ԱԺ աշխատանքը՝ գլխացավանք. իշխանությունը փակուղու մեջ է. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՀՀ Ազգային ժողովի աշխատանքը դարձել է իսկական գլխացավանք ինչպես իշխանության, այնպես էլ ընդդիմության համար: Բանն այն է, որ ընդդիմությունը թեեւ հայտարարել է, որ սեփական օրակարգով միայն խորհրդարանի դահլիճ կմտնի, սակայն մինչ օրս չի հաջողվում հաղթահարել շատ արգելքներ եւ մտնել դահլիճ ու կողք կողքի նստել ՔՊ խմբակցության անդամների հետ: Այդպես հարցը առկախվել է:

Իշխանության համար եւս պրոբլեմ է, քանի որ, «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները վստահեցնում են, եվրոպական մի շարք այլ երկրների, ԱՄՆ-ի ներկայացուցիչներ ՔՊ-ականների հետ ամենատարբեր հանդիպումների ժամանակ պահանջ են դնում ապահովել ԱԺ-ի բնականոն գործունեությունը: Դա նշանակում է, որ խորհրդարանում պետք է ներկայացված լինեն ե՛ւ ընդդիմադիրները, ե՛ւ իշխանության ներկայացուցիչները, լինեն կարծիքների բախումներ: Իշխանությունն էլ փակուղու մեջ է. չեն կարող ընդդիմադիրներին համոզել գալ խորհրդարան, բայց չեն էլ կարող երկար ժամանակ մոնոլոգի վերածված նիստեր անցկացնել, իրենք խոսեն, իրենք լսեն:

Իշխանությունն, իհարկե, պատժամիջոցներ կիրառում է փողոցում պայքարի դուրս եկած ընդդիմադիրների նկատմամբ, բայց դեռ անարդյունք: Սեպտեմբերին եւս ընդդիմադիր պատգամավորները, ինչպես նախորդ ամիսներին, չեն ստանա իրենց հասանելիք աշխատավարձը, իսկ իշխանական պատգամավորները պարբերաբար ստանում են ոչ միայն ամբողջական աշխատավարձը, այլեւ պարգեւավճարներ:

Ամբողջական հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս