Արցախի ՊԲ նախկին հրամանատարը կալանավորվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Միքայել Արզումանյանի նկատմամբ կալանքի միջնորդությունը: Այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում կատարած գրառման միջոցով հայտնել է Արզումանյանի պաշտպան Երեմ Սարգսյանը:

Ավելի վաղ Քննչական կոմիտեն հաղորդագրություն էր տարածել, ըստ որի՝ Միքայել Արզումանյանին մեղադրանք է առաջադրվել զինվորական պաշտոնեական անփութության համար:

Ըստ հաղորդագրության՝ իրականացված մեծածավալ քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել է, որ գեներալ-լեյտենանտը պատերազմի ընթացքում, հայտարարված ռազմական դրության պայմաններում՝ 2020 թվականի հոկտեմբերի 30-ից մինչև նոյեմբերի 9-ը, Շուշի քաղաքի և հարակից շրջանների պաշտպանության կազմակերպման ընթացքում անփույթ վերաբերմունք է դրսևորել իր ծառայողական պարտականությունների նկատմամբ՝ չկատարելով և ոչ պատշաճ կատարելով դրանք, որպիսի գործողություններն անզգուշությամբ առաջացրել են ծանր հետևանքներ. հակառակորդի զինված ուժերն ամբողջությամբ իրենց վերահսկողության տակ են վերցրել Շուշի քաղաքը և մատույցները, յուրային ստորաբաժանումները կրել են զոհեր և վիրավորներ։




Լրահոս