2021թ. մայիսի 21-ին ԱԳՆ մամուլի նախկին քարտուղար Աննա Նաղդալյանը լրագրողների հետ հարցուպատասխանի ընթացքում հայտարարել էր. «Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանների սահմանագծման եւ հետագայում սահմանազատման գործընթացները պետք է մաս կազմեն հակամարտության համապարփակ խաղաղ կարգավորման գործընթացի, որի շրջանակներում առաջնային կերպով պետք է հասցեագրվեն Արցախի Հանրապետության տարածքների դեօկուպացիայի եւ Արցախի վերջնական իրավական կարգավիճակի որոշման հարցերը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո»: Այդ ժամանակ ԱԳ նախարարի պաշտոնը զբաղեցնում էր Արա Այվազյանը, որը հրաժարական տվեց այդ հայտարարությունից մոտ մեկ շաբաթ անց՝ մայիսի 27-ին: Արդեն նույն տարվա նոյեմբերի 18-ին՝ ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում, վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով ՔՊ-ական պատգամավոր Մարիա Կարապետյանի՝ կոմունիկացիաների ապաշրջափակման ուղղությամբ ՌԴ-Հայաստան-Ադրբեջան եռակողմ աշխատանքների մասին հարցին, հայտարարեց, որ սահմանազատման ու սահմանագծման եւ Արցախյան հիմնախնդրի կարգավորման հարցերը միմյանց հետ փոխկապակցված չեն, եւ դրանց ուղղությամբ տարբեր ձեւաչափերում են աշխատում: «Մենք հստակ արձանագրել ենք, որ մեզ համար երեք տարբեր հարցերն իրար հետ փոխկապակցված չեն՝ մասնավորապես՝ տարածաշրջանային կոմունիկացիաների բացում, սահմանների դեմարկացիա եւ դելիմիտացիա եւ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորում: Դրանք տարբեր հարցեր են, եւ այդ հարցերի քննարկման բովանդակությունն ու բանաձեւերը տարբեր են, ինչքան էլ մենք հասկանում ենք, որ դրանք իրար հետ առնչություն ունեն համատեքստի առումով»,-ասել էր Փաշինյանը: Ստացվում է՝ վարչապետն ԱԳՆ-ին ամբողջությամբ հակասող դիրքորոշում է հայտնել սահմանազատման եւ սահմանագծման գործընթացի ու Արցախյան հիմնախնդրի լուծման վերաբերյալ, հետեւաբար հերթական անգամ մանիպուլացրել է հասարակությանը:
Սեւանի ափամերձ հատվածներում կառուցված ապօրինի շենք-շինությունները քանդելու խոստում գրեթե բոլոր իշխանություններն են տալիս: Նմանատիպ խրոխտ ու բոցաշունչ ելույթ շրջակա միջավայրի նախկին նախարար, ներկայումս Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանն էր նաեւ ունենում դեռեւս 2020 թվականին՝ ասելով. «Թույլատրելի կառուցապատման նիշից ցածր հատվածներում կառուցված ապօրինի շենք-շինությունների ընդհանուր քանակն այս պահին շուրջ 3.800 հատ է»: Ըստ տրամաբանության՝ ապօրինի կառուցված ու մոտ 4 հազարի հասնող շենք-շինությունները հերթով, կարգով, շարքով պետք է ապամոնտաժվեին: Այդ առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթը ՇՄ նախարարություն հարցում էր ուղարկել, թե 2 տարվա ընթացքում քանի շինություն է քանդվել: Մեր հարցմանն ի պատասխան՝ տեղեկացրել են, որ ապամոնտաժման աշխատանքեր են կատարվել 2021թ.