ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երկու զոհված զինծառայողի դեպքում պարգևավճարի չափը կսահմանվի կրկնակի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Զոհված երկու զինծառայողի դեպքում պարգևավճարի չափը կսահմանվի կրկնակի։ Բացի այս, ArmLur.am-ը տեղեկացավ, որ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունն առաջարկում է պարգևավճարի իրավունք նախատեսել նաև աշխատանքային կենսաթոշակ, ծերության, հաշմանդամության նպաստ կամ կերակրողին կորցնելու ստանալու իրավունք ունեցող ՀՀ պաշտպանության մասնակիցների համար:

Մեզ հայտնի դարձավ, որ սոցիալական երաշխիքների առանձնահատկություն կսահմանվի այն ընտանիքների համար, որտեղ կան զոհված երկու զինծառայող՝ երկու ծնող, երկու զավակ, ամուսին և զավակ, ծնող և զավակ, ծնող և ամուսին։

Պարգևավճարի իրավունք կունենան զոհված զինծառայողների ընտանիքները ՀՀ պաշտպանության ժամանակ, ինչպես նաև ծառայողական կամ պաշտոնեական պարտականությունները կատարելիս զոհված՝ հետմահու «Հայաստանի ազգային հերոս» ՀՀ բարձրագույն կոչում ստացած անձի ընտանիքին կհատկացվի 250 հազար դրամ: Իսկ ՀՀ պաշտպանության ժամանակ, ինչպես նաև ծառայողական կամ պաշտոնեական պարտականությունները կատարելիս զոհված՝ հետմահու առաջին աստիճանի «Մարտական խաչ» շքանշանով պարգևատրված անձի ընտանիքը կստանա 150 հազար դրամ:

ArmLur.am-ը տեղեկացավ նաեւ, որ պաշտպանության ժամանակ, ինչպես նաև ծառայողական կամ պաշտոնեական պարտականությունները կատարելիս զոհված՝ հետմահու երկրորդ աստիճանի Մարտական խաչ շքանշանով պարգևատրված անձի ընտանիքը կստանա 100 հազար դրամ:

Ի դեպ, ըստ պաշտպանության նախարարության՝ 15 ընտանիքում զոհված երկու զինծառայողի համար պարգևավճարների չափերն ավելացնելու դեպքում հարկ կլինի լրացուցիչ հատկացնել ամսական 465 հազար դրամ կամ տարեկան 5 մլն 580 հազար դրամ, ինչը կֆինանսավորվի սոցիալական ապահովության ոլորտին հատկացված միջոցների հաշվին։

Ս.Հ.




Լրահոս