2020թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը, խախտելով Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությամբ ամրագրված ուժի կիրառման եւ դրա կիրառման սպառնալիքի արգելքի հիմնարար սկզբունքը, Արցախի (Լեռնային Ղարաբաղ) էթնիկ հայկական բնակչության նկատմամբ սանձազերծեց ագրեսիվ պատերազմ՝ մարդու հիմնարար իրավունքների եւ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի կոպիտ ոտնահարմամբ: Ադրբեջանական ագրեսիան միջազգային հանրության կողմից չդատապարտվեց, եւ ոգեւորվելով անպատժելիությունից՝ Ադրբեջանի իշխանությունները ուժի եւ դրա սպառնալիքի կիրառումը սկսեցին եւ մինչեւ օրս շարունակում են օգտագործել որպես Արցախի ժողովրդի նկատմամբ բռնաճնշումների իրականացումը եւ Արցախի տարածքի նկատմամբ ունեցած նկրտումները սպասարկող կարեւորագույն գործիք:
2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ սահմանված հրադադարի ռեժիմն Ադրբեջանը բազմիցս խախտում է` դիմելով տարբեր բնույթի սադրանքների: Խախտումները իրականացվում են ոչ միայն մանր տրամաչափի զինատեսակներից, այլեւ գործի դնելով խոշոր տրամաչափի զինատեսակներ, հրետանային միջոցներ եւ հարվածային անօդաչու թռչող սարքեր: Երբեմն էսկալացիայի ծավալները կտրուկ աճ են գրանցում՝ վերածվելով բացահայտ ռազմական ագրեսիայի: Հաճախ այդ խախտումները ուղեկցվում են Արցախի խաղաղ բնակավայրերի թիրախավորմամբ` ոտնձգելով բնակիչների կյանքի, հոգեկան եւ ֆիզիկական առողջության իրավունքի դեմ: 2022թ. օգոստոսյան սրացումը Ադրբեջանի կողմից ագրեսիայի մի նոր դրսեւորում է, որի վերաբերյալ մանրամասները ներկայացված են սույն զեկույցի առաջին բաժնում: 2022թ. օգոստոսի 2-ին ԱՀ նախագահը Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստում հայտարարեց, որ Ադրբեջանը ռուսական խաղաղապահ զորակազմին ներկայացրած նամակով հայտնել է, որ իրենք նախատեսում են կատարել միջանցքով անցնող երթուղու փոփոխություն: Ադրբեջանի այս ապօրինի պահանջի, պահանջի կատարումն ապահովելուն ուղղված սկզբունքայնորեն ապօրինի քայլերի եւ Լաչինի միջանցքի կենսական նշանակությանը վերաբերվող մանրամասները ներկայացված են սույն զեկույցի երկրորդ բաժնում: 2020թ. նոյեմբերի 9-ի Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարությամբ հստակ ամրագրվում է Արցախի Հանրապետությունը Հայաստանի Հանրապետությանը կապող (Լաչինի) միջանցքի գործողությունը: Սույն միջանցքը գոյաբանական նշանակություն ունի Արցախի ժողովրդի համար, ուստիեւ գործողության խափանումը անխուսափելիորեն կհանգեցնի հումանիտար ճգնաժամի: 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ԱՀ Քաշաթաղի շրջանի բոլոր հայկական բնակավայրերը, բացառությամբ Բերձոր, Աղավնո, Ներքին Սուս եւ Քարեգահ համայնքների, անցան ադրբեջանական վերահսկողության տակ: Լաչինի միջանցքի երթուղու փոփոխության հետեւանքով նշված համայնքները եւս հայտնվել են ադրբեջանական վերահսկողության տակ: Աչքի տակ ունենալով անցյալի փորձը՝ նշված բնակավայրերի բնակիչները ստիպված են լքել իրենց տները՝ խուսափելու համար կոտորածից, խոշտանգումներից ու անմարդկային վերաբերմունքից: Շատերը տեղափոխում են իրենց ընտանեկան գերեզմանները ոչնչացումից ու պղծումից փրկելու համար: Ադրբեջանական վանդալիզմից փրկելու համար Արցախի իշխանությունները տարհանում են նաեւ մշակութային արժեքները։ Ադրբեջանի կողմից ուժի կիրառման սպառնալիքի ներքո Բերձոր, Աղավնո եւ Սուս քաղաքացիական բնակավայրերի հայաթափման վերաբերյալ մանրամասն շարադրված է սույն զեկույցի երրորդ բաժնում: Ադրբեջանում հայերի նկատմամբ ատելության խոսքի եւ հայատյացության այլ դրսեւորումների ահռելի ծավալների