Հասարակության եւ լրատվամիջոցների առջեւ թափանցիկ լինելու խոստում տված իշխանությունները շարունակում են չկատարել դրանք, ընդդիմադիր պատգամավորներից շատերը եւս չեն շտապում հաշվետու լինել լրատվամիջոցներին: Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթը դեռ օգոստոսի 30-ին գրավոր հարցում էր ուղարկել ԱԺ բոլոր 107 պատգամավորներին՝ հետաքրքրվելով, թե 2022 թվականի ամռանը ԱԺ պատգամավորները որտեղ են մեկնել հանգստի, ում հետ եւ որքան գումար են ծախսել:
Սակայն այս ընթացքում քիչ թվով պատգամավորներն են պատասխանել մեր հարցմանը: Այսպիսով, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից հարցմանը պատասխանել է 5 պատգամավոր, այսինքն՝ 71 պատգամավորներից ընդամենը 14.2 տոկոսը:
Պատասխանել են ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, պատգամավորներ Խաչատուր Քոքոբելյանը, Նարեկ Գրիգորյանը, Գևորգ Պապոյանն ու Արմեն Խաչատրյանը: Նրանք բոլորը նշել են, որ հանգստի չեն մեկնել, հետեւաբար գումար չեն ծախսել: Իսկ ահա ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը մեզ փոխանցեց, թե նման տեղեկատվությունը գաղտնի է եւ հրապարակման ոչ ենթակա:
«Հայաստան» խմբակցությունից մեր հարցմանը պատասխանել է 6 պատգամավոր, այսինքն՝ 29 պատգամավորներից 4.8 տոկոսը՝ Սեյրան Օհանյան, Իշխան Սաղաթելյան, Արթուր Խաչատրյան, Արեգնազ Մանուկյան, Լիլիթ Գալստյան եւ Արմեն Գեւորգյան: Նրանք եւս հանգստի չեն մեկնել:
Իսկ ահա Պատիվ ունեմ խմբակցությունից հարցմանը պատասխանել են թվով ավելի շատ. Տարոն Մարգարյան, Թագուհի Թովմասյան, Տիգրան Աբրահամյան, Մարտուն Գրիգորյան: