Երեկ Բրյուսելում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպման մասին այսօր կառավարության նիստում խոսեց Նիկո Փաշինյանը՝ ասելով, թե քննարկումը ծավալուն է եղել, քննարկումը հեշտ չէր:
Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը երեկ Բրյուսելում պայմանավորվել են ԱԳՆ-ների մակարդակով շարունակել բանակցությունները խաղաղության պայմանագրի նախագծի մշակման շուրջ: Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը կհանդիպեն մեկ ամսվա ընթացքում: Սակայն հետաքրքիր է, որ բրյուսելյան հանդիպումից հետո Շառլ Միշելի տարածած հայտարարության մեջ ոչ մի խոսք չկա Արցախի մասին: Ընդ որում, եթե նախորդ հանդիպման հայտարարության մեջ «Լեռնային Ղարաբաղը» դարձել էր «Ղարաբաղ», ապա հիմա ընդհանրապես որեւէ հիշատակում չկա, ինչն ամբողջությամբ կրկին արտահայտում է Բաքվի տեսակետը: Եվ սա այն դեպքում, երբ Հայաստանի վարչապետի աշխատակազմը հայտարարել էր, թե այդ մասին քննարկում եղել է։
Միշելի կողմից տարածված հայտարարության մեջ նշվում է միայն, քննարկումների առանցքում եղել են «վերջին զարգացումները Հարավային Կովկասում», որևէ խոսք չկա նաև Լեռնային Ղարաբաղում վերջին լարվածության մասին, որի հետևանքով զոհեր ու վիրավորներ եղան։