ՍԻՍԻԱՆՈՒՄ ՆՈՐ ԿՐՔԵՐ ԵՆ ՀԱՍՈՒՆԱՆՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուշագրավ զարգացումներ՝ Սիսիան քաղաքի ոստիկանապետի տեղակալ Գարիկ Մուրադյանի դեմ հարուցված քրեական գործով: ԱԱԾ-ի բացահայտումից մեկ տարի անց Սիսիանի ոստիկանապետի տեղակալ Գարիկ Մուրադյանը դատարանում արդարացվել է: Ի դեպ, ըստ մարզում տարածված լուրերի՝ արդարացված Գարիկ Մուրադյանը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Կարեն Համբարձումյանի աջակցությունը միշտ ունեցել է: Լուրեր կան, որ նրա արդարացումը պատահական չէ. առաջիկայում ամեն ինչ անելու են՝ նրան նշանակեն Սիսիանի ոստիկանապետ, ինչը մարզում մեծ աղմուկի պատճառ կդառնա: Ստացվում է, որ ՔՊ-ի ցանկալի մարդիկ ուժային կառույցների բացահայտումները ոտնատակ են տալիս եւ դատարաններում արդարացվում են, ավելին՝ նոր պաշտոնների հավակնություններ ունեն:

 

Հիշեցնենք, որ 2021 թվականի ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնտեսական անվտանգության, կոռուպցիայի հակազդման դեպարտամենտի եւ Սյունիքի մարզային վարչության աշխատակիցները, հետեւողական պայքար տանելով կոռուպցիոն երեւույթների դեմ, համագործակցելով ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի եւ ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիոն եւ տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչության աշխատակիցների հետ, բացահայտել են ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Սիսիանի ոստիկանության բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալի եւ ոստիկանության նույն բաժնի այլ աշխատակիցների կողմից խարդախությամբ ուրիշի՝ առանձնապես խոշոր չափերի գույքը հափշտակելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ պաշտոնեական լիազորությունները անցնելու դեպքեր:

Այսպես, ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Սիսիանի բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Գարիկ Մուրադյանը, ոստիկանության նույն բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչներ Ա.Բ.-ի եւ Գ.Հ.-ի հետ նախնական համաձայնությամբ, 2020 թվականի դեկտեմբերի 14-ից մինչեւ 2021 թվականի մարտի 24-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում քաղաքացի Հ.Գ.-ի անասնագոմերից կատարված հափշտակությունների, ինքնիրավչությունների եւ այլնի վերաբերյալ համապատասխան հաղորդումներ չեն ընդունել, կատարված հանցագործությունների դեպքերը պատշաճ կարգով չեն հաշվառել, փոխարենը, չունենալով իրավական ակտերով նախատեսված որեւէ լիազորություն, ձեռնամուխ են եղել կողմերի միջեւ առաջացած վեճն օրենսդրությամբ չնախատեսված կարգով լուծելուն՝ այդկերպ ակնհայտորեն դուրս գալով իրենց լիազորությունների շրջանակից:

Մասնավորապես՝ նշված պաշտոնատար անձինք, փաստացի ստանձնելով նախկին անասնատերերի իրավունքների պաշտպանությունը, արտադատական կարգով լուծել են կողմերի միջեւ ծագած վեճերը, որից հետո Հ.Գ.-ից նյութական օգուտներ ստանալու շահադիտական դրդումներով՝ ձեռնամուխ են եղել նրան ունեզրկելու, առանձնապես խոշոր չափերի գույք հափշտակելու գործընթացի իրականացմանը, որի համար տարբեր պատրվակներով տուժողից ստացել են առանձնապես խոշոր չափի՝ 2.550.000 ՀՀ դրամ գումար, 1.000.000 ՀՀ դրամ արժողությամբ ավտոմեքենա, որոնք խարդախության եղանակով հափշտակել են:

Ավելին՝ անասնագողության դեպքերն իբր բացահայտելու պատրվակով նրանք անասնագոմի տարածքից հանել են ընդհանուր 2.500.000 ՀՀ դրամ արժողությամբ, տուժողին պատկանող տեսախցիկները եւ դրանց բաղկացուցիչ սարքերը, որից հետո հրաժարվել են դրանք վերադարձնել սեփականատիրոջը:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ԼՐՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ ԶՈՐԱՄԱՍԵՐՈՒՄ

Տեւական ժամանակ  է, ինչ ՀՀ ԱԱԾ-ն պաշտոնական հաղորդագրություն է տարածում, որ  հայերեն լեզվին ազատորեն տիրապետող  օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցիչները  ծանոթություններ են հաստատել ՀՀ զինված ուժերում տարբեր պաշտոններ զբաղեցնող անձանց հետ՝ հնարավորություն ունենալով համացանցային ծանոթությունները վերածել մտերիմ հարաբերությունների, իսկ այնուհետ նաեւ առաջարկել գումարի դիմաց համագործակցել իրենց հետ եւ տրամադրել ռազմական բնագավառին վերաբերող տեղեկություններ, մասնավորապես՝ ՀՀ զինված ուժերի տարբեր զորամասերի տեղակայման վայրերի, անձնակազմի, զենքի, զինամթերքի, զինտեխնիկայի քանակի եւ տեսակի, զորամասերի եւ դրանց հրամանատարական կազմի, պաշտպանական շրջանների, ինժեներական կառույցների, սարքավորումների եւ այլնի վերաբերյալ:

