ՂԵԿԱՎԱՐՆԵՐԸ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԿՈՒՆԵՆԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 31-ին Բրյուսելում կհանդիպեն Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները։

 

Կառավարության լրատվական ծառայությունից հաստատեցին սպասվող հանդիպման լուրը։

Փաշինյանի եւ Ալիեւի սպասվող հանդիպման մասին երեկ առաջինը հայտնեցին ադրբեջանական լրատվամիջոցները։

Ավելի ուշ Հայաստանի կառավարությունից պարզաբանեցին՝ Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիեւը քննարկելու են այն հարցերը, որոնք եղել են նախորդ հանդիպման օրակարգում: Այլ մանրամասներ պաշտոնյաները չեն նշում:

Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների նախորդ հանդիպումը եւս կայացել է Բրյուսելում երեք ամիս առաջ՝ մայիսի 22-ին, Եվրամիության խորհրդի նախագահի նախաձեռնությամբ:

Փաշինյանն ու Ալիեւը այն ժամանակ պայմանավորվել էին սահմանազատման ու սահմանագծման հանձնաժողովների հանդիպում կազմակերպել: Հաջորդ օրը Երեւանն ու Բաքուն գրեթե միաժամանակ հրապարակեցին սահմանազատման եւ սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների կազմը: Մեկ օր անց դրանց ղեկավարները՝ Հայաստանի ու Ադրբեջանի փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաեւն առաջին անգամ հանդիպեցին սահմանին՝ Երասխի ուղղությամբ: Քննարկել էին կազմակերպչական հարցեր ու պայմանավորվել երկրորդ հանդիպումն անցկացնել Մոսկվայում: Դա տեղի կունենա օգոստոսի 30-ին. «Ազատությանը» փոխանցեցին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից:

Հանձնաժողովների ղեկավարների մոսկովյան հանդիպումից մեկ օր անց Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները կմեկնեն Բրյուսել:

Սա Մհեր Գրիգորյանի եւ Շահին Մուստաֆաեւի ղեկավարած հանձնաժողովների երկրորդ հանդիպումն է։

Գրիգորյանն ու Մուստաֆաեւն առաջին անգամ հանդիպել են մայիսի 24-ին։ Փաշինյան-Ալիեւ մայիսի 22-ի բրյուսելյան բանակցություններից հետո հայտարարվեց Հայաստանում եւ Ադրբեջանում սահմանազատման եւ սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովներ ստեղծելու մասին։ Մեկ օր անց Երեւանն ու Բաքուն գրեթե միաժամանակ հրապարակեցին հանձնաժողովների կազմը։ Ե՛վ Հայաստանի, եւ՛ Ադրբեջանի պարագայում հանձնաժողովները գլխավորում են փոխվարչապետերը՝ Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաեւը, որոնք նաեւ տրանսպորտային ապաշրջափակման եռակողմ՝ հայադրբեջանառուսական հանձնաժողովների անդամներ են։

Հայաստանի եւ Ադրբեջանի փոխվարչապետերի առաջին հանդիպումը տեղի ունեցավ Երասխ բնակավայրի ուղղությամբ Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության Նախիջեւանի սահմանին։ Նրանք վերահաստատեցին իրենց պատրաստակամությունը` հանձնաժողովների շրջանակներում աշխատանքներ տանելու սահմանազատման եւ այլ համապատասխան հարցերի, այդ թվում՝ սահմանային անվտանգության ապահովման հարցերի շուրջ։ Հայաստանի եւ Ադրբեջանի փոխվարչապետերը նաեւ պայմանավորվեցին երկրորդ հանդիպումն անցկացնել Մոսկվայում, երրորդը՝ Բրյուսելում։

Սահմանզատման ու սահմանագծման հարցերով հանձնաժողովների երկրորդ հանդիպմանը կհաջորդի օգոստոսի 31-ին Բրյուսելում Փաշինյան-Ալիեւ հանդիպումը։

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

ՆՈՐ ԴԵՍՊԱՆ՝ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ

ՀՀ նախագահի հրամանագրով՝ Ռուբեն Սադոյանը հետ է կանչվել Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպանի պաշտոնից: Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաեւ «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի՝ Ռուբեն Սադոյանին հետ են կանչել Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպանի պաշտոնից:

Նախագահի մեկ այլ հրամանագրով՝ այդ պաշտոնում նշանակվել է Աշոտ Սմբատյանը: Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաեւ «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի՝ Աշոտ Սմբատյանին նշանակել  են Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան (նստավայրը՝ Թբիլիսի)։

 

 

 

 

ՍԱՀՄԱՆԻ ՀԱՐՑԵՐՈՎ

Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հերթական հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 31-ին Բրյուսելում։ Այս մասին հայտնեցին Կառավարության  լրատվական ծառայությունից։ Հանդիպման օրակարգի վերաբերյալ մանրամասներ չեն հաղորդվում։

Նախորդ անգամ Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիեւը հանդիպել էին Բրյուսելում մայիսի 22-ին՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ։ Այդ հանդիպման արդյունքում կողմերը համաձայնել էին ստեղծել Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ պետական սահմանի սահմանազատման եւ սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովներ։

