ՍՊԻՏԱԿՑԻ ՀԱՅԿՈՅԻ ՀԱՂԹԱՆԱԿԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 21-ի անկախության տոնակատարությունների կազմակերպման աշխատանքները շարունակում են հետաքրքրություն առաջացնել ոչ թե անկախության բովանդակության, այլ կազմակերպչական հարցերի իմաստով: Երեւանի Հանրապետության հրապարակում անկախության օրով կհնչեն հայրենասիրական երգեր ռաբիս կատարողի շուրթերից: Իսկ ինչպե՞ս է պատահել սա:

 

ArmLur.am-ը տեղեկացավ, որ անկախության 31-րդ տարեդարձի տոնակատարության միջոցառմանը Հանրապետության հրապարակում երգիչ Հայկ Ղեւոնդյանի՝ Սպիտակցի Հայկոյի ելույթ ունենալու փաստը մեծ աժիոտաժ է առաջացրել ոչ միայն հանրության, այլեւ իշխանական վերնախավի եւ պետական մարմինների շրջանում: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանկարծակի որոշումը գլխիվայր է շրջել Կառավարության նախնական ծրագիրը, քանի որ նախապես հայտարարված մրցույցը, ըստ երեւույթին, այդպես էլ չի կայացել, եւ առանց մրցույթի հանկարծակի որոշվել է, որ պետք է Սպիտակցի Հայկոն երգի անկախության 31-ամյակի միջոցառմանը: ArmLur.am-ը ՀՀ կառավարությունից գրավոր պարզաբանումներ էր պահանջել, թե սեպտեմբերի 21-ին՝ ՀՀ անկախության տոնի առթիվ կազմակերպվող համերգին ինչ սկզբունքով է ընտրվել միակ երգիչ Հայկ Ղեւոնդյանի թեկնածությունը: Արդյոք այլընտրանքային տարբերակ քննարկվե՞լ է, թե՞ ոչ: Եթե այո, ապա ո՞վ կամ ովքե՞ր են եղել: Եւ ամենակարեւորը՝ նախապես հայտարարված մրցույթը ինչո՞ւ չի կայացել: Ի պատասխան՝ գործադիրը հայտնել է. «ՀՀ անկախության հռչակման տարեդարձին նվիրված միջոցառումների կազմակերպման հետ կապված՝ ծառայությունների ձեռբերման նպատակով վարչապետի աշխատակազմի կողմից կազմակերպվել է ՀՀՎԱ-ԵՄԾՁԲ-22/1 ծածկագրով երկփուլ մրցույթ: Մրցույթի վերաբերյալ ողջ տեղեկատվությունը (այդ թվում՝ գնահատող հանձնաժողովի նիստերի արձանագրությունները) հրապարակվել է գնումների պաշտոնական տեղեկարգում՝ գնումների մասին ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով: Ընթացակարգի գնահատող հանձնաժողովի՝ 21.07.22 հ նիստին կայացրած որոշմամբ՝ ՀՀՎԱ-ԵՄԾՁԲ-22/1 ծածկագրով երկու փուլով մրցույթը հայտարարվել է չկայացած՝ հիմք ընդունելով «Գնումների մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը։ Այսինքն՝ չի եղել մասնակից, որը կհամապատասխանի մրցույթի պայմաններին։ Ընթացակագի շրջանակներում պատվիրատուի կողմից ձեւավորվել է ՀՀ մի շարք գերատեսչությունների ներկայացուցիչներից կազմված մասագիտական խումբ, որի կողմից մշակվել եւ ներկայացվել է ձեռք բերվող ծառայության բնութագիրը»: Այսինքն՝ մրցույթը հայտարարվել է, համարվել՝ չկայացած, հետո ինչ որ գերատեսչություններ ծանոթ-բարեկամով որոշել են, որ պետք է Սպիտակցի Հայկոն ելույթ ունենա, ընթացքում էլ Հայկական պետական սիմֆոնիկ նվագախումբը պետք է ելույթ ունենա:

