ՄԻԱՅՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանը երկու շաբաթ գտնվել է Բերձորում, փորձել ինքնապաշտպանություն կազմակերպել եւ Երեւան է վերադարձել միայն օգոստոսի 21-ին: ArmLur.am-ի հետ զրույցում նա անդրադարձավ իր նախաձեռնությանը, չհաջողելու պատճառներին եւ ներկա իրավիճակին:

 

Սուրեն Պետրոսյանի խոսքով՝ խնդիրն այն  է, որ այժմ ընդդիմադիր ուժերը միայն հայտարարություններ են անում, բայց ոչ՝ գործ. «Անխտիր բոլորն անում են կոչ ու դատապարտող հայտարարություններ, բայց մենք մինչեւ այսօր չհասկացանք, որ խնդիրը Երեւանում արդեն չի լուծվում: Երկու տարի ժամանակ ունեինք. լուծվե՞ց Երեւանում խնդիրը, թե՞ չլուծվեց» , – նկատում է նա:

Կուսակցության ղեկավարը նշում է՝ վերջին օրերին Աղավնո են այցելած եղել բազմաթիվ պատգամավորներ թե՛ Արցախի խորհրդարանի, թե՛ Հայաստանի ընդդիմադիր խմբակցություններից, սակայն նրա առաջարկին չեն հետեւել. «Ես ամենայն պատասխանատվությամբ ասում եմ՝ իշխանության եւ ընդդիմության համատեղ ջանքերով համակարգված ձեւով Արցախը հանձնվում է»:

Սուրեն Պետրոսյանը զարմացած է, որ հայաստանյան ընդդիմադիր դաշտի ներկայացուցիչների կողմից աջակցություն չի ստացել: «Ցավոք, որեւէ մեկի կողմից չեղավ որեւէ արձագանք, շատերը եկան, գնացին, սակայն չարձագանքեցին, չասացին՝ ինչ կազմակերպել ենք, արկածախնդրություն է եւ այլն», – շարունակում է նա:

Աղավնոյում երկու շաբաթ մնացած Սուրեն Պետրոսյանը նշում է՝ բոլորը գնացին եւ ետ չվերադարձան: «Իշխանությունը եւ ընդդիմությունը համակարգված ձեւով հանձնում է Արցախը: Ընդդիրմութունն ասում է, թե Արցախը համակարգային արժեք է, սակայն ոչինչ չեն անում, եւ միայն խոսքեր են», – եզրափակեց նա:

Հավելենք, որ երեկ  կայացել է Արցախի խորհրդարանական հինգ ուժերի ղեկավարների հանդիպումը Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի ղեկավարության հետ։

Ինչպես նշված է Արցախի խորհրդարանի հաղորդագրությունում, «վերջին օրերին տարբեր լրատվամիջոցներով տարածվել է, որ ԱՀ Ազգային ժողովի խմբակցությունները դիմել են Արցախում տեղակայված ՌԴ խաղաղապահ ուժերի ղեկավարությանը հանդիպելու նպատակով. հանդիպման շարժառիթը ՀՀ-ում ՌԴ դեսպանորդ-խորհրդական Մաքսիմ Սելեզնյովի՝ վերջերս արված հայտարարությունն էր, ինչպես նաեւ օգոստոսի սկզբին Ադրբեջանի կողմից հրադադարի հերթական խախտումն ու անվտանգային հարցերը»։

Առավոտյան տեղի ունեցած հանդիպման ընթացքում վերոնշյալ հարցերի շուրջ ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատուների կողմից տրվել են պարզաբանումներ։ Մասնավորապես, ըստ հաղորդագրության, հղում կատարելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը, «նշվել է, որ նոր երթուղին ունենալու է նույն միջանցքի կարգավիճակը, եւ պահպանվելու են բոլոր անվտանգային բաղադրիչները՝ սկսած 5 կմ-ոց անվտանգային գոտուց մինչեւ ՌԴ խաղաղապահ ուժերի անցակետերի տեղակայում»։

«Անդրադառնալով վերջին իրադարձություններին՝ ՌԴ խաղաղապահ զորակազմի ղեկավար անձնակազմը նշել է, որ, օգոստոսյան դեպքերի հետ կապված, կատարել են անհրաժեշտ եզրահանգումներ, միաժամանակ վստահեցրել են, որ լրացուցիչ ջանքեր կգործադրեն ապագայում նմանօրինակ խախտումները կանխելու եւ մեր բնակչության պատշաճ անվտանգությունը ապահովելու համար»,- ասված է Արցախի խորհրդարանի հաղորդագրությունում:

Հայաստանում Ռուսաստանի դեսպանորդ-խորհրդական Մաքսիմ Սելեզնյովը մոտ մեկ շաբաթ առաջ «Ազատության» հետ զրույցում վստահեցրել էր, որ ռուս խաղաղապահները «ոչ մի սանտիմետր չեն տեղաշարժվի Լաչինի գործող միջանցքից, քանի դեռ նոր ճանապարհը չի շահագործվել»:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

ԲԱՑՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն Ասկերանի շրջանի Խանցք համայնքում մասնակցել է «Ապագա սերունդներ» բարեգործական հիմնադրամի միջոցներով կառուցված մանկապատանեկան մարզահրապարակի բացման հանդիսավոր արարողությանը: Երկրի ղեկավարն այցելել է նաեւ Խանցքի Սուրբ Հովհաննես եկեղեցի:

 

 

 

ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏ

Երեկ ընթացել է ՀՀ առաջին գումարման Գերագույն խորհրդի խորհրդանշական նիստը: Այն կազմակերպել է Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը: Նա ներկայացրեց այն կազմակերպչական խնդիրները, որոնց նա հանդիպել է այս ընթացքում: Նա փորձել է հանդիպել նաեւ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին, սակայն չի ստացվել:

