ՓԱՇԻՆՅԱՆԻ ԵՎ ՊՈՒՏԻՆԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վլադիվոստոկում անցկացվող «Բազմաբեւեռ աշխարհի ճանապարհին» թեմայով Արեւելյան տնտեսական 7-րդ համաժողովի շրջանակում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը:

 

Իր խոսքում ՌԴ նախագահը, մասնավորապես, նշել է. «Հարգելի՛ Նիկոլ Վովայի, մենք Ձեզ հետ մշտական կապի մեջ ենք՝ կանոնավոր հանդիպումներ, հեռախոսազրույցներ՝ ընթացիկ արդիական հարցերի շուրջ, բայց, այնուամենայնիվ, այսօր անձնապես հանդիպելով Ձեզ՝ կարեւոր եմ համարում հիշատակել, որ այս տարի մենք նշում ենք դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակը, հիմնարար պայմանագրի ստորագրման 25-ամյակը:

Մեր հարաբերությունները զարգանում են բոլոր ուղղություններով: Մենք աշխատում ենք մեր կազմակերպություններում՝ եւ՛ տնտեսական կազմակերպությունում, եւ՛ ՀԱՊԿ-ում, նկատի ունեմ՝ անվտանգության եւ կայունության ապահովումը: Մոտ ապագայում Դուք պլանավորում եք լինել նաեւ Ուզբեկստանում կայանալիք Շանհայի համագործակցության կազմակերպության շրջանակում նախատեսվող միջոցառումներին, որտեղ հնարավորություն կլինի եւս մեկ անգամ հանդիպել եւ գործընկերների հետ բանակցել:

Հայաստանի առեւտրատնտեսական գործընկերների շրջանակում Ռուսաստանը վստահորեն պահպանում է առաջին տեղը: Առեւտրաշրջանառությունը վերջին շրջանում մոտավորապես 25-30 տոկոսով աճել է: Մենք, իրոք, նկատում ենք Հայաստանում տնտեսական կայունացումը: Ձեր կառավարության կողմից շատ բան է արվել այդ ուղղությամբ:

Իհարկե, ամենազգայուն հարցերից մեկը վերաբերում է Լեռնային Ղարաբաղի շուրջ անվտանգության ապահովման հետ կապված իրավիճակին: Մենք դրա շուրջ մշտապես Ձեզ հետ խոսում ենք, մշտապես կապի մեջ ենք: Եվ ես ուրախ եմ Ռուսաստան Ձեր այցի ընթացքում Վլադիվաստոկում տնտեսական ֆորումի շրջանակում զրուցել այս բոլոր թեմաների շուրջ:

Մեզ մոտ ընդլայնվում են այն ընկերությունների եւ մարդկանց շրջանակը, որոնք փոխգործակցում են: Մոտ ապագայում նաեւ բիզնես-օպերատորներն են պատրաստվում հանդիպել, նաեւ մարզային ֆորում պետք է անցկացնեն: Նախատեսված են նաեւ այլ միջոցառումներ, այդ թվում՝ հումանիտար, մշակույթի, կրթության ոլորտներում:

Շատ շնորհակալ եմ, որ հրավերն ընդունել եք եւ այցելել եք Վլադիվաստոկում տնտեսական ֆորումին»:

Իր հերթին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է. «Շատ շնորհակալ եմ, Վլադիմիր Վլադիմիրի: Թույլ տվեք եւս մեկ անգամ շնորհակալություն հայտնել Ձեզ Արեւելյան տնտեսական ֆորումին մասնակցելու հրավերի համար: Անկեղծ ասած, ֆորումն ինձ դուր է եկել (այն, իհարկե, շարունակվում է), տպավորված եմ Վլադիվաստոկով. հիանալի վայր է: Հույս ունեմ, որ դեռ առիթներ կլինեն այցելել ոչ միայն աշխատանքային նպատակով, այլ նաեւ այլ առիթներով:

Իհարկե, ինչպես Դուք արդեն նշեցիք, ընթացիկ տարին շատ կարեւոր տարի էր մեր հարաբերությունների համար. նկատի ունեմ եւ՛ ՀԱՊԿ-ի, եւ՛ մեր երկկողմ հարաբերությունների հետ կապված հոբելյանները:

