ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ ԽԱԲԵԼ Է. ՄԱՍ 74

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2018-ից ի վեր՝ իշխանության գալուց հետո, մի քանի անգամ է հրաժարական տվել ու ընտրվել: Այդ ընթացքում նա որեւէ անգամ չի լքել վարչապետի աթոռը՝ վարչապետին լիազորված բոլոր գործառույթները շարունակելով իրականացնել արդեն որպես գործադրի ղեկավարի պաշտոնակատար: 2018-ի իշխանափոխության օրերին (ապրիլի 25-ին), երբ դեռ նա ուսապարկով ու ձեռքը վիրակապած էր հարթակից ելույթ ունենում, հայտարարում էր. «Այն պահին, երբ գործող վարչապետ Սերժ Սարգսյանը հրաժարական է տվել, նրա հետ հրաժարական է տվել ամբողջ կառավարությունը: Այսօր կառավարությունում գործող ոչ մի պաշտոնյա չկա: Կառավարության բոլոր անդամները հրաժարական տված են համարվում»: Նույն օրն ու էլի նույն հարթակից ընդդիմադիր Փաշինյանը վստահեցնում էր, թե ՀՀ վարչապետի հրաժարականի պարագայում չի կարող վարչապետի պաշտոնակատար լինել: Վերոնշյալ հայտարարությունից ուղիղ երեք տարի անց (ի դեպ, նույն օրը՝ ապրիլի 25-ին) նույն Նիկոլ Փաշինյանը հերքում էր ինքն իրեն՝ ասելով, թե հրաժարական տալով վարչապետի պաշտոնից՝ այս ընթացքում շարունակելու է կատարել ՀՀ վարչապետի պարտականությունները՝ օրենսդրությամբ ու սահմանադրությամբ ենթադրվող ամբողջ ծավալով: Վարչապետի աթոռին անգամ մեկ րոպեով հրաժարական չտվող Փաշինյանը, փաստորեն, կառավարության կաբինետի ղեկավարի հրաժարականի մասին իրարամերժ հայտարարություններով հերթական անգամ ստել է:

 

 

«Ոչ մի րոպե դադար»,- ասում է արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանի օգնական Հայկ Ստեփանյանը՝ նկատի ունենալով «Սուրմալու» առեւտրի կենտրոնի պայթյունի հետեւանքով տեղում աշխատող փրկարարներին: Այս օրերին գերմարդկային ջանքեր գործադրող փրկարարների աշխատանքն իսկապես դրվատանքի է արժանի, անհասկանալի ու բավականին տգեղ է, սակայն, մարդկային ողբերության ֆոնին ինքնագովազդվող չինովնիկների վարքագիծը: Նրացից մեկն էլ հենց նախարարի օգնական Ստեփանյանն է, որ «Սուրմալու» առեւտրի կենտրոնի փլատակների ու փոշու մեջ, չգիտես՝ ինչպես, փայփլուն կոշիկներով, հարդարված մազերով ու չփոշոտված հագուկապով էր միշտ երեւում տեսախցիկների ու ֆոտոխցիկների առջեւ: «Հեղափոխության պահապանների» գլխավոր հերոսը, որ որոշ ժամանակ առաջ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի օգնականն էր, այժմ էլ, փաստորեն, Արմեն Փամբուխչյանին է օգնում գուցե փլատակների ֆոնին ճիշտ հագուստ ու կոշիկներ ընտրելու հարցում: Արտակարգ իրավիճակների նախարարի օգնականը փաստացի մի անձ է, որ այժմ՝ հենց այս պահին, խմբակային ծեծկռտուքի մասնակից լինելու համար դատական գործով է անցնում: Այդ հանգամանքը, փաստորեն, բնավ չի կաշկանդում նախարար Փամբուխչյանին իրեն օգնական նշանակել մի անձի, որ, բացի ներկա դատական գործը, մինչեւ դա էլ լրատվամիջոցի վրա ձվային հարձակում իրականացնելու համար էր որպես մեղադրյալ ներգրավված: Բայց եթե «Ազատություն» ռ/կ-ի վրա «հարձակում իրականացնելու» համար դաշնակցական Գերասիմ Վարդանյանն այժմ կալանավորված է, ապա «պահապան» օգնականը «Հայելի» ակումբի վրա հարձակում իրականացնելուց հետո ոչ միայն չի կալանավորվել, այլեւ իշխանության բարձրագույն դափնիների է արժանացել, պաշտոն ստացել ու սկսել հիացական լուսանկարներ հրապարակել իր աշխատասենյակից, ԱԻՆ աշխատաժողովներից ու, որ ամենանողկալին է, խրոխտ կեցվածքով՝ փլատակների վրայից: Արմեն Փամբուխչյանը Հայկ Ստեփանյանին տաքուկ աթոռ շորհելիս գուցե տեղյակ չի եղել, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է անգամ ժամանակին քննադատել արկածախնդիր երիտասարդի վարքագիծը:

