Ադրբեջանի, Հայաստանի եւ Ռուսաստանի ներկայացուցիչներից բաղկացած եռակողմ աշխատանքային խումբը զգալի առաջընթաց է գրանցել Հարավային Կովկասում տրանսպորտային կապերի ապաշրջափակման խնդրի շուրջ պայմանավորվածությունների ձեռքբերման հարցում։
Այդ մասին չորեքշաբթի հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն իրանցի գործընկեր Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։
«Հարավային Կովկասում առեւտրատնտեսական եւ տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցերով զբաղվում է եռակողմ խումբը՝ Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի փոխվարչապետերի մասնակցությամբ։ Այն աշխատում է ռիթմիկ, համաժամանակ. ի դեպ, Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ սահմանազատման վերաբերյալ հանդիպումների առնչությամբ հենց օրերս տեղի ունեցան կանոնավոր շփումներ։ Այս եռակողմ աշխատանքային խումբը, որը ստեղծվել է երեք նախագահների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի որոշմամբ, զգալի առաջընթաց է գրանցել պայմանավորվածությունների ձեռքբերման հարցում։ Հուսով եմ՝ դրանք կձեւակերպվեն շատ մոտ ապագայում։ Ամենակարեւորն այն է, որ այս աշխատանքն իրականացվում է ոչ թե վակուումում, ոչ մեկուսացված, այլ ավելի լայն տրանսպորտային նախագծերի, այդ թվում՝ Հյուսիս-Հարավ միջանցքի նախագծի հետ սերտ համատեղությամբ, որով շահագրգռված են նաեւ մեր իրանցի գործընկերները»,- ասել է Լավրովը:
Լավրովի խոսքով՝ քննարկումը վերաբերել է Ադրբեջանի, Իրանի եւ Ռուսաստանի միջեւ Ռեշտ-Աստարա մայրուղու փոքր երկաթուղային հատվածի վերականգնման շուրջ ընթացող քննարկումներին։
Իր հերթին Աբդոլլահիանը նշել է, որ Իրանն ունի շատ արտոնյալ աշխարհաքաղաքական դիրք։
«Տրանզիտային ուղիների ամրապնդումը, այդ թվում՝ Հյուսիս-Հարավ դիվերսիֆիկացված գծերը, ընկալում ենք որպես այս տարածաշրջանի զարգացման, ինչպես նաեւ պարենային անվտանգության կարեւոր գործոն»,- հավելել է նա։
Իրանի ԱԳ նախարարը նաեւ հայտնել է երկրի պատրաստակամությունը՝ ավարտին հասցնելու Ռեշտ-Աստարա անավարտ հատվածի շինարարությունը։
Նշենք, որ աշխատանքային խումբը, որը գլխավորում են Հայաստանի եւ Ադրբեջանի փոխվարչապետերը, հերթական անգամ հանդիպել էին երեքշաբթի։ «Ժողովուրդ» օրաթերթը իր երեկվա համարում գրել էր որ նրանք արդեն պայմանավորվածություն ունեն հաջորդ հանդիպման մասին, եւ դա տեղի կունենա Բրյուսելում մեկ շաբաթվա ընթացքում։
ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԱՃ
Իրանից արտահանումը Հայաստան ընթացիկ տարվա 4 ամսում (2022թ. մարտի կեսերից հուլիսի կեսեր) կազմել է մոտ 115 միլիոն դոլար, ինչը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 20%-ով։ Այս մասին ասել է Իրանի առեւտրի զարգացման կազմակերպության Կենտրոնական Ասիայի, Կովկասի եւ Ռուսաստանի գլխավոր տնօրեն Ռահմաթոլլահ Խարմալին։
Նա ընդգծել է, որ Հայաստանը իրանական ապրանքների համար մուտքի դարպաս է ԵԱՏՄ շուկա։ Իրանից Հայաստան են արտահանվում այնպիսի ապրանքներ, ինչպես ամրաններ, բիտում, պողպատ, սննդամթերք, նավթաքիմիական արտադրանք, շինարարական ապրանքներ:
Խարմալին հավելել է, որ Հայաստանում առաջիկա ամիսներին շահագործման կհանձնվի 2 հա տարածք զբաղեցնող Իրանի առեւտրի կենտրոնը:
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԻՐԱԿԱՆԱՑՎԵՆ