ArmLur.am-ը տեղեկացավ, որ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը իր անհամաձայնությունն է հայտնել այս սցենարի մասով: Մենք զրուցեցինք նաեւ Պետական սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժորի հետ: ArmLur.am-ի հետ զրույցում Սերգեյ Սմբատյանն ասաց, որ նոր է վերադարձել Հայաստան, սեպտեմբերի 21-ին էլ երկրում չի լինելու, հետեւաբար չի կարող ասել՝ սիմֆոնիկն այդ օրը ելույթ կունենա, թե ոչ: «Ինձ հետ նման քննարկում չի եղել, եւ ես վրդովմունք չեմ հայտնել, բացի դա, չեմ կարծում, որ հիմա մարդկանց կարծիքը կարող է ինչ-որ բան փոխել: Այստեղ ավելի շատ անձի հարցը չէ, ես՝ որպես ակադեմիական ոճի երաժիշտ, միշտ պատկերացնում եմ, որ բոլոր երաժշտական ուղղությունները կարող են իրար օգնել: Ես կատեգորիկ դասակարգումներին դեմ եմ: Ամեն դեպքում, եթե ասում են, որ պետք է լինի նաեւ սիմֆոնիկ նվագախումբը, արդեն արտասովոր երեւույթ է, եւ բովանդակային հստակ չեմ կարող ասել՝ ինչ է լինելու, կարող է բովանդակային ինչ-որ բան են պատրաստում, որը որ կլինի կրեատիվ, նոր ասելիք, նոր խոսք»,- մեզ հետ զրույցում նշեց Սերգեյ Սմբատյանը: Գործադիրից հետաքրքրվել էինք նաեւ, թե որքան գումար է նախատեսվել ծախսել այդ օրվա տոնական միջոցառումների համար (խնդրել ենք տրամադրել բացվածքը, թե ծառայության համար որքան գումար է տրամադվելու), բացի այդ, հստակ պարաբանել, թե համերգն անցկացնելու համար ֆինանսական հոսքերը միայն պետբյուջեից են լինելու արդյոք, թե այլ հովանավորներ կան: Մեր հարցադրումներին գործադիր մարմնից պատասխանել են. «Մրցույթը կազմակերպվել է «Գնումների մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջներին համապատասխան (մինչեւ ֆինանսական միջոցներ նախատեսելը, նույն օրենքով սահմանված կարգով, կարող է կնքվել պայմանագիրը՝ պայմանով, որ դրա շրջանակներում գնում կարող է կատարվել անհրաժեշտ ֆինանսական միջոնցեր նախատեսվելու դեպքում), իսկ միջոցառումների կազմակերպման հետ կապված ծառայությունների ձեռք բերման համար կանխատեսվող ֆինանսական հատկացումների չափը կազմել է 600 միլիոն դրամ»: Այսինքն՝ չեն մանրամասնել, թե մոտավորապես 1 եւ կես մլն ԱՄՆ դոլարը ինչի վրա է ծախսվելու սեպտեմբերի 21-ի միջոցառումը կազմակերպելու համար: Հավելենք, որ, ArmLur.am-ի տեղեկություններով, համերգը հանձն է առել կազմակերպել «Ֆակտորի փրոդաքշն»-ը, որի հիմնադիր տնօրենը հանդիսանում է Ռուդիկ Տեր-Գալստյանը, որը, ըստ շրջանառվող լուրերի, սերտ կապեր ունի նաեւ այս իշխանությունների հետ: Առաջիկայում կփորձենք այնուամենայնիվ ստանալ պարզաբանումներ, թե ինչպես ծախսվեց 1.5 մլն ԱՄՆ դոլարը մեկ երեկոյի համար, եւ ով ինչ գերշահույթներ ստացավ:

 

 

 

 

ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ ՀՈՒՍԻԿ ԱՐԱՅԻ ԳԻՐՔԸ

Ժամանակակից հայ գրող Հուսիկ Արայի «Կորած սերունդ»-ը դրվել է ընթերցողի սեղանին։ Գիրքն ամփոփում է Հուսիկ Արայի՝ 1988-2021 թթ. գրված բանաստեղծություններն ու պոեմները՝ թեմատիկ ընտրությամբ, որն ազգային զարթոնքի, արցախյան ազատամարտի, վերակերտած խորհրդանիշների եւ մեր ոգու բանաստեղծական անդրադարձն է: Ժողովածուն կազմվել է ՀՀ անկախության 30-ամյակի առիթով: Այն լույս է ընծայել «Անտարես»-ը։ Խմբագիրն է Արքմենիկ Նիկողոսյանը։ Գրքի ստեղծմանն աջակցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը։ Գիրքը նվիրված է ականավոր պատմաբան, հայագետ Արտակ Մովսիսյանի հիշատակին։