Ռուսաստանը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության ամենամոտ գործընկերն ու ռազմավարական դաշնակիցը: Եվ հատկապես այս բարդ ժամանակներում շատ կարեւոր են մշտական շփումները եւ դիրքորոշումների հստակեցումը:

Դուք նշեցիք, ես էլ եմ ցանկանում նշել ռուսաստանյան խաղաղապահների առաքելությունը Լեռնային Ղարաբաղում: Պետք է խոստովանել, որ դա այնքան էլ հեշտ առաքելություն չէ: Մենք բազմաթիվ անգամներ խոսել ենք դրա մասին: Մենք շատ բարձր ենք գնահատում Ռուսաստանի խաղաղապահների գործունեությունը Լեռնային Ղարաբաղում, Լաչինի միջանցքում, եւ ես կարծում եմ, որ դա շատ կարեւոր է ընդգծել: Ընդհանրապես, Լեռնային Ղարաբաղում անվտանգության ապահովման իմաստով կան նրբություններ, որոնք մենք մշտապես քննարկում ենք, եւ կարծում եմ` այսօր էլ շատ տեղին կլինի այդ հարցերը քննարկել:

Մեր երկրների առեւտրատնտեսական հարաբերություններին վերաբերող հարցերը նույնպես ավանդական բնույթ են կրում: Շատ ուրախալի է, որ հետհամավարակային շրջանում մեր առեւտրատնտեսական հարաբերությունները ոչ միայն վերականգվել են, այլ նաեւ որոշակի նոր դրական զարգացումներ կան, որոնց մասին մենք խոսեցինք ֆորումի ժամանակ:

Իհարկե, մեր հարաբերությունների օրակարգը շատ հագեցած է, եւ ես վստահ եմ, որ այսօր նույնպես կունենանք բովանդակալից եւ հագեցած զրույց: Եւս մեկ անգամ շնորհակալություն ջերմ ընդունելության համար»:

 

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄԵԶ ՕՏԱՐ ՉԷ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն Արեւելյան տնտեսական ֆորումում  պատասխանել է հարցին, թե ինչպես է վերաբերվում ռուս միգրանտներին, որոնք տեղափոխվել են Հայաստան: «Ռուսաստանի քաղաքական ղեկավարությունը ողջունում է այն ամենը, ինչը ռուսական բիզնեսի օգտին է: Եթե հիմա իրավիճակն այնպես է ձեւավորվել, որ մարդկանց, իսկ դրանք հիմնականում ՏՏ ոլորտի ներկայացուցիչներն են, առավել նպատակահարմար է աշխատել այնտեղ, ապա, ի սեր Աստծո, թող աշխատեն: Հայաստանը մեզ համար օտար երկիր չէ, կարելի է աշխատել Երեւանում, իսկ փաստացի ապրել Մոսկվայում»,- ասել է Պուտինը:

 

 

 

ԿԱՐԳ ԿՍԱՀՄԱՆՎԻ

Պատմական արժեք ունեցող բնակավայրերի համար առաջիկայում պատմական միջավայրի պահպանությանն ուղղված ծրագրային փաստաթղթերի մշակման հստակ կարգ կսահմանվի: Քաղաքաշինության կոմիտեն մշակում է ՀՀ կառավարության որոշման նախագիծ՝ համագործակցելով շահառու գերատեսչությունների հետ:

 

 

 

 

ՀԱՆՈՒՆ ՀՐԱՏԱՊ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ

Կովկասի հարցերով բանակցություններում ԱՄՆ պետքարտուղարի գլխավոր խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ֆիլիպ Ռիքերը այս շաբաթ կայցելի Հայաստան։