 

 

ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐ

Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման եւ սահմանային անվտանգության հարցերի հանձնաժողովների հանդիպումը նախատեսված է մինչեւ օգոստոսի վերջ Մոսկվայում: Այս մասին  հայտնել են  ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից՝ հավելելով, որ  ձեւավորված հարցերի առանձին օրակարգ այս պահին որոշված չէ:

 

 

 

ՄԻԱՆՎԱԳ ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ

Արցախի Հանրապետության կառավարության համապատասխան որոշման համաձայն՝ սեպտեմբերի 1-ի՝ Գիտելիքի եւ դպրության օրվա կապակցությամբ Արցախի Հանրապետության պաշտպանության ժամանակ մարտական գործողություններին մասնակցելու հետեւանքով, ինչպես նաեւ ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ զոհված (մահացած) զինծառայողների նպաստառու երեխաներին հատկացվող միանվագ՝ 30 հազար ՀՀ դրամի չափով տրամադրվող դրամական օգնությունների վճարման գործընթացը սկսված է: Դրամական օգնությունը ստանալու համար անհրաժեշտ է ներկայանալ «Արցախբանկ» ՓԲԸ-ի մասնաճյուղեր անձնագրով կամ անձը հաստատող այլ փաստաթղթով:

 

 

 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑ

ՀՀ վարչապետը Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 25-ին  աշխատանքային այցով կմեկնի Ղրղզստանի Հանրապետություն՝ մասնակցելու Եվրասիական տնտեսական միության միջկառավարական խորհրդի հերթական նիստին: Այս մասին հայտնեցին վարչապետի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից:

 

 

 

ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՈՇԵՑ

Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների դատախազության ավագ դատախազ, ԱԺ նախկին պատգամավոր Գեւորգ Պետրոսյանի եղբոր՝ Էդգար Պետրոսյանի եւ պարեկների միջադեպի գործով դատախազությունը ուշագրավ որոշում է կայացրել, ինչով պայմանավորված՝ այս պահին պարեկն իր փաստաբանի հետ ներկայացել է ՀՀ քննչական կոմիտե: Դատելով իրավիճակից՝ դատախազությունը պարեկի գործողություններին հակառակ որոշում է կայացրել, ինչը պատճառ է հանդիսացել, որ նրանք ներկայանան ՀՀ քննչական կոմիտե: Իսկ թե ինչ տեղի կունենա կոմիտեում, հետեւենք զարգացումներին:

«Ժողովուրդ» օրաթերթը հրապարակել էր, որ պարեկներն ու դատախազը վերջերս առերես հարցաքննվել են, եւ ամեն մեկն իր խոսքն է առաջ տարել: Հիմա գնդակը Քննչական կոմիտեի դաշտում է: Մեզ հասած լուրերի համաձայն՝ այս պահին նախաքննական մարմինը հակված է մեղադրանք առաջադրել պարեկին: Ինչպես հայտնի է, հուլիսի 8-ին նախկին պատգամավորի դատախազ եղբայրը՝ Էդգար Պետրոսյանը, պարեկների հետ բախվել էր: Պարեկները պնդում են, որ դատախազը հայհոյանքներ է հնչեցրել, բռնություն է կիրառել, այդ պատճառով են իրենք դատախազին բռնությամբ ձերբակալել: Համացանցում տարածվեց տեսանյութ, որտեղ Էդգար Պետրոսյանը, իր տան բակում կանգնած, զրուցում է, եւ պարեկները, արցունքաբեր գազ կիրառելով, նրան ձերբակալում են, իսկ ավելի ուշ՝ ազատ արձակում: Այս դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել, եւ գործը հասել է մեղադրանքի փուլին։

 

 

 

ՈՒՇԱԳՐԱՎ ԴԵՊՔ

Երեկ՝ օգոստոսի 23-ին, ուշագրավ դեպք է տեղի ունեցել Աջափնյակ վարչական շրջանում: Բաշինջաղյան փողոցի 1 նրբանցքի հասցեի բնակիչներից մեկը զանգել է իրավապահներին եւ հայտնել, որ հայրը՝ Ա. Վ.-ն, դուրս է եկել տանից, եւ որեւէ տեղեկություն չունեն նրա մասին:

Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ նա իրավապահներին հայտնել է, որ հայրը գտնվում է դեպրեսիվ վիճակում ու տանը թողել է գրություն: Ավելի ուշ իրավապահները մեկնել են դեպքի վայր եւ հայտնաբերել են շենքի դիմաց գտնվող ավտոտնակում Ա.Վ.-ի դին՝ պարանով կախված:

 

 

 

ՍՊԱՆԵԼ ԵՆ ԵՎ ԱՅՐԵԼ

ArmLur.am-ը գրել էր, որ երկու օր առաջ ուշագրավ դեպք էր եղել Տավուշի մարզի Իջեւան քաղաքում: Իջեւան քաղաքի ճանապարհի եզրին՝ դաշտի մեջ, գտել են 1999թ.-ի ծնված տղամարդու այրված դի: Պարզվել է, որ այրված անձը Ս. Ղազարյանն է:

Երեկ այս առեղծվածային դեպքով արդեն իրավապահները դուրս են եկել հետքի վրա: Նախնական վարկածով՝ երիտասարդ տղային սպանել են եւ այրել: Ավելին՝ անգամ ենթադրյալ այս գործողությունները կատարելու կասկածանքով կա ձերբակալված անձ: Ի դեպ, ըստ մեզ հասած տեղեկությունների՝ նախնական վարկածով երիտասարդ տղային սպանել են ու այրել պարտք ու պահանջի հետ կապված առաջացած տարաձայնությունների հետեւանքով:

 

 




Լրահոս