Երազեց ու դարձավ. Արմեն Պետրոսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում Կասկադյորական արվեստի հիմնադիր, Կասկադյոր, հնարքների միակ բեմադրողը Հայաստանում եւ դերասան Արմեն Պետրոսյանը հայ կինոյի պատմության մեջ առաջին անգամ հիմնել է կասկադյորական արվեստը եւ Հայաստանի կասկադյորների ազգային ասոցիացիան։

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում մեր զրուցակիցը պատմել է արտասովոր մասնագիտության գաղտնիքների եւ առաջիկա նորությունների մասին:

-Պարո՛ն Պետրոսյան, Դուք դեռ առաջին դասարանում հիացած Էդմոն Քյոսայանի «Անորսալի վրիժառուները» ֆիլմում գործող կասկադյորներով երազեցիք, որ պետք է դառնաք նրանց նման եւ դարձաք: Հետաքրքիր է, ովքե՞ր են կազմակերպության անդամները:

-Առաջինը նրանք իմ թեւերն են, սովորական մարդիկ օժտված բոլոր մարդկային հատկություններով եւ մասնագիտություններով՝ բժիշկ, քանդակագործ, մարզիկ, զինվորական: Մարդիկ ովքեր իրենց խառնվածքով նման չեն շատերին:

-Ինչպիսի՞ն է հայ կինոյի ներկայիս վիճակը եւ ինչքանո՞վ է Ձեր մասնագիտությունը առնչվում ներկայիս հայկական կինոմատոգրաֆիայի հետ:

-Նախ ասեմ, որ մեր մասնագիտությունը չի սկսվում եւ չի ավարտվում կինոյով : Մենք մասնակցում ենք, թե՛ կինո, թե՛ գովազդային, երաժշտական տեսարաններում, այնպես էլ կենդանի ցուցադրական եւ տարբեր հեռուստանախագծերին: Կարելի է ասել, որ այսօր կինոն Հայաստանում դրված է ոչ ճիշտ ռելսերի վրա, դրա ապացույցը քիչ նկարահանվող ֆիլմերն են, իհարկե կան նվիրյալներ, ովքեր անկախ ամեն ինչից նկարահանում են, եւ ասեմ, որ լավ ֆիլմեր են: Եթե որեւէ ֆիլմում կան հնարքների տեսարաններ, իհարկե մենք մասնակցում ենք: Մենք աշխատում ենք նաեւ Հայաստանում նկարահանվող արտերկրյա նախագծերում:

-Ձեր արվեստն ու քաղաքականությունը:

-Մենք աշխատում ենք չկապել մեկը մյուսի հետ, չնայած նրան, որ ցանկացած ոլորտ ինչ-ինչ հանգամանքներով կապված է տվյալ ժամանակաշրջանի քաղաքական կյանքի հետ: Չեմ սիրում խոսել քաղաքականության մասին, բայց ամեն դեպքում հուսնաք, որ ամեն ինչ լավ կլինի:

-Ինչպե՞ս եք կարողանում համատեղել կասկադյորական կյանքն ու ընտանիքը:

-Կասկադյորական աշխարհն ինքնին արդեն ընտանիք է, մեծ ընտանիք:Իմ ընտանիքում բոլորն ըմբռնումով են մոտենում իմ մասնագիտությանն ու ներաշխարհին: Չի կարող ամեն բան լինել հարթ, երբ հանուն ընտրած կյանքի կամ ընտանիքի համար ինչ-որ բաներ զոհաբերում էս, գողանալով մեկից տալով մյուսին, պետք է հավասար տանել այդ զուգահեռները: Որդիներս դեռ փոքր էին, որոշել էին դառնալ կասկադյոր, խոստացել էի օգնել, բայց վերջերս մտափոխվեցին որոշեցին դառնալ դատավոր եւ դատապաշտպան, ընդունում եմ եւ չեմ հակաճառում: Հույս ունեմ, որ ամեն դեպքում պտուղը ծառից հեռու չի ընկնի:

-Պարո՛ն Պետրոսյան, Ձեր ընտրած մասնագիտությունը, ստացած վնասվածքները ի՞նչ ազդեցություն ունեցան ձեր կայացման գործում:

-Այս մասնագիտությունը համարվում է աշխարհի ամենավտանգավոր մասնագիտությունը, որն առանց վնասվածքների չի լինում: Դա պրոֆեսիոնալիզմի պակասի խնդիր չէ, դրա մասին կարելի է օրերով խոսել, պետք է ապրել այդ կյանքով եւ ամեն ինչ պարզ կլինի: Խոսքերով պարզապես հնարավոր չէ ներկայացնել, ցանկացած վնասվածք եւ կազդուրում դա յուրովի վերանայումն է կատարված, չկատարված աշխատանքների, ճշտի եւ սխալների: Չնայած, որ 28 տարվա գործունեության ընթացքում մենք չենք ունեցել լուրջ վնասվածքներ: Կարծում եմ՝ դա է պրոֆեսիոնալիզմը: Իսկ ինչ վերաբերում է իմ կայացմանը, ապա ամենակարեւոր հատկանիշներն են՝ ազնվությունը, կարգապահությունը, պատասխանատվությունն ու գիտելիքը: Մեր մասնագիտության մեջ թափթփվածությունը, անպատասխանատվությունը, սուտն ու տգիտությունը կբերի լավագույն դեպքում հաշմանդամության:

-Մենք գիտենք, որ Դուք աշխատել եք ավելի քան 75 տարբեր նախագծերում: Որո՞նք են վերջին շրջանում կատարած Ձեր աշխատանքները:

-Եզրափակող մեկ տարվա ընթացքում աշխատել ենք հնդկական «Օմ», հայկական «Կոռուպցիա 2 եւ «Օ Թ.Թ.Կ» գեղ. ֆիլմերում եւ մեկ գովազդային տեսահոլոավակում: Շուտով կսկսենք աշխատանքները արտերկրյա պատմական, դոկումնետալ-խաղարկային եւ արտերկրյա գործընկերների աջակցությամբ, ռեժիսոր Հովհաննես Գալստյանի ֆիլմում:

-Իսկ Հայաստանում կա՞ արդյոք կասկադյորական դպրոց:

-Կասկադյորական պրոֆեսիոնալ դպրոցը Հայաստանում մոտակա 50 տարում անհնար է պատկերացնել, քանզի կապված է շատ մեծ ֆինանսների հետ: Սակայն մեր կազմակերպությունում անցկացնում ենք դասընթացներ, ընդգրկված տարբեր առարկաներով կապված մեր մասնագիտության հետ: Ուսանողները հանձնում են քննություններ, որից հետո սկսում է ամենագլխավոր փուլը՝ նկարահանման հրապարակում: Սուրը կռում են դարբնոցում, սակայն նա իրեն դրսեւորում է մարտում: Ես նաեւ դասավանդել եմ Կինոյի եւ թատրոնի պետական ինստիտուտում բեմական շարժման ամբիոնում՝ ուսանողներիս տալով նախնական կասկադյորական գիտելիքներ եւ հմտություններ:

-Մենք գիտենք, որ Դուք Հայաստանում միակ պրոֆեսիոնալ հնարքների բեմադրողն եք եւ չունեք դերասանական կրթություն, սակայն բազմաթիվ ֆիլմերում հանդես եք եկել դերասանական խաղով, անգամ գլխավոր դերում: Ի՞նչ է կինոն Ձեզ համար:

-Այո՛, ես միշտ ասել եմ դերասան չեմ, չնայած, նրան բոլոր իմ ռեժիսոր ընկերները հակադարձում են ինձ: Երեւի թե ստացվում է: Իսկ, թե ի՞նչ է կինոն, ես չեմ կարող այդ մասին այսպես խոսել: Մեկ օր երեւի հիշողություններիս գրքում կգրեմ դրա մասին, բայց դա շուտ չի լինի:

-Եվ վերջում ո՞վ է Արմեն Պետրոսյանը:

-Ես էլ մեկ օր այդ հարցրեցի նրան, ասաց, որ ինքն էլ իրենից գլուխ չի հանում:

Զրուցեց Լիդա Եղիազարյանը




Լրահոս