-ին միայն: «2022-ին դեռեւս ապամոնտաժման աշխատանքներ չեն կատարվել: «Առաջնահերթությունը տրվել է ջրածածկման ենթակա անտառտնկարկների մաքրման աշխատանքներին»,- ասված է նախարարության՝ մեզ տրամադրված պատասխանում: 2021-ին ՇՄ նախարարությունը Սեւանա լճում 4 պարիսպ է քանդել, 9 վագոն-տնակ ու 5 շենք-շինություն ապամոնտաժել: Այս թվերը լավագույնս են խոսում իշխանության՝ Սեւանա լճի մասին տարբեր ժամանակներում արած վերամբարձ հայտարարությունների, այդ թվում՝ ապօրինի շինություններն ապամոնտաժելու մասին: Սեւանի մասին, ի դեպ, նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր բարձրախոսում՝ ասելով. «Սեւանա լիճը պետք է դարձնել բարձրակարգ տուրիստական գոտի: Առաջին պայմաններից մեկը Սեւանն այդ ցանցային ցանկապատերից ազատելն է: Մեկ էլ գնում ես, ափով քայլում ես, տեսնում ես՝ չափար է դրված»: Հայտարարությունից ավելի քան երեք տարի անց, սակայն, տեսնում ենք, որ Սեւանա լճի ափամերձ հատվածների «չափարները» ոչ միայն չեն հանվել, այլեւ նոր «չափարներ» են ավելացել, որ պատսպարում են նորօրյա բիզնեսմենների՝ Սեւանի ափին կառուցվող առանձնատները:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանի դեմ հարուցված քրեական վարույթով մինչ նրան մեղադրանք առաջադրելը վկայի կարգավիճակով հարցաքննվել է նաեւ ԱԺ պատգամավոր, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Սեյրան Օհանյանը հաստատեց տեղեկությունը՝ նշելով. «Իհարկե ինձ էլ են հարցաքննել, եւ ցանկանում եմ ասել, որ ես այտեղ՝ Շուշիում, եղել եմ կամավոր եւ իմ հնարավորության սահմաններում փորձել եմ օգնել, եւ դրա պատասխանատվությունը պետական կառավարման մարմինների եւ ռազմական կառավարման մարմինների վրա է»: Նշենք, որ Միքայել Արզումանյանին մեղադրանք է առաջադրվել Շուշի քաղաքի եւ հարակից շրջանների պաշտպանության կազմակերպման ընթացքում պաշտոնեական անփութություն կատարելու համար։
«Հայփոստ» ընկերությունը շարունակում է անհանգստություն պատճառել ՀՀ քաղաքացիներին։ Ընկերության գործելաոճից տուժածներն անգամ դիմել են պետական կառույցներին։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ «Հայփոստ» ընկերության կողմից տնտեսական մրցակցության բնագավառում իրավախախտման վերաբերյալ վարույթ է հարուցվել։ Վարույթ հարուցող մարմինը Մրցակցության պաշտպանության հանձնաժողովն է։ Մեզ հայտնի դարձավ, որ ՀՀ մի քանի քաղաքացիներ դիմել են հանձնաժողով եւ տեղեկացրել, որ «Հայփոստ»-ի դուստր ձեռնարկությունը՝ «Բեր-Բեր» ընկերությունը, իրենց փաթեթների ճակատագրերը մեկ ամիս է, ինչ օդից կախված է թողել։ Քաղաքացիների պատմելով՝ նշված ընկերությունը օնլայն շոփինգի ոլորտում է դեռեւս 2021 թվականի նոյեմբերից, բայց այդ օրից ի վեր գրեթե ոչ մի փաթեթ չի առաքել ակնկալվող ամսաթվով։ Մի շարք հաճախորդների կարծիքով էլ «Բեր-Բեր» -ը կորցրել է փաթեթները։ Մեկ այլ քաղաքացու էլ ընկերության աշխատակիցները հայտնել են, որ հուլիսի 28-ի դրությամբ փաթեթը Լյուքսեմբուրգում է, այնինչ օրեր առաջ հավաստիացրել էին՝ ամենաուշը հուլիսի 28-ին փաթեթները մուտք կգործեն ՀՀ։ Նշենք, որ «Բեր-Բեր»-ը ՀՀ օդային առաքման համար սահմանում է առավելագույնը տասն աշխատանքային օր, բայց «Բեր-Բեր»-ից տուժող տասնյակ անձինք մեկ ամիս է՝ չունեն ոչ մի հստակ ամսաթիվ, թե բեռները ՀՀ երբ մուտք կգործեն։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ բողոքող քաղաքացիները նշել են, որ դեպքեր կան, երբ հաճախորդների՝ կցված բանկային քարտերից, առանց հաճախորդի թույլտվության, գանձել են գումար փաստացի չիրականացված ծառայությունների համար։ Այս թեմայի շուրջ «Ժողովուրդ» -ը փորձեց մեկնաբանություն ստանալ ընկերությունից, սակայն մեր հեռախոսազանգերն անպատասխան մնացին։