Երեւանում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ սեպտեմբերի 3-ից երթեւեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Ծովակալ Իսակովի պողոտայում՝ ՀՀ ոստիկանության ներքին զորքերի զորամասի հարակից ճանապարահատվածում: Քաղաքապետարանից հայտնում են, որ, մասնավորապես, հետադարձի համար նախատեսված երթեւեկելի գոտին կփոխարինվի ուղիղ երթեւեկությամբ գոտիով: Միաժամանակ ճանապարհահատվածում կտեղադրվեն համապատասխան ճանապարհային նշաններ:
ԱԶԱՏՎԵԼ Է ՊԱՇՏՈՆԻՑ
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրամանով՝ օգոստոսի 25-ին պաշտոնից ազատվել է «Լեռնային Հայաստան» հանգստյան տուն-առողջարանի տնօրեն Կորյուն Եղիազարյանը։ Այս մասին հայտնել է Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։ Եղիազարյանը պաշտոնից ազատվել է՝ իր դիմումի համաձայն, երկարամյա կենսաթոշակի հիմքով:
ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԴԵՊՔ
Armlur.am-ին երեկ մանրամասներ են հայտնի դարձել Արմավիր-Երեւան ճանապարհին սեփական մեքենայի մեջ ինքնասպան եղած տղամարդու դեպքից: Դեպքից հետո իրավապահները վերջինիս հարազատներին են հարցաքննել: Մեզ հասած լուրերի համաձայն՝ մահացածի կինը եւ հայրը հայտնել են, որ ունեցել է մեծ պարտքեր, ու միգուցե դա է պատճառը, որ գնացել է այդ քայլին:
Հիշեցնենք, որ ArmLur.am-ի բացառիկ տեղեկությունների համաձայն` Արմավիրի մարզի ճանապարհին՝ մեքենայի մեջ ինքնասպան եղած անձը Որսորդմիության անդամ էր եւ մասնակցել էր 44-օրյա պատերազմին:
Ի դեպ, զենքը, որով նա ինքնասպան է եղել մեքենայի մեջ, պատկանել է իրեն: Իսկ թե ինչու է նա գնացել այդ քայլին, դեռեւս պարզ չէ:
Հիշեցնենք, որ ըստ Shamshyan.com-ի՝ օգոստոսի 30-ին հրազենի գործադրմամբ ինքնասպանություն է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 16:10-ի սահմաններում ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ Երեւան-Արմավիր ավտոճանապարհի 20-րդ կմ հատվածում՝ ժողովրդին հայտնի «Ինքնաթիռի թեւեր» կոչվող հատվածում, ինքնասպանություն է տեղի ունեցել:
Ոստիկանները Երեւան-Արմավիր ավտոճանապարհի նշված կիլոմետրի ձախակողմյան հատվածում հայտնաբերել են BMW մակնիշի ավտոմեքենան, որի մեջ վարորդի կողքի առջեւի նստատեղին հայտնաբերվել է տղամարդու դի՝ հրազենային վնասվածքով:
ՄԱՀԱՑԵԼ Է ԱՎՏՈՎԹԱՐԻՑ
Երեւանում ավտովթարից զոհվել է «Ինտերնյուս»-ի նախկին գլխավոր տնօրեն Մանանա Ասլամազյանը։ Ասլամազյանը մահացել է հիվանդանոցում։ Նրան Տեսլայով վրաերթի է ենթարկել 25-ամյա վարորդը: Նույն օրը 25-ամյա երիտասարդը, որը ավտոմեքենան վարել է՝ չունենալով համապատասխան կարգի վարորդական իրավունքի վկայական, ձերբակալվել է:
Մանանա Ասլամազյանը Ռուսական հեռուստատեսության ակադեմիայի անդամ էր։ 2000 թվականից Ռուսաստանի Դաշնության ֆեդերալ մրցակցային հանձնաժողովի անդամ էր՝ մամուլի, հեռուստառադիոհեռարձակման եւ զանգվածային լրատվության միջոցների գործերով։ Հանձնաժողովի կազմից հեռացվել է 2004 թվականին Վլադիմիր Պոզների հետ միասին։ 2002 թվականին դարձել էր «Ռուսաստանի մեդիամենեջեր» մրցանակի դափնեկիր՝ «Մեդիաբիզնեսի զարգացման գործում հատուկ ծառայություն» անվանակարգում։
«Կրթված լրատվամիջոցներ» ֆոնդի նախկին ղեկավարն է։ Մանանա Ասլամազյանը Ռուսական հեռուստատեսության ակադեմիայի կողմից շրջանների հեռուստատեսության համար կադրեր նախապատրաստելու կարեւոր դերի համար արժանացել էր հատուկ մրցանակի՝ «Ռուսական հեռուստատեսության զարգացման գործում անձնական ներդրման համար» վերտառությամբ։ Հարկադրված վտարանդիության մեջ ապրել է Ֆրանսիայում։ Վերջին շրջանում ապրում եւ աշխատում էր Հայաստանում։ ArmLur.am-ի եւ «Ժողովուրդ» օրաթերի խմբագրակազմը ցավակցություն է հայտնում Մանանա Ասլամազյանի ընտանիքի անդամներին եւ հարազատներին: