Oգոստոսի 29-ին փոխվել են COVID-19-ով պայմանավորված ՀՀ քաղաքացիների՝ Ճապոնիա մուտքի եւ ելքի սահմանափակումների մասին կանոնները։ Սահմանը հատելու ռեժիմը. ս.թ. հունիսի 10-ից Ճապոնիան բաց է կարճաժամկետ զբոսաշրջային նպատակներով երկիր ժամանելու ցանկություն ունեցող քաղաքացիների համար: Մուտքի սահմանափակումները մեղմացվել են, եւ ինքնամեկուսացման, ինչպես նաեւ օդանավակայանում պարտադիր ՊՇՌ թեստավորման պահանջները բոլոր քաղաքացիների համար պայմանավորված են մեկնման երկրում (երկիրը, որտեղ քաղաքացին անցկացրել է վերջին 14 օրերը) առկա համաճարակային իրավիճակով: Մասնավորապես, առանձնացվել են 3 խմբերի երկրներ (ըստ համաճարակային իրավիճակի)՝ «Կարմիր», «Դեղին» եւ «Կապույտ» կատոգորիաների:
«Կարմիր» գոտուց ժամանելու դեպքում պատվաստման հավաստագրի բացակայության պարագայում Ճապոնիա մուտք գործելիս օդանավակայանում կկիրառվի պարտադիր ՊՇՌ թեստավորում, ապա քաղաքացին 3 օրով կմեկուսացվի կառավարության կողմից հատկացված կացարաններից մեկում: 3-օրյա ինքնամեկուսացումից հետո նոր թեստավորում (քաղաքացու հաշվին) կանցկացվի, եւ բացասական արդյունքի պարագայում քաղաքացին կարող է դուրս գալ ինքնամեկուսացումից եւ մուտք գործել Ճապոնիա: Պատվաստման հավաստագիր ունենալու դեպքում քաղաքացին կարող է 3-օրյա ինքնամեկուսացումն անցնել իր տանը/հյուրանոցում եւ բացասական արդյունքով թեստ հանձնելուց հետո կարող է դուրս գալ ինքնամեկուսացումից: Կամ հնարավոր է ընտրել 5-օրով ինքնամեկուսանալու տարբերակը, առանց որեւէ թեստ հանձնելու պարտավորության:
«Դեղին» գոտուց ժամանելու դեպքում պատվաստման հավաստագրի բացակայության պարագայում Ճապոնիա մուտք գործելիս օդանավակայանում ՊՇՌ թեստավորում կկիրառվի, ապա քաղաքացին 3-օրյա ինքնամեկուսացում կանցնի իր տանը/հյուրանոցում եւ բացասական արդյունքով թեստ (քաղաքացու հաշվին) հանձնելուց հետո կարող է դուրս գալ ինքնամեկուսացումից: Կամ հնարավոր է ընտրել 5-օրով ինքնամեկուսանալու տարբերակը, առանց որեւէ թեստ հանձնելու պարտավորության: Պատվաստման հավաստագիր ունենալու դեպքում քաղաքացին կարող է մուտք գործել Ճապոնիա առանց տեղում պարտադիր ՊՇՌ թեստավորման եւ ինքնամեկուսացման:
«Կապույտ» գոտուց ժամանելու դեպքում, անկախ պատվաստված լինելու հանգամանքից, Ճապոնիա մուտք գործելիս օդանավակայանում ՊՇՌ թեստավորում չի կիրառվի, չի գործի նաեւ ինքնամեկուսացման պահանջը. քաղաքացին կարող է Ճապոնիա ժամանելուն պես մուտք գործել երկիր, առանց սահմանափակումների:
Նշենք, որ Հայաստանն ընդգրկված է «Կապույտ» գոտու մեջ:
Ս.թ. սեպտեմբերի 7-ից սկսած՝ Ճապոնիա մուտք գործող բոլոր քաղաքացիները, որոնք ժամանում են այն երկրներից (կամ գտնվել են այդ երկրներում վերջին 14 օրերի ընթացքում), որտեղ գերակայում է Օմիկրոն շտամը (B.1.1.529) եւ ունեն պատվաստման) 3 դեղաչափի (JCOVDEN եւ Janssen պատվաստանյութի դեպքում 2 դեղաչափը բավարար է) վավեր հավաստագիր, կարող են մուտք գործել Ճապոնիա, առանց նախկինում պարտադիր ՊՇՌ թեստի բացասական արդյունքով հավաստագիր ներկայացնելու նախապայմանի: Հավաստագրերը պետք է տրված լինեն կա՛մ Ճապոնիայում, կա՛մ բավարարեն հետեւյալ պայմանները՝
- փաստաթուղթը պետք է լինի անգլերեն լեզվով,
- պարունակի տեղեկատվություն անվան, ծննդյան ամսաթվի, պատվաստանյութի անվանման, պատվաստման ամսաթվի եւ դեղաչափերի քանակի մասին,
- եթե հավաստագիրը ճապոներեն կամ անգլերեն լեզուներով չէ, ապա պետք է ներկայացվի անգլերեն կամ ճապոներեն թարգմանություն:
Հարկ է նշել, որ բոլոր կատեգորիաների դեպքում պարտադիր պայման է, որ զբոսաշրջային այցն իրականացվի խմբերով եւ ճապոնական կազմակերպության (որպես receiving organization) ներգրավմամբ: Ուստի Ճապոնիա մուտք գործելու համար անհրաժեշտ է դիմել մուտքի արտոնագիր ստանալու համար, ինչն իր հերթին հնարավոր է, եթե ընդունող կազմակերպությունը (համալսարան, գործատու, զբոսաշրջային ընկերություն եւ այլն) դիմի Entrants, Returnees Follow-up System (ERFS) առցանց համակարգ եւ մուտքագրված դիմումը հաստատվի Ճապոնիայի առողջապահության, աշխատանքի եւ բարեկեցության նախարարության կողմից: Վերոնշյալ պայմանները վերաբերում են թե՛ նոր մուտք գործող քաղաքացիներին (new entry), թե՛ Ճապոնիա վերադարձող քաղաքացիներին (re-entry):
ՄԵՐԺՎԵՑ
Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանությունը պարզաբանում է տարածել Բերձորում եւ Աղավնոյում բնակիչների կողմից իրենց տների հրկիզման դեպքերի վերաբերյալ: «Հաշվի առնելով, որ վերջին ժամանակներս հանրային լայն հնչեղություն է ստացել Բերձոր քաղաքում եւ Աղավնո համայնքում բնակիչների կողմից իրենց տների հրկիզման դեպքերը, Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանությունն իրազեկում է, որ սույն թվականի օգոստոսի 14-24-ն ընկած ժամանակահատվածում արձանագրված 13 տների հրկիզման դեպքերով նախապատրաստված բոլոր նյութերով քրեական գործերի հարուցումը մերժվել է արդարացման հիմքերով՝ հրկիզողների արարքներում հանցակազմի բացակայության կապակցությամբ: Վերջիններիս նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվում»,- ասված է ոստիկանության հաղորդագրության մեջ:
ՕՏԱՐԵԼ Է
ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով պարզվել են Արարատի մարզի Սուրենավան համայնքի նախկին ղեկավարի կողմից պաշտոնական լիազորությունների անցմամբ եւ պաշտոնեական կեղծիքի միջոցով նույն համայնքում գտնվող պետական սեփականություն հանդիսացող հողամասերն ապօրինի օտարելու դեպքի բոլոր հանգամանքները: Փաստական տվյալների համաձայն՝ Սուրենավան համայնքի նախկին ղեկավարը, 2017-2021 թթ. զբաղեցնելով նշված պաշտոնը, ընդհանուր 39.2 հա մակերեսով հողատարածքներն օտարելու նպատակով շրջանցել է օրենքով եւ ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված ընթացակարգերը: Մասնավորապես, վերջինս, ակնհայտորեն դուրս գալով իր լիազորությունների սահմաններից, չունենալով համայնքի ավագանու որոշումը եւ լիազոր մարմնի համաձայնությունը, որոշումներ է կայացրել նշված հողատարածքներն աճուրդով վաճառելու մասին: