ՍԴ նախկին նախագահ Հրայր Թովմասյանը չի ներկայացել Դատախազություն. ինչ է սպասվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սահմանադրական դատարանի դատավոր, ՍԴ նախկին նախագահ, Արդարադատության նախկին նախարար Հրայր Թովմասյանը ծանուցմամբ հրավիրվել էր ՀՀ Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն։ ArmLur.am-ը տեղեկացավ, որ ՍԴ անդամ Հրայր Թովմասյանը չի ներկայացել:

Դատախազություն էին հրավիրվել նաեւ Թովմասյանի կինը՝ Լամարա Խուդավերդյանը, դուստրերը՝ Գոհար և Մերի Թովմասյանները, նրա հետ փոխկապակցված երկու անձ՝ Սոնա Խուդավերդյանը և Ռուբիկ Ղազարյանը։

Ծանուցման մեջ հրավիրվածները նշված են որպես «Թիվ 22-3-20 ուսումնասիրությամբ շահագրգիռ անձ»։

Թովմասյանի հետ փոխկապակցված անձանց ուղղված ծանուցագրում նշված է նաեւ, որ Հրայր Վարդանի Թովմասյանին պատկանող գույքի առնչությամբ իրականացվել է ուսումնասիրություն, «որի արդյունքում կազմվել է ամփոփագիր, ինչի հիման վրա հաշվառված գույքը հանդիսանում է բռնագանձման առարկա»:

Դատախազությունը 1 ամիս ժամկետ է սահմանել վարչություն ներկայանալու համար՝ ծանոթանալու ուսումնասիրության նյութերին և ներկայացնելու դիրքորոշում:

2019 թվականի դեկտեմբերի 27-ին Հրայր Թովմասյանին Հատուկ քննչական ծառայությունը մեղադրանք էր առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի երկրորդ մասի հատկանիշներով՝ «պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ»։ Քրեական գործն առնչվում է Թովմասյանի՝ արդարադատության նախարար աշխատելու շրջանին։ Այս մասով ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր, որ Թովմասյանն ապօրինի ձեռք էր բերել «Կենտրոն» նոտարական գրասենյակի տարածքը: Նրա սանիկին՝ ԱՆ աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության պետի պաշտոնը զբաղեցրած Նորայր Փանոսյանի և նախարարության ու Երևանի քաղաքապետարանի այլ պաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնեական լիազորությունների առերևույթ չարաշահման առթիվ նույնպես մեղադրանք էր առաջադրվել։

Թովմասյանի նկատմամբ սկսված հետապնդումները գնահատվում էին քաղաքական՝ նկատի առնելով, որ նա այդ շրջանում մերժում էր ՍԴ նախագահի պաշտոնից հեռանալու՝ իշխանությունների պահանջը։

Ք. Մ.




Լրահոս