ԶՈՀՎԱԾՆԵՐ ԵՎ ԱՆՀԵՏ ԿՈՐԱԾՆԵՐ՝ 207 ԱՆՁ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայաստանի Հանրապետությունն իրեն հասու բոլոր միջոցներով պաշտպանելու է իր անկախությունը, ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը». ՀՀ Անվտանգության խորհուրդ:

 

Սեպտեմբերի 19-ին վարչապետ Ն. Փաշինյանի գլխավորությամբ՝ տեղի է ունեցել ՀՀ Անվտանգության խորհրդի նիստ, որտեղ ընդունվել է հետեւյալ հայտարարությունը.

2022 թվականի սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը Ադրբեջանի զինված ուժերը լայնածավալ ագրեսիա են սկսել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ՝ խոշոր տրամաչափի զինատեսակների, հրետանու, հրթիռային համակարգերի, անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ:

Ագրեսիայի հետեւանքով զոհվածների եւ անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում՝ զոհվել է քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 3 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող: Առկա են ապացույցներ՝ հայաստանցի գերեվարված կամ զոհված զինծառայողներին ադրբեջանցիների կողմից խոշտանգումների ենթարկելու, անդամահատելու, այդպիսով՝ ապօրինի կերպով կյանքից զրկելու դեպքերի վերաբերյալ:

Ադրբեջանի զինված ուժերի կողմից թիրախավորվել են 36 բնակավայրեր, այդ թվում՝ Գորիս, Սիսիան, Կապան, Ջերմուկ, Վարդենիս, Տեղ, Գեղամասար համայնքները, ինչի հետեւանքով մասնակի կամ ամբողջական ավերվել են 192 տուն, 3 հյուրանոց, 2 դպրոց, 1 բժշկական հաստատություն, 1 հանդիսությունների սրահ, 4 անասնագոմ: Վնասվել է 7 էլեկտրական ենթակառուցվածք, 5 ջրային ենթակառուցվածք, 3 գազամուղ, 1 կամուրջ, 2 ավտոճանապարհ, 1 փողոց: Թիրախավորվել են շտապօգնության 2 մեքենաներ, 4 անձնական օգտագործման ավտոմեքենաներ:

Ադրբեջանի Զինված ուժերը մի քանի ուղղություններով մխրճվել են Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք: Հայաստանի Զինված ուժերի համառ եւ հերոսական դիմադրության եւ միջազգային հանրության ներգրավման շնորհիվ Ադրբեջանի հարձակումը կասեցվել է, սակայն ռազմաքաղաքական իրադրությունը շարունակում է մնալ լարված:

Ադրբեջանի կողմից վարվող ագրեսիվ քաղաքականությունը՝ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու, տարածաշրջանային կոմունիկացիաների բացման, ԼՂ հիմնախնդրի համապարփակ կարգավորմանն ուղղված ջանքերը վիժեցնելու եւ Հայաստանի Հանրապետությանն ուժային լուծումներ պարտադրելու նպատակ ունեն:

Հայաստանի Հանրապետությունը, որդեգրած լինելով խաղաղություն հաստատելու, տարածաշրջանային կոմունիկացիաների բացման օրակարգ՝ անընդունելի է համարում Ադրբեջանի կողմից վարվող սպառնալիքի եւ հարկադրանքի քաղաքականությունը:

Անվտանգության խորհուրդը հայտարարում է, որ Հայաստանի Հանրապետությունն իրեն հասու բոլոր միջոցներով պաշտպանելու է իր անկախությունը, ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը:

Ադրբեջանական զորքերը պետք է դուրս գան ՀՀ օկուպացված տարածքներից:

Միջազգային հանրությանը կոչ ենք անում Ադրբեջանի վրա շարունակաբար ճնշումներ գործադրել՝ ՀՀ ինքնիշխան տարածքների օկուպացիային վերջ դնելու եւ զորքերը ետ քաշելու ուղղությամբ եւ ողջունում ենք բոլոր այն երկրներին եւ կազմակերպություններին, որոնք հանդես են եկել հստակ դիրքորոշմամբ:

Միեւնույն ժամանակ վերահաստատում ենք միջազգային հանրության պատասխանատու անդամի պարտավորությանը հավատարիմ մնալու Հայաստանի Հանրապետության հանձնառությունը:

 

 

 

 

10 ՔԱՂԱՔԱՑԻ ՀՈՍՊԻՏԱԼԱՑՎԵԼ Է

Սեպտեմբերի 19-ին՝ ժամը 10։41-ին,  Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ապարան-Քուչակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ-ից։

«Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Ապարան-Քուչակ ավտոճանապարհի 4-րդ կմ-ին բախվել են Արթիկ-Երեւան երթուղին սպասարկող «ԳԱԶել» (վարորդ՝ Մ. Հ., ծնված 1991 թ.) եւ «Opel Astra» (վարորդ՝ Պ. Մ., ծնված 1983 թ.) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետեւանքով վերջինս դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից (մոտ 10 մ) եւ գլխիվայր շրջվել։ Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, վարորդները եւ «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենայի ուղեւորները տեղի ուժերով դուրս են բերվել եւ տեղափոխվել Ապարան քաղաքի ԲԿ։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները եւ «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենայի 5 ուղեւորի մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային»,- ասված է հաղորդագրությունում։

 

 

 

 

ԽՈՇՏԱՆԳՎԱԾ ԿՆՈՋ ՄԱՐՄԻՆ

Սոթք, Կութ, Նորաբակ համայնքները ամենաշատն են տուժել ադրբեջանական վերջին հարձակումից, «Ազատության» «Ֆեյսբուքյան ասուլիսի» շրջանակներում ասաց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը: Ռազմական վերջին գործողությունների հետեւանքով կա 7600 տեղահանված:

Հարցին, թե ինչու էր կոչ անում չտարածել տեսանյութը, որում երեւում է խոշտանգված զինծառայող կնոջ կտտանքների ենթարկված մարմինը, որի վրա գրված է «յաշմա», եւ արդյոք իրենք բոլոր ելույթներում հենց այդ դեպքից չպիտի՞ խոսեն, Քրիստինե Գրիգորյանը պատասխանեց, որ միջոցներ արդեն ձեռնարկել են:

«Մասնագիտական բժշկական վերլուծության ենթարկված՝ տեսանյութը արդեն իսկ ուղարկվել է թե՛ ՄԱԿ-ի, թե՛ Եվրոպայի խորհրդի համապատասխան հանձնաժողովներին, աշխատանքային խմբերին, եւ ես հետեւողականորեն եմ աշխատելու այս առումով` հետեւելով, որ սրան պատշաճ գնահատական տրվի:

Կին զինծառայողին թիրախավորել էին  ոչ միայն նրա համար, որ ինքը զինծառայող է, ոչ միայն նրա համար, որ հայ էր, այլեւ նրա համար, որ ինքը կին էր, եւ այդ առանձնահատուկ դաժանությունը պատշաճ կերպով ներկայացվել է բոլոր կոմպետենտ մարմիններին»,- հավելեց նա:

Իսկ արդյո՞ք այդ դեպքի մասին հայտնել է ԱՄՆ ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիին, ով Հայաստանում էր այցով, ՄԻՊ-ն ասաց, որ խոսնակի հետ հանդիպում չի ունեցել. «Բայց լավագույն ջանքը դրված է եղել, եւ մեր զեկույցը հասանելի է եղել դիվանագիտական մեր կոլեգաներին, այդ թվում` պատշաճ կերպով տրվել է դեսպանատան անձնակազմին՝ բարձրաստիճան պատվիրակությանը փաստերը ներկայացնելու համար»:

 

 

 

 

ՊԵՏԱԿԱՆ ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅՈՒՆ

Պետական դավաճանության գործով հերթական քաղաքացին է կալանավորվել: ArmLur.am-ին հասած լուրերի համաձայն՝ Վահե Բաբայանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա կատարել է պետական դավաճանություն, պետական դավաճանության դրդչության փորձ եւ պատերազմի ժամանակ դիտավորությամբ վնասել է ռազմական տեխնիկան ու ռազմամթերքը: Հիշեցնենք, որ Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտը մեկը մյուսի հետեւից մեղադրանք է առաջադրում եւ կալանավորում է Սյունիքի մարզի բնակիչներին՝ պետական դավաճանության համար: Այս տարվա ընթացքում արդեն 5 տարբեր քրեական գործեր են ուղարկվել դատարան:

 

 

 

 

ԱՌԱՋԻՆ ՔՐԳՈՐԾ

Գարիկ Մկրտումյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ քաղաքացի, կատարել է պետական դավաճանություն:

Օգոստոսի 26-ին դատարան է գնացել Մարսպետ Հովսեփյանի նկատմամբ հարուցված քրեական գործը, եւ նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ քաղաքացի, կատարել է պետական դավաճանություն:

Օգոստոսի 9-ին դատարան է ուղարկվել Լեւոն Գաբրիելյանի քրեական գործը, եւ նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ քաղաքացի, կատարել է պետական դավաճանություն:

Օգոստոսի 1-ին դատարանում է գտնվել Դավիթ Ղահրամանյանի քրեական գործը: Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ քաղաքացի, կատարել է պետական դավաճանություն, ապօրինի կերպով ձեռք է բերել, փոխադրել եւ պահել ռազմամթերք:

Հուլիսի 27-ին դատարան է մուտք եղել Արգամ Սեդրակյանի քրեական գործը, եւ նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ քաղաքացի, կատարել է պետական դավաճանություն: Դատելով նախաքնական մարմնի բացահայտումից՝ մարզում տղամարդիկ պետական դավաճանությամբ են զբաղվել. տեսնենք, թե ինչ կբացահայտվի դատարանում, եւ ինչ կորոշի դատարանը:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

 

 

ՄԵԿՈՒՍԱՑՎԵԼ Է

Սեպտեմբերի 19-ին՝ ժամը 00։39-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երեւանի Սեւանի փողոցի 2-րդ նրբանցքի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից։ Հրդեհի բարդության աստիճանը բարձրացվել է «Թիվ 2» կանչի:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 02։03-ին, մարվել՝ 03։10-ին։ Այրվել են Սեւանի փողոցի 2-րդ նրբանցքի տներից մեկի տանիքը (մոտ 130 քմ), հարեւանությամբ գտնվող տունը (40 քմ) եւ տանը կից խորդանոցը (մոտ 15 քմ)։

Փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից բնակելի տներ։

 

 

 

 

 

 




Լրահոս