռում,  այնտեղ տարբեր ծառատեսակներից կազմված  ծառուտներ են:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 

 

 

 

ՔԻՉ ԱՄՈՒՍՆԱՆՈՒՄ ԵՎ ՇԱՏ՝ ԱՄՈՒՍՆԱԼՈՒԾՎՈՒՄ ԵՆ

Հայաստանում քիչ ամուսնանում են, շատ՝ ամուսնալուծվում: ArmLur.am-ը տեղեկացավ, որ այս տարվա 6 ամիսներին գրանցվել է ամուսնության 7 հազար 926 դեպք: Նախորդ տարի այս թիվը կազմել է 8130: Մեկ տարվա ընթացքում 204-ով պակասել են ամուսնության դեպքերը: Պետք է արձանագրենք, որ ավելացել է ամուսնալուծվող զույգերի թիվը: Պաշտոնապես մեր հանրապետությունում այս տարվա 6 ամիսներին ամուսնալուծության 2207 դեպք է գրանցվել, մինչդեռ նախորդ տարվա հունվար-հունիսին ամուսնալուծվել է 2002 մարդ:

ArmLur.am-ը փոքրիկ ուսումնասիրության արդյունքում պարզեց, թե որ մարզում են ամենաշատն ամուսնալուծվում: Պարզվեց, որ ամենաշատ ամուսնալուծությունները գրանցվել են Երեւանում. դրանց թիվը կազմում է 1099: Ցանկում հաջորդը Լոռու մարզն է, որտեղ ամուսնալուծության դեպքերի քանակը կազմել է 166: Սրան զուգահեռ նկատենք, որ Լոռիում ամուսնացել է 609 մարդ:

Արմավիրում ամուսնալուծվել է 138, ամուսնացել՝ 703 մարդ, Շիրակում ամուսնալուծվել է 137 մարդ, ամուսնացել՝ 636-ը: Նշենք, որ Արարատի մարզն ամուսնալուծությունների թվով եւս առաջատար դիրքերում է. այս մարզում ամուսնալուծվել է 157 մարդ, իսկ ամուսնացել՝ 647-ը: ArmLur.am-ը տեղեկացավ, որ Տավուշի մարզում ամուսնալուծվել է 65 մարդ, իսկ ամուսնացել՝ 276 մարդ, Սյունիքում ամուսնալուծության 88 դեպք է գրանցվել, իսկ ամուսնության դեպքերը 352 են կազմել: Գեղարքունիքում 91 մարդ է ամուսնալուծվել, 631 մարդ՝ ամուսնացել:

Մասնագետները կարծում են, որ զույգերի ամուսնալուծության պատճառները սոցիալական եւ ֆինանսական խնդիրներն են: Օրինակ՝ ՀՀ որոշ մարզերում սոցիալական ապահովվածության մակարդակը բավականին ցածր է, ընտանիքը չի կարողանում դիմանալ, եւ տարաձայնությունները, անհամերաշխությունը հանգեցնում են հիասթափության եւ ամուսնալուծության: Մասնագետների մի շրջանակ էլ գտնում է, որ ընտանեկան բռնությունների պատճառով է, որ ավելանում են ամուսնալուծությունները:

Իսկ, ահա, եվրոպական երկրներում ամուսնալուծությունների հիմնական պատճառը անհավատարմությունն է: Մասնագետների խոսքերով՝ մեր երկրում կնոջ դավաճանության դեպքերը շատ քիչ են: Հայաստանում հիմնականում տղամարդիկ հավատարիմ չեն:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

ՄՏԱՀՈԳՎԱԾ Է

ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի անդամ Լինդա Սանչեսը հայտարարություն է տարածել՝ դատապարտելով Ադրբեջանի ագրեսիվ գործողություններն Արցախի ժողովրդի դեմ: «Մտահոգված եմ այն հաղորդագրություններով, որ Ադրբեջանը խախտել է հրադադարը եւ ձեռնարկել է չհրահրված հարձակում Արցախի ժողովրդի դեմ։ Ես վճռականորեն դատապարտում եմ Ադրբեջանի ագրեսիան եւ միանում միջազգային հանրությանը՝ կոչ անելով անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները տարածաշրջանում»,-  «Թվիթեր»-ի իր էջում նշել է Լինդա Սանչեսը:

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԸ՝ ՎՏԱՆԳԻ ՏԱԿ

ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը սոցցանցի իր էջում գրել է. «Աղավնոյում իմ վերջին այցի ժամանակ փաստեր էինք հավաքել, որ  ադրբեջանական զինծառայողները կենդանիներ (նաեւ խոշոր եղջերավոր) են մորթում ու ոչ պետքական օրգանները կամ սատկած կենդանիների օրգանները գցում այն ջրի մեջ, որից օգտվում են գյուղի բնակիչները: Դրա պատճառով ջրում հայտնվում էին առնետներ, արձանագրվել էին ջրից զանգվածային թունավորման դեպքեր, այդ թվում՝ թունավորվել էին երեխաներ ու տարեցներ: Այս մասին նշել էին գյուղի բոլոր բնակիչները: Մարդկանց տներն ադրբեջանական ամբողջական դիտարկման ներքո էին: Երբ գյուղատնտեսական աշխատանքների համար մարդիկ փորձում էին մոտենալ իրենց հողատարածքներին (անգամ մի քանի հարյուր մետր հեռավորության վրա), ադրբեջանական զինված ուժերը կրակում էին: Մարդիկ հնարավորություն չունեին վաստակելու ընտանիքի եկամուտը:

Ադրբեջանական իշխանությունները վարել ու հիմա էլ վարում են խաղաղ բնակիչներին ահաբեկելու, հուսահատության մթնոլորտ առաջացնելու նպատակային քաղաքականություն: Ադրբեջանական հանցավոր արարքները թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի նկատմամբ բնույթով նույնն են՝ Արցախում ագրեսիվ դրսեւորումներով:

Բա ցեղասպանությունն էլ ինչպե՞ս է լինում: Ու այսքան ժամանակ ի՞նչ է Հայաստանն արել այս փաստերն օգտագործելու, միջազգային մեխանիզմներ աշխատեցնելու համար:

ՀՀ իշխանություններն իրենց համար ներքին քաղաքական անվտանգ ձեւակերպում են սովորել` «Ադրբեջանն իրականացնում է էթնիկ զտումներ»:  Հիմքում չեն դնում փաստեր, չեն կապում դա ցեղասպան քաղաքականության ու ինքնորոշման իրավունքի հետ, այլ օգտագործում են միայն այս ընդհանուր ձեւակերպումը, այն էլ՝ քաղաքական կոնտեքստներում ու գլխավորապես իրենց ներքին քաղաքական քարոզի համար: Բայց այս մոտեցումն Ադրբեջանի համար ոչ միայն մեծ խնդիրներ կամ, առհասարակ, խնդիրներ չի ստեղծում, այլ ավելի է ամրապնդում նրանց դիրքերը: Բերձորի եւ Աղավնոյի հանձնումն Ադրբեջանին Հայաստանի իշխանությունների կործանարար քաղաքականության հերթական դրսեւորումն է:

Այս քայլը լրջագույն վտանգի տակ է դնում Հայաստանը, մասնավորապես` Սյունիքը, հատկապես այն ֆոնին, որ ՀՀ իշխանությունները, վախենալով իրենց նկատմամբ քաղաքական դժգոհությունից եւ սեփական պաշտոնները կորցնելուց (սա իրենց մղձավանջն է, եւ պաշտոններն ավելին են, քան երկրի անվտանգությունը), թաքցնում կամ արդարացնում են ադրբեջանական հանցավոր արարքները: Առանց այն էլ ադրբեջանական զինված ծառայողների հանցավոր ներկայությունը ՀՀ գյուղերի հարեւանությամբ ու ճանապարհներին անհնարինության է վերածել մարդկանց կյանքը: Այսպիսի մանդատ Հայաստանի իշխանությունները ՀՀ քաղաքացիներից չեն ստացել»:

 

 




Լրահոս