 

 

«Սուրմալու» առեւտրի կենտրոնի աղետից անցել է 9 օր: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ առեւտրի կենտրոնում պայթյունի գործով իրավապահները մի քանի կասկածներ ունեն: Վարկածներից մեկն այն է, որ միգուցե առեւտրի կենտրոնում ապօրինի արտադրամաս է եղել, որը առնչվել է ոչ միայն հրավառ նյութերի, այլ հենց պայթուցիկ նյութերի հետ: Նշենք, որ օգոստոսի 14-ին «Սուրմալու» առեւտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել, որի շրջանակներում բազմաթիվ տնտեսվարողներ են հարցաքննվել որպես տուժող: Մեզ հասած լուրերի համաձայն՝ այս օրերին քննվում է այն վարկածը, որ պայթած շենքի նկուղային հարկում եղել է հրավառ նյութերի պատրաստման արտադրամաս պայթուցիկ այլ նյութերի համակցմամբ, եւ իրավապահները ակտիվ քննում են այդ վարկածը: Ի դեպ, չի բացառվում, որ քրեական վարույթով անգամ հարցաքննված տնտեսվարողները նման տեղեկություն հայտնած լինեն իրավապահներին: Տեղեկության վերաբերյալ «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ՀՀ քննչական կոմիտեի լրատվական բաժին, որտեղից ի պատասխան՝ հայտնեցին. «Փորձագետների մասնակցությամբ իրականացվում է դեպքի վայրի զննություն, քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է»: Հավելենք, որ առեւտրի կենտրոնի պայթյունի հետեւանքով կա 16 զոհ:

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը դեռ քննարկումների մեջ է, թե ում են նշանակելու նոր ձեւավորվելիք ներքին գործերի նախարար: Ինչպես հայտնի է, Ոստիկանությունը եւ Արտակարգ իրավիճակների նախարարությունը միավորվելով ստեղծվելու է Ներքին գործերի նախարարություն: Այս կառույցի ստեղծման մասին դեռ խոսակցություններից ի վեր այդ պաշտոնի համար տարբեր անուններ են շրջանառվել, այդ թվում՝ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանի անունը, սակայն իշխող թիմում կարծես թե հակված են այլ որոշում կայացնելու, քանի որ Հակոբ Սիմիդյանի աշխատանքից դժգոհ են, եւ նոր բացահայտումներ են եղել: Առաջիկայում այդ մասով «Ժողովուրդ» օրաթերթը մանրամասներ կներկայացնի: Եվ, ահա, մեր տեղեկություններով՝ այժմ իշխանությունները որպես ներքին գործերի նախարար են տեսնում ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանին։ Թեեւ նա հրապարակային կերպար չէ, եւ դժվար է պատկերացնել, թե ինչպես է ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ամբիոնից խոսելու, այնուամենայնիվ այս պահին ՔՊ թիմում քննարկումները Ղազարյանի ուղղությամբ են: ՀՀ ոստիկանապետի պաշտոնը թերեւս կզբաղեցնի Վահե Ղազարյանի առաջին տեղակալը՝ Արամ Հովհաննիսյանը: Վերջնական որոշում, սակայն, դեռ չկա:

 




Լրահոս