առկայությունը ամենեւին էլ նորություն չէ, սակայն երբեմն դրանք կտրուկ աճում են` պայմանավորված տարբեր միջադեպերով: Օգոստոսյան սրացումը եւս բացառություն չէ, քանզի դրա հենց առաջին օրերից ադրբեջանական մեդիան ողողված է պետական պաշտոնյաների կողմից հնչեցվող ատելության խոսքով եւ մասնավոր անհատների կողմից հայատյաց տեսանյութերի եւ լուսանկարների հրապարակումներով: Ասվածի որոշ վկայություններ տեղ են գտել սույն զեկույցի չորրորդ բաժնում: Խաղաղապահ առաքելությունները գործող աշխարհակարգի բաղկացուցիչ մաս են կազմում: Տարածված պրակտիկա է խաղաղապահներին օժտել այնպիսի մանդատով, որը հստակեցնում է առաքելության սկզբունքները եւ գործառույթները: 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության հիման վրա Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի համար, սակայն, նոյեմբերի 9-ի հայտարարությունից զատ, իր գործառույթները հստակեցնող այլ իրավական մանդատ սահմանված չէ, ինչը երբեմն մասնակիորեն խաթարում է խաղաղապահ առաքելության էությունը` վտանգի տակ դնելով Արցախի ժողովրդի իրավունքները: Այդ մասին առավել մանրամասն շարադրված է սույն զեկույցի հինգերորդ բաժնում: Զեկույցը պատրաստվել է՝ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից կատարված ուսումնասիրությունների, տարբեր համայնքներ, քաղաքացիական բնակավայրեր կատարած այցերի, քաղաքացիների հետ ունեցած առանձնազրույցների, պետական լիազոր մարմիններից ստացված տեղեկությունների հիման վրա, եւ նպատակ է հետապնդում փաստագրելու Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի իրավունքների խախտման դեպքերն ու դրանց տարաբնույթ դրսեւորումները եւ միջազգային կառույցների ու իրավապաշտպան կազմակերպությունների ուշադրությունը հրավիրելու Արցախում ստեղծված իրավիճակին։
ԳՆԵՐԻ ԹԵՐՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՄԱՆ ԴԵՊՔ
Պետական եկամուտների կոմիտեի հետաքննության եւ օպերատիվ հետախուզության վարչությունը տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի շրջանակներում բացահայտել է ԵԱՏՄ անդամ պետությունից ՀՀ տեղափոխվող ապրանքների գների բազմակի անգամ պակաս թերհայտարարագրման դեպք:
Մասնավորապես, օրերս ՊԵԿ հետաքննության եւ օպերատիվ հետախուզության վարչություն օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ հայր եւ որդի Մարգարյանների կողմից նախատեսվում է «Մեդեկս գրուպ» ՍՊԸ-ի միջոցով ԵԱՏՄ անդամ պետությունից Հայաստանի տարածք ներմուծել 2 բեռնատար բժշկական ձեռնոցներ եւ դիմակներ` շուկայականից մի քանի անգամ ցածր գնով:
Ստացված օպերատիվ տվյալներն իրացնելու նպատակով մշակվել եւ ձեռնարկվել են բազմակողմանի, մեծածավալ եւ արդյունավետ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, որոնց արդյունքում վարչության աշխատակիցների օպերատիվ հսկողության ներքո տվյալ բեռնատարները մուտք են գործել Բագրատաշենի սահմանային անցակետ եւ ուղեկցվել մաքսային պահեստ: Ապրանքների փաստացի հետազոտման արդյունքում պարզվել է, որ ներմուծված ապրանքների իրական արժեքը կազմում է շուրջ 460 հազար ԱՄՆ դոլար, մինչդեռ ընկերության կողմից, ակնհայտ կեղծ տվյալներ մտցնելով ներմուծման փաստաթղթերում, հայտարարագրվել է շուրջ 87 հազար ԱՄՆ դոլար:
Ձեռք բերված նյութերը, այդ թվում՝ նշված նախնական հաշվարկը, ուղարկվել են Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչություն, որտեղ առերեւույթ հանցագործության դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով:
Նախաքննություն իրականացնող քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան, որի որոշմամբ բեռնատարները խուզարկվել են, իսկ ներմուծված ապրանքները՝ ամբողջությամբ առգրավվել:
Կոմիտեի հետաքննության եւ օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցների կողմից կատարված նախնական հաշվարկի համաձայն՝ ընկերության կողմից պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափի վնաս:
Պետական եկամուտների կոմիտեի հետաքննության եւ օպերատիվ-հետախուզության վարչությունը հորդորում է տնտեսվարող սուբյեկտներին ԵԱՏՄ անդամ հանդիսացող պետություններից ՀՀ տարածք տեղափոխվող ապրանքների ձեռք բերման փաստաթղթերում (ինվոյսներում) ապրանքների ձեռք բերման գները նշել իրականությանը համապատասխան հետագա հարկային հսկողությունից եւ ավելի խիստ վարչարարությունից խուսափելու համար, ինչպես նաեւ առաջնորդվել օրենքի գերակայության սկզբունքով եւ պահպանել հարկային օրենսդրության պահանջները:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԱՎԱԳԱՆՈՒ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Սեպտեմբերի 25-ին կկայանան Բերդ խոշորացված համայնքի ավագանու համամասնական ընտրակարգով հերթական ընտրություններ։ Այդ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուների 58-հոգանոց ցուցակի առաջին համարը Բերդի միասնական սոցիալական ծառայության տնօրեն Վահրամ Սուքիասյանն է։ «Արդարություն» կուսակցության եւ «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության ստեղծած դաշինքի՝ «Արժանապատիվ սերունդի» 27 թեկնածուների ցանկը գլխավորում է Աշոտ Մելիքյանը, որը «Գազպրոմ Արմենիա» ընկերության հերթափոխի պետն է, նախկինում Բերդում գործող ձեռնոցների գործարանի հերթափոխի պետ է եղել։ «Իմ հզոր համայնք» եւ Վահան Բաբայանի Ռեֆորմիստների կուսակցությունների կազմած դաշինքը ներկայացել է «Զորավոր համայնք» անվանումով, որի 62-հոգանոց նախընտրական ցուցակի առաջին համարը Հարություն Մանուչարյանն է։ Այսպիսով, Բերդ խոշորացված համայնքի ավագանու 21 տեղի համար գրանցված է 147 թեկնածու։ Ավագանու յուրաքանչյուր թեկնածուի համար մուծված է 500 հազար դրամ ընտրական գրավ։ Տավուշի մարզի թիվ 38 տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Աիդա Սարգսյանը մեր հետ զրույցում հայտնեց, որ ներկայումս տարածքային հանձնաժողովն ավագանու թեկնածուներից ստանում եւ ԿԸՀ ինտերնետային կայք է մուտքագրում թեկնածուների ներկայացրած հայտարարագրերը։ Սեպտեմբերի 5-ից կսկսվի եւ սեպտեմբերի 24-ին կավարտվի նախընտրական քարոզարշավը։
ՍՏԵՂԾԵԼ Է ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը օգոստոսի 12-ին որոշում է ընդունել ստեղծել Իջեւան համայնքի վարչական տարածքում փայտածուխ արտադրող ֆիզիկական կամ իրավաբանական անձանց գործունեության նկատմամբ մշտադիտարկում իրականացնելու նպատակով աշխատանքային խումբ, որի ղեկավար, Տավուշի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության բնապահպանության բաժնի վարիչ Արկադի Ամիրխանյանին հանձնարարել է Իջեւան համայնքի վարչական տարածքում փայտածուխ արտադրող ֆիզիկական եւ իրավաբանական անձանց գործունեության նկատմամբ 20 օրվա ընթացքում իրականացնել մշտադիտարկում եւ արդյունքների մասին մարզպետին տեղեկանք ներկայացնել: 2019թ. մայիսի 29-ին, Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի որոշմամբ, ստեղծվել էր մարզի Ազատամուտ գյուղում փայտածուխի արտադրամասերի գործունեությունը եւ շրջակա միջավայրի վրա դրանց ազդեցությունն ուսումնասիրող հանձնաժողով: Հանձնաժողովը մի շաբաթ ուսումնասիրություններ էր կատարել Ազատամուտում փայտածուխի արտադրամասերի գործունեության, շրջակա միջավայրի վրա դրանց ազդեցության, հետեւանքների ու ռիսկերի վերաբերյալ։
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