 

«Մեր պատանի տարիքում հանդիպեցինք եւ դարձանք երեք ընկեր՝ ես, դու, Կարենը։ Քայլում էինք Երեւանի փողոցներում, իսկ առջեւից մեր տեսլականն էր գնում՝ անկախ, հզոր Հայաստանը։ Կարեն Ավետիսյանը զոհվեց 1990 թվականի մարտի 22-ին մեր ազատամարտում մեր անկախության համար։ Դու ամրագրեցիր մեր ազատությունը՝ վստահեցնելով, որ հազարամյակների խորքից ենք գալիս եւ վաստակել ենք նոր հազարամյակներ գնալու իրավունքը։ Ես մեր նոր անկախության, վերակերտած պետականության մասին, որն արցախյան ազատամարտով էինք նվաճել, գրեցի բանաստեղծություն։ Ճիշտ եմ համարում մեր անկախության եւ գոյապայքարի 30-ամյակի առիթով հրատարակվող այս գիրքը, քո թույլտվությամբ, ընծայագրել քեզ, ինչպես իմ առաջին եւ քո առաջին գրքերն էին ընծայագրված Կարենին։ Այս գրքում կրկին միասին ենք՝ ես, դու, Կարենը, քայլում ենք Երեւանի փողոցներում, իսկ մեր առջևից գնում է մեր տեսլականը՝ ինքնիշխան, հզոր Հայաստանը»,- գրքում նշում է Հուսիկ Արան։

Բանաստեղծ Հուսիկ Արան աշխատել է «Գարուն» ամսագրում եւ «Գրական թերթ»-ում, Հայաստանի հանրային ռադիոյում վարել է «Գրական հանդիպում» հեղինակային հաղորդաշարը։ Բանաստեղծությունների առաջին գիրքը` «Մարդու որդիները», որ անկախության շարժումն ու արցախյան ազատամարտն է ամփոփում, տպագրել է 1996 թ., երկրորդ գիրքը` «Լուսանցքի մարդիկ», որ ընկճված քաղաքն է պատերազմից հետո, տպագրել է 2003թ., բանաստեղծությունների երրորդ գիրքը` «Սեւագրություններ» վերնագրով, տպագրել է 2004 թ.-ին, որի համար 2005 թ.-ին արժանացել է Երիտասարդական խորհրդարանի «Տարվա լավագույն բանաստեղծ» մրցանակին: 2010թ. տպագրել է էսսեների եւ ակնարկների գիրքը` «Անիծվածները», որի համար Հայաստանի գրողների միության կողմից արժանացել է Միքայել Նալբանդյանի անվան մրցանակի: 2011թ. «Միայնակ շան լուսնահաչը» վիպակի համար արժանացել է «Հայը՝ 21-րդ դարասկզբին» մրցանակի, որ տրվում է անտիպ գեղարվեստական արձակին: 2012թ. հանդես է եկել երկու գրքով` «Աստծու հետ խոսելու ժամանակը» (բանաստեղծական ժողովածու), «Միայնակ շան լուսնահաչը» (արձակ): 2013 թ. հեղինակել է «Ազատության հրապարակ» բանաստեղծությունների ժողովածուն: 2008թ. արժանացել է Պարույր Սեւակի, 2012թ.՝ ՀԳՄ Ավետիք Իսահակյանի անվան ամենամյա մրցանակների։ «Ազատության հրապարակ», «Տան դուռը», «Երեւան քաղաք», «Եվ սերը ասաց» եւ այլ գրքերի հեղինակ է։

Նյութերը՝  ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻ

 

 

 

 

ՀԱՂԹԵՑ

Հնդկաստանի Չենայ քաղաքում անցկացվող շախմատի համաշխարհային օլիմպիադայի վերջին տուրում Հայաստանի հավաքականը 2,5:1,5 հաշվով պարտության մատնեց Իսպանիայի թիմին եւ 19 միավորով ընթացիկ առաջին տեղում է։ Առաջին համար Գաբարիել Սարգսյանը սպիտակ ֆիգուրներով մրցեց Ալեքսեյ Շիրովի հետ եւ հաղթանակի հասավ 49-րդ քայլին։ Մանուել Պետրոսյանը ոչ-ոքի խաղաց Դավիդ Անտոն Գուիխարոյի, Ռոբերտ Հովհաննիսյանը՝ Խայմե Սանտոս Լատասայի հետ։ Հրանտ Մելքումյանը ոչ-ոքի խաղաց Ֆրանսիսկո Վալիեխո Պոնսի հետ։ Նախորդ 4 տուրերում Գաբրիել Սարգսյանը հաղթել էր ամերիկացի Ֆաբիանո Կարուանային, հնդիկ Պենտալա Հարիկրիշնային, ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովին, ոչ-ոքի խաղացել ուզբեկ Նոդիրբեկ Աբդուսատորովին։

 

 

 

ՊԱՏՐԱՍՏ Է ՏԵՂԱՓՈԽՎԵԼ

Իսպանիայի փոխչեմպիոն «Բարսելոնայի» հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգը պատրաստ է տեղափոխվել Լոնդոնի «Չելսի»: Լոնդոնյան ակումբը հետաքրքրված է գաբոնցի ֆուտբոլիստի ծառայություններով։ 33-ամյա ֆուտբոլիստը այս տարվա հունվարին է Լոնդոնի «Արսենալից» տեղափոխվել կատալոնական ակումբ՝ 23 խաղում խփելով 13 գոլ, կատարելով 1 գոլային փոխանցում։ Նրա պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2025թ. հունիս։ Transfermarkt-ը Օբամեյանգի տրանսֆերային արժեքը գնահատում է 15 միլիոն եվրո։

 

 

 

ԽՈՍԵԼ Է ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆԻՑ

Ամերիկացի դերասան Էշթոն Քաթչերը National Geographic շոուի եթերում առաջին անգամ պատմել է իր աուտոիմուն հիվանդության մասին, որից մի հատված հրապարակված է YouTube-ում։ «Երկու տարի առաջ ինձ մոտ առկա էր վասկուլիտի շատ տարօրինակ, հազվագյուտ տեսակ, որը խաթարեց իմ տեսողությունը, լսողությունը, թուլացրեց իմ ամբողջ շարժողական ապարատը», – խոստովանել է Քաթչերը: Վասկուլիտը պաթոլոգիա է, որն ազդում է խոշոր, միջին եւ փոքր անոթների վրա։ Այն բնութագրվում է զարկերակների, երակների, փոքր մազանոթների պատերի բորբոքումով։ «Դուք դա չեք գիտակցում, քանի դեռ այն չի անհետանում։ Մինչեւ դուք չեք ասում. «Ես չգիտեմ՝ երբեւէ կկարողանամ արդյոք նորից տեսնել, չգիտեմ՝ երբեւէ կկարողանամ արդյոք նորից լսել, չգիտեմ՝ երբեւէ կկարողանամ արդյոք կրկին քայլել»։ Բախտս բերել է, որ ողջ եմ»,- նշել է Էշթոնը։

 

200-ՐԴ ՀԱՂԹԱՆԱԿԸ

Ռուսաստանցի Կարեն Խաչանովը 200-րդ հաղթանակն է տարել Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի (ATP) մրցաշարերում, որոնցում անցկացրել է 354 հանդիպում:  26-ամյա հայ թենիսիստը Կանադայի Մոնրեալ քաղաքում անցկացվող Masters մրցաշարի մեկնարկում պարտության էր մատնել արգենտինացի Ֆրանսիսկո Սերունդոլոյին։ Կարեն Խաչանովը չորս տիտղոս է նվաճել ATP շարքի մրցաշարերում, այդ թվում՝ 2018թ. Փարիզի Masters մրցաշարում։




Լրահոս