ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կփակվեն դպրոցներն ու բանկերը, 12-օրյա սուգ կհայտարարվի. ինչպես հրաժեշտ կտան Եղիսաբեթ 2-րդին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լոնդոնի կամուրջն ընկել է. Եղիսաբեթ Թագուհու մահվան մասին հենց այս նախադասությամբ հայտարարվեց: Բանալի բառը կամ կոդը դեռ վաղուց՝ նրա մահվանից տարիներ առաջ էր ընտրվել: Հստակ էր նաև՝ երբ թագուհին մահանա, ու լուրը բրիտանացի ժողովրդին հայտնելու ժամանակը գա, Բուքինգհեմյան պալատի դռնից դուրս կգա մի սգավոր մարդ, կանցնի բակն ու առանց որևէ բառ ասելու «Լոնդոնի կամուրջն ընկել է» հայտարարությունը կկախի սգո շրջանակի մեջ՝ դարպասի վրա. սա հին ու գեղեցիկ ավանդույթ է։

96 տարեկան էր Եղիսաբեթ Ալեքսանդրա Մերի Վինձորը, առավել հայտնի է՝ որպես Եղիսաբեթ 2-րդ: Նա Բրիտանիայի պատմության մեջ ամենաերկար գահակալած թագուհին էր՝ 70 տարի: Եղիսաբեթ 2-րդը բրիտանական գահին էր 1952 թվականից։ Նրա գահակալման տարիներին միլիոնավոր բրիտանացիներ են ծնվել, ապրել, ապրեցրել ու այն աշխարհ գնացել՝ բրիտանական գահին այդպես էլ այլ միապետի չտեսնելով: Այժմ, երբ թագուհու գահակալումն արդեն անցյալ է, բոլորի մոտ հարց է առաջանում՝ ի՞նչ սպասում այժմ: Մեծ Բրիտանիայում բացարձակապես ամեն ինչ կանգ կառնի. դպրոցներում դասերը կդադարեցվեն, հանրային հաստատությունները կփակվեն, կսգան անգամ պետական ու մասնավոր գրասենյակների աշխատակիցները, բորսան և բանկերը կդադարեն աշխատել։ Հեռուստատեսությամբ ու ռադիոյով միայն դասական ու հոգևոր երաժշտություն կհնչի: Եվ դա ոչ մեկ ժամ կամ մեկ օր. բրիտանացիների սուգն ուղիղ 12 օր կտևի:

Բրիտանական բոլոր լրատվամիջոցները՝ հարգի ու հանրահայտ լրատվական գործակալությունները, տպագիր մամուլը նախապես պատրաստած մահախոսականները կտպագրեն, և դա շրջանցել որևէ մեկը չի կարող, քանի որ թագուհու մահը, թեև տխուր, բայց մեծագույն իրադարձություն է ամբողջ աշխարհի համար:

Այսպիսով, սուգն առնվազն 12 օր կտևի։ Կարծում ենք հարկ չկա հավելյալ բացատրելու, որ ժամանակակից աշխարհում նման կանգառը հսկայական ֆինանսական կորուստներ է նշանակում, հատկապես որ Լոնդոնը ֆոնդային բորսայում միլիարդներ կարող է կորցնելու։
Ավանդույթի համաձայն՝ թագավորական իշխանությունը երբեք չի ընդհատվում։ Մի միապետի պաշտոնավարման դադարից անմիջապես հետո իրավահաջորդը զբաղեցնում է նրա տեղը։ Այդ իսկ պատճառով սգո օրերին թագավորական դրոշը մյուս դրոշների նման չի խոնարհվում: Միացյալ Թագավորությունն արդեն հայտարարել է՝ Բրիտանիայի նոր թագավորը Չարլզ 3-րդն է: Նա 74 տարեկան է:
Թագուհու մահվան պատճառով կփոփոխվի նաև Բրիտանիայի ազգային օրհներգը, դրա «Աստված պահապան թագուհուն» բառերը պետք է փոխարինվեն «Աստված փրկիր թագավորին» բառերով։ Նաև նոր՝ թագավորի պատկերով ու նրան նվիրված նոր մետաղադրամներ և թղթադրամներ կթողարկվեն, ոստիկանության սաղավարտները նոր մակագրություն կունենան, դրանք այժմ թագուհու անվան սկզբնատառերն են։ Թագուհու պատկերով փոստային նամականիշները շրջանառությունից դուրս կգան:

Թագուհու դիակը Բուքինգհեմյան պալատում մի քանի օր կմնա, ինչի ժամանակ մարդիկ կկարողանան Եղիսաբեթ թագուհուն հարգանքի տուրք մատուցել ու վերջին հրաժեշտը տալ:

Սևակ Վարդումյան




Լրահոս