ԱԺ ընդդիմադիր խմբակցություններն այսօր հանդիպել են Նենսի Փելոսիին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ԱՄՆ ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիին հանդիպել են նաեւ ԱԺ ընդդիմադիր «Պատիվ ունեմ» եւ «Հայաստան» խմբակցությունների պատգամավորները: Հանդիպմանը մասնակցել են ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը, «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Վահե Հակոբյանը, Աննա Գրիգորյանը, «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը, պատգամավոր Թագուհի Թովմասյանը:

Լրագրողների հետ զրույցում «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը նշեց, թե քքննարկման հիմնական թեման եղել է ԼՂ հակամարտության խնդիրը. «Քննարկվել է Մինսկի խմբի աշխատանքների վերսկսման հարցը եւ դրանց՝ իրական, ճիշտ ուղու վրա դնելը»։

Մամիջանյանը չնշեց, թե այդ հարցի առնչությամբ Նենսի Փելոսիի կողմից ինչ արձագանք է եղել, միայն նշեց, որ արձագանքը եղել է բարեբեր։

Իր հերթին Իշխան Սաղաթելյանը նշեց. «Շատ հստակ փոխանցեցինք մեր դիրքորոշումը, որ Ադրբեջանը, որը շարունակում է պատերազմը, մեզ համար անընդունելի է ամերիկյան պետության աջակցությունն Ադրբեջանին։ Խոսքը ռազմաքաղաքական աջակցության մասին է։ Դրանից Ադրբեջանը դառնում է ավելի սանձարձակ ու լկտի, շարունակում է ագրեսիան Հայաստանի Հանրապետության դեմ։ Խոսեցինք 907 բանաձեւի մասին եւ հաջորդ տարի օգնությունները դադարեցնելու անհրաժեշտության մասին»:

Նշենք, որ ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների հետ հանդիպումից առաջ Նենսի Փելոսին հանդիպել է նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։




Լրահոս