Նշված եղանակով լրտեսական գործունեություն իրականացրած անձինք գործակալական ցանցում ներգրավել են շուրջ երկու տասնյակ ՀՀ քաղաքացիների, որոնք ՀՀ զինված ուժերում զբաղեցրել են տարբեր պաշտոններ եւ ի պաշտոնե հնարավորություն են ունեցել առնչվելու պետական ու ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների եւ փաստաթղթերի հետ:

Հիշյալ զինծառայողները տվել են իրենց համաձայնությունը եւ գումարի դիմաց բջջային տարբեր հավելվածների միջոցով օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցիչներին մաս-մաս փոխանցել են ծառայության բերումով  իրենց հասանելի դարձած կամ օտարերկրյա հատուկ ծառայության ներկայացուցիչների  պահանջով հավաքած ռազմական կամ այլ բնույթի տեղեկությունները, ի վնաս Հայաստանի Հանրապետության՝ կատարել դավաճանական գործողություններ:

Մեզ հասած եղեկություների համաձայն՝ Արթուր Սարդարյանը Ազգային անվտանգության ծառայության կողմից 2021 թվականին պետական դավաճանության  մեադրանքով կալանավորվել էր, եւ նրա   դեմ հարուցված քրեական գործը ուղարկվել է դատարան: Դատարանը, հաշվի առնելով պետական գաղտնիքի գործոնը, դատական տեղակատվական համակարգում  փակել է քրեական  գործը, եւ այն հասանելի չէ ոչ ոքի: Սակայն, ըստ մեզ հասած տեղեկությունների, պետական դավաճանության համար մեղադրվող Արթուր Սարդարյանը դատարանի որոշմամբ  արդարացվել է: Ստացվում է, որ նախաքննական մարմինը մեծ աղմուկ է  բարձրացնում, թե պետական դավաճանության արդյունքում զինվորականները թշնամուն տեղեկություններ են տվել, սակայն մարդիկ դատարանում արդարացվում են,  եւ դեռ ավելին՝  խախտում են անձի անմեղության կանխավարկածը:

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

16 ԽԱԽՏՈՒՄՆԵՐ

«Սուրմալու» առեւտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ նախաձեռնված վարույթով քննությունը շարունակվում է: Քրեական գործի շրջանակում Երեւան քաղաքի դատախազ Սեւակ Հովհաննիսյանը միջնորդագրեր է ուղարկել ՀՀ քաղաքաշինության տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարին՝ հանցանքի կատարմանը նպաստող հանգամանքները պարզելու եւ վերացնելու ուղղությամբ: Ստուգման արդյունքներով՝ օբյեկտում հայտնաբերվել են տեխնիկական եւ հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների 16 խախտումներ, եւ արձանագրվել դրանց վերացման ժամկետները: Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը ավելի վաղ հայտնել է, որ դեռեւս 2021 թվականին փաստաբան Տիգրան Մուրադյանն է այս հարցը բարձրացրել, միջնորդություն է ներկայացրել Երեւան քաղաքի դատախազ Սեւակ Հովհաննիսյանին, սակայն վերջինս անուշադրության է մատնել միջնորդությունը: Եվ, ահա, միայն 1 տարի անց, երբ տեղի ունեցավ «Սուրմալու»-ի ողբերգական դեպքը, դատախազ Սեւակ Հովհաննիսյանը որոշեց տեղից շարժվել:

 

 

 

ՈՂԲԵՐԳԱԿԱՆ ՊԱՏԱՀԱՐ

Օգոստոսի 25-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 00։40-ի սահմանում Mercedes մակնիշի ավտոմեքենան Ավշար գյուղի Խորենացի փողոցում դուրս է եկել հանդիպակաց երթեւեկելի գոտի եւ նշված փողոցի 24 հասցեի դիմաց վրաերթի ենթարկել Ավշար գյուղի բնակիչ 44-ամյա Ռուբիկ Անդրեասյանին։ Վրաերթի ենթարկվածը, որը մի քանի մետր շպրտվել ու հայտնվել է հարեւանի տան բակում, տեղում մահացել է։ Վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստի։ Mercedes-ը երբ դուրս է եկել հանդիպակաց երթեւեկելի գոտի, բախվել է բազալտե սալիկին, առաջ ընթանալով՝ կոտրել գազատար խողովակի հենասյունն ու բնակչի տան քարե պարիսպը։ Ավտոմեքենան վարել է Արարատի մարզի Ոսկու կորզման ֆաբրիկայի Բանավան թաղամասի բնակիչը՝ 22-ամյա Տ. Թ-ն։ Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ վերջինիս հայտնաբերելու ուղղությամբ։ Դեպքի վայրում հավաքված գյուղացիներն ասում են, որ նշված վայրում հաճախակի են ավտովթարներ լինում, եւ որ բնակիչները բազմիցս դիմել են պատկան մարմիններին, որպեսզի այդ հատվածում, որտեղ կա դպրոց, մանկապարտեզ, տեղադրվի կա՛մ արագաչափ, կա՛մ արհեստական անհարթություններ։

 

 

 

ԴԱՆԱԿԱՀԱՐԵԼ Է 

Էջմիածին քաղաքի Բաղրամյան փողոցի շենքերից մեկի բակում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանության ժամանակ 22-ամյա աղջիկը դանակահարել է 40-ամյա հարեւանին։ Տեղեկությունը հայտնում է ոստիկանությունը։ Տղամարդը որովայնի կտրած-ծակած, թափանցող վնասվածքով տեղափոխվել է բուժկենտրոն։ Ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում 22-ամյա կինը ներկայացել է Վաղարշապատի բաժին եւ խոստովանել արարքը: Նախաձեռնվել է քրեական վարույթ:

 




Լրահոս