«Մենք ակնկալում ենք, որ սա տարածաշրջան կատարվելիք պարբերական այցերից առաջինը կլինի։ Նա այս երեկո մեկնում է ու կլինի Հայաստանում, Վրաստանում եւ Ադրբեջանում։ Բոլոր երեք երկրներում հանդիպելու է բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ քննարկելու տարածաշրջանին առնչվող հիմնական հարցերը, ինչպես նաեւ որոնելու ուղիներ՝ աջակցելու գործընկերներին ու ուղղակիորեն եւ կառուցողական ներգրավվելու՝ հանուն հրատապ խնդիրների լուծման եւ տարածաշրջանային հետագա համագործակցության»,- ասել է Պատելը։

 

 

 

«ԲԻԶՆԵՍ ՆԱԽԱՃԱՇ»

Փոխվարչապետ Համբարձում Մաթեւոսյանը սեպտեմբերի 7-ին «Բիզնես-նախաճաշ»-ի ձեւաչափով հերթական հանդիպումն է ունեցել Հայաստանում օտարերկրյա ներդրումներով ընկերությունների երկու տասնյակը գերազանցող ղեկավարների եւ ներկայացուցիչների հետ: Ընկերությունների ներկայացուցիչները շնորհակալություն են հայտնել Հայաստանի կառավարությանն ու ժողովրդին ջերմ ընդունելության ու հյուրընկալության համար եւ հիմնականում ընդգծել, որ Հայաստանում իրենց գործունեությունը շարունակելու ու ավելի շատ աշխատակիցներ ներգրավելու նպատակ ունեն:

 

 

 

 

ԴԱԴԱՐԵՑՎԵԼ ԵՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Մկրտչյանի լիզորությունները դադարեցվել են: Նրա պաշտոնավարման ժամկետը լրացել է օգոստոսի 3-ին: ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ ներկա պահին նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունները կատարում է Գագիկ Պողոսյանը:

 

 

 

 

ՖԻԶԻԿԱՊԵՍ ՉԵՆ ԿԱՐՈՂ

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության քաղաքացիական գործեր քննող դատավորները հայտնվել են լուրջ խնդրի առաջ: ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ քաղաքացիական գործերը քննող դատարանում պայթյունավտանգ իրավիճակ է, եւ դատավորները չեն կարողանում իրավիճակից ելք գտնել: Բանն այն է, որ քաղաքացիական գործեր քննող դատավորները 40-ն են: Օգոստոս ամսին դատավորների զգալի մասը գնում է արձակուրդ եւ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահը միջոցներ չի ձեռնարկում դատարաններն ապահովելու անհրաժեշտ թվով դատավորներով. օգոստոս ամսին քաղաքացիական գործերը քննելու համար աշխատում են շատ քիչ թվով դատավորներ, որոնց էլ մեկ օրվա ընթացքում մակագրվում է 100 գործ:

Դատավորները ներկա պահին հայտնվել են խնդրի առաջ: Ըստ մեզ հասած լուրերի՝ ստացված գործերը մնացել են դատարանի պատերի տակ, քանի որ դատավորները չեն հասցնում գործերը քննել: Ավելին, մեզ հասած լուրերի համաձայն՝ օգոստոս ամսին ստացված բոլոր գործերով նիստերը միգուցե նշանակվեն հոկտեմբեր -նոյեմբեր ամիսներին, քանի որ դատավորները չեն կարող ֆիզիկապես մեկ օրվա մեջ 100 գործ ուսումնասիրել:

 

 

 

ՔԱՂԱՔԱՑԻՆ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է

ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն՝ քիչ առաջ Էջմիածնի կրակոցների գործով ձերբակալվել է ենթադրյալ սպանություն կատարած անձը, որը Էջմիածին քաղաքից է եւ հայտնի է Ուջանիկ անունով:

Հիշեցնենք, որ կրակոցների հետեւանքով հիվանդանոց էին տեղափոխվել Վաղարշապատ քաղաքի բնակիչ 27-ամյա Ա. Միքայելյանը, որն ունեցել է «կրծքավանդակի առաջնային պատի հրազենային վիրավորում», 27-ամյա Ա. Առաքելյանը: Կարճ ժամանակ անց Ա. Միքայելյանը, գիտակցության չգալով, մահացել էր, իսկ, ահա, վիրավորված Ա. Առաքելյանը տեղափոխվել էր Երեւան եւ վիրահատվել:

 




Լրահոս