Նետվել եմ այդ օվկիանոսը՝ տեսնենք, թե որ կողմ եմ լողալու. Տաթեւ Ղազարյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շուտով՝ սեպտեմբերի 17-ին, Գյումրու Վադան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում կկայանա «Միզերի» ներկայացման պրեմիերան: ArmLur.am-ը դերասանուհի Տաթեւ Ղազարյանի հետ զրուցել է «Միզերի» ներկայացման գաղափարի եւ գյումրեցի հանդիսատեսի մասին:

« «Միզերի»-ին ինձ համար բավական պատասխանատու եւ սպասված ներկայացում է: Այս ներկայացման պրեմիերային շուրջ երկու տարի սպասել եմ: Երբ հրավեր ստացա Գյումրու Դրամատիկականի կողմից անկեղծ շատ ուրախացա, քանի որ տարիներ ի վեր ընկերություն եմ արել թատրոնի անձնակազմի հետ, բայց երբեք նման համագործակցության առիթ չեմ ունեցել, իհարկե միշտ հոգու խորքում փափագել եմ այդ ցանկությունը, քանի որ միշտ հիացել եւ հպարտացել եմ այդ թատրոնով: Այսօր ինձ այդ հնարավորությունը տրվեց, եւ մի քանի օրից կլինի պրեմիերան»,-նշեց դերասանուհին:

Տաթեւ Ղազարյանի խոսքով՝ «Միզերի» ներկայացման գաղափարը ծնվել է ֆիլմից: Դերասանուհու կարծիքով այս ներկայացումը բավականին խորը, բարդ եւ շատ պատասխանատու աշխատանք է, որը կամ կտապալի դերասանուհուն կամ վեր կբարձրացնի:

«Մի անգամ Գոռ Մարգարյանն առաջարկեց ֆիլմը նայել եւ պարզվեց, որ իր հոգու խորքում էլ է նա մտածել եւ ինձ է տեսնում գլխավոր դերակատար: Անկեղծ կլինեմ, ես ինքս էլ երբ նայեցի ֆիլմը սիրահարվեցի կերպարին: Կան դեպքեր, որ նույնիսկ երկրորդ պլան է մղվում գաղափարը, եւ գործում է միայն դերասանական էգոիզմը, «միզրին» հենց դրանցից մեկն է:Այդ դերը նվեր է դերասանի համար, բայց կա մի բան կամ դերը կտապալի քեզ կամ կբերի հաջողություններ, հիմա ես նետվել եմ այդ օվկիանոսը եւ տեսնենք, թե որ կողմ եմ լողալու: Իրականում չեմ թաքցնի շատ եմ վախենում, հույսով եմ ամեն ինչ լավ կլինի»,-նկատեց նա:

Անդրադառնալով ներկայացման բուն գաղափարին եւ ասելիքին՝ դերասանուհին ընդգծեց, որ կյանքում ոչինչ պետք չէ ֆանատիզմի հասցնել:

Իսկ մեր հարցմանը, թե ինչպես է իրեն զգում Գյումրու Դրամատիկական թատրոնի բեմում, եւ ինչ առանձնահատկություններ կարող է նշել Երեւանի եւ Գյումրու հանդիսատեսի միջեւ: Դերասանուհին ասաց, որ այնտեղ իրեն շատ լավ է զգում, ասես ինքն իր ափսեի մեջ լինի:

«Գյումրեցի հանդիսատեսը շատ խստապահանջ է, ի տարբերություն Երեւանի հանդիսատեսի: Երեւանի հանդիսատեսը փոքր ինչ ավելի զուսպ է, թե՛ լավ թե՛ վատ դրսեւորումներով, իսկ Գյումրու հանդիսատեսն ավելի էմոցիոնալ է, ավելի ճշտախոս: Երեւանի հանդիսատեսից չես կարողանում հասկանալ իսկապես ներկայացումը դուր է եկել, թե ոչ, իսկ գյումրեցիներն այդպես չեն, իրենց ծափահարություններից կարող ես զգալ հավանել են, թե ոչ: Կարծում եմ դա գալիս է բեմի լեգենդար եւ մոգական հատկությունից: Իմ մեծ շնորհակալությունն եմ ուզում հայտնել թատրոնի անձնակազմին՝ Լյուդվիգ Հարությունյանին, որ այդքան լավ միջավայր են ստեղծել եւ հանդիսատեսի եւ դերասանական անձնակազմի համար»,-մեզ հետ զրույցում հավելեց մեր զրուցակիցը:

Լիդա Եղիազարյան




Լրահոս