Հայաստանի եւ Ադրբեջանի փոխվարչապետերի` Մհեր Գրիգորյանի եւ Շահին Մուստաֆաեւի առաջին հանդիպումը տեղի էր ունեցել մայիսի 24-ին Հայաստանի եւ Ադրբեջանի միջպետական սահմանին՝ Երասխում։ Երկրորդ հանդիպումը նախատեսված է օգոստոսի 30-ին Մոսկվայում։

 

 

 

ՀՈՒՇԱՐՁԱՆ ԿՏԵՂԱԴՐՎԻ

Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Բերձորում (Լաչին) հուշարձան կտեղադրվի, որը կոչված է «վախեցնելու» հայերին։ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։ Ըստ տեղեկությունների՝ «Երկաթե բռունցք» հուշարձանը հասցվել է քաղաք։ Այն կտեղադրվի քաղաքի կենտրոնում։ «Երկաթե բռունցքն» Ադրբեջանում գլխավոր գործողություններից մեկն էր Հայաստանի եւ Արցախի Հանրապետության դեմ 44-օրյա պատերազմում։

 

 

 

ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄ՝ ԱԺ-ՈՒՄ

Ազգային ժողովի նիստերի դահլիճում վերանոգորման աշխատանքներն են: ArmLur.am-ը տեղեկացավ, որ երկրի թիվ մեկ դահլիճի գորգերն են նորացվում: Մեր տեսախցիկը ֆիքսեց, որ Ազգային ժողովի աշխատակազմի նախաձեռնությամբ դահլիճի հին գորգերը փոխարինվում են նորերով: ArmLur.am-ի հարցին, թե ինչքան են արժեցել նոր գորգերը, ու ինչու է հենց հիմա որոշվել փոխարինել դրանք, Ազգային ժողովից հստակ պատասխան չտվեցին՝ հորդորելով գրավոր հարցում ուղարկել: Իհարկե, կուղարկենք. թերեւս ընդդիմադիր խոսքից զրկված, միայն իշխանությունների տեսակետները ներկայացնելու հարթակ դարձած խորհրդարանը նոր շնչով է պատրաստվում աշնանային նստաշրջանին:

 

 

 

ԵՐԵՍԸ ՊԱՏՌԵԼՈՒ ՄՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Երեւանի նախկին քաղաքապետ, կատակերգակ դերասան Հայկ Մարությանն առաջիկայում նոր շոու կմատուցի մարդականց: Մամուլում ավելի վաղ էր տեղեկություն տարածվել այն մասին, որ Նիկոլ Փաշինյանի երբեմնի սիրելին պատրաստվում է մոնոներկայացմամբ (Stand Up) հանդես գալ: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ներկայացման ժամանակ Հայկ Մարությանը օգտագործելու է Նիկոլ Փաշինյանի ու կառավարական կաբինետի այլ անդամների՝ իրեն ուղարկված ձայնային հաղորդագրությունները (voice message): «Այդ հաղորդագրություններում այնպիսի դրվագներ կան, որտեղ Մարությանին կառավարվական կաբինետից հրահանգ կամ ոոշումներ են իջեցվում, թե այս կամ այն հարցի հետ ինչպես վարվի, կամ ինչ ելույթ ունենա. դրանք կհնչեն դահլիճում»,- ասաց մեր զրուցակիցը: Մարությանի կարծիքը, իհարկե, նույնպես փորձեցինք լսել, բայց իր գրասենյակի հեռախոսահամարն անհասանելի էր, իսկ տեղեկատվություն ստանալու մեր հարցմանն այդպես էլ պատասխան չեղավ:

«Ժողովուրդ» օարթերթը տեղեկացավ, որ Մարությանի այս՝ «ձայնային հաղորդագրություններով» իշխանավորների երեսը պատռելու մտադրության մասին գործադրի անդամներին շշուկներ են հասել, ինչից հետո նրանք նախկին քաղաքապետին լռեցնելու ազդակներ են հղում: Ու բնավ պատահական չէ, որ Պետական վերահսկողական ծառայությունն օրերս քաղաքապետարանի մասով «աղմկոտ» բացահայտումներ է արել: Խոսքն, ի դեպ, Հայկ Մարությանի կառավարման՝ 2018-ից ի վեր ընկած ժամանակահատվածի մասին է: Ըստ այդմ՝ քաղաքապետարանում 8.5 մլրդի խախտումներ են հայտնաբերվել, ինչպես նաեւ մայրաքաղաքը զրկվել է ավելի քան 6 մլրդ դրամի հավելյալ եկամուտ ունենալուց: Ընտրություններից մեկ տարի առաջ երբեմնի սիրելի «սուպերքաղաքապետին» ՔՊ-ն սկսել է հարվածել, որի կառավարման շրջանում մայրաքաղաքի եւ որեւէ մի ոլորտում դրական շոշափելի տեղաշարժ այդպես էլ չգրանցվեց: Չի բացառվում՝ վերջին պահին նա այդ ձայնային հաղորդագրությունները չօգտագործի՝ հաշվի առնելով իր շուրջ սեղմվող օղակը:




Լրահոս