1991 ԹՎԱԿԱՆԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպման ժամանակ առաջարկել է Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի համար հիմք ընդունել 1991 թվականին ստորագրված ԱՊՀ-ն կազմավորելու մասին համաձայնագրի սահմանները: Այս առնչությամբ ArmLur.am-ը զրուցել է գեոդեզիստ–քարտեզագիր Շահեն Շահինյանի հետ:

 

-Պարո՛ն Շահինյան, 1991 թվականին ստորագրված ԱՊՀ-ն կազմավորելու մասին համաձայնագրի սահմանները եւ Նյու Յորքում վարչապետի ելույթի ժամանակ հնչած 29.800 կմ-ը նո՞ւյն սահմաններն են ենթադրում:

-Ըստ էության, երկու հայտարարությունում էլ խոսք է գնում նույն սահմանների մասին, սակայն չկա հստակեցում, թե որ սահմանի մասին է գնում խոսքը: Սահմանները պետք է հստակ ինչ-որ իրավական փաստաթղթով լինեն, դա կարող է ոչ հիմնավոր լինի, բայց փաստաթուղթ լինի: Չի կարելի հստակ ասել, թե որ քարտեզի մասին է խոսքը, սակայն այն հնչած գաղափարը, որ պետք է հիմք ընդունել 1991 թվականին գործող սահմանները, ապա այդ թվականին, քանի որ արդեն իսկ պատերազմ էր ընթանում, ապա այնտեղ արդեն իսկ սահմանային որոշ վերատեղակայումներ կային: Եվ պետք է հստակ հաշվի առնել, որ դա տարբերվելու է ցանկացած գոյություն ունեցող քարտեզից: Ես նախկինում էլ եմ նշել, որ առաջին հերթին սահմանազատման աշխատանքներում պետք է հստակեցվի, թե ինչ սկզբունքով են ընթանալու սահմանազատման աշխատանքները: Քանի դեռ այդ սկզբունքները հրապարակված չեն, չի կարելի խոսել պետության մասին:

-Այսինքն՝ հստակ չե՞ն այն սահմանները, որոնք եղել են 1991 թվականին եւ որոնք որպես հիմք են հայտարարվում:

-Միանշանակ, քանի որ 1991 թվականին Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ոչ թե եղել է սահման, այլ եղել է ռազմաճակատ: Հայաստանի սահմանը, այսինքն՝ 29 743 քառակուսի կիլոմետրի մասին երբ գնում է խոսքը, 1970-ականների թվականի քարտեզներով սահմանված այն տարածքներն են, որտեղ կան եւ՛ անկլավներ, եւ՛ կան Հայաստանի Խորհրդային Հանրապետության զիջած տարածքները: Այսինքն՝ սա այն վերջին թիվն է, որը ֆիքսվել է Սովետական Միության վերջին հրապարակված քարտեզներով: Իսկ վերջին հրապարակված քարտեզները եղել են 1980-1988թթ., դրանից հետո քարտեզի թարմացում Հայաստանի տարածքում չի արվել: Երբ խոսք է գնում այս մակերեսի մասին, ապա պետք է հասկանալ, որ այնտեղ կան անկլավներ:

-Սահմանազատման եւ սահմանագծման մասին խոսք գնաց, տարբեր տարեթվերի քարտեզների մասին խոսք գնաց. ո՞ր թվականի քարտեզն է ավելի ձեռնտու Հայաստանին:

-Հայաստանին միանշանակ ձեռնտու են այն քարտեզները, որոնք ավելի շատ տարածք են Հայաստանի համար նախատեսում, սակայն պետք չէ լինել ծավալապաշտ եւ փորձել ձեռք բերել ամեն ինչ: Մենք պետք է լինենք ռացիոնալ եւ փորձենք խնդիրը լուծել արդարացիորեն: Միգուցե իմ ասածը ծանր է հնչում, բայց անգամ թշնամու հետ դու պետք է փորձես քո հարցը կարգավորել արդարացիորեն, որպեսզի այդ պայմանավորվածությունն ունենա դարերի կամ տասնամյակների կյանք: Այստեղ թյուր է այն ըմբռնումը, որ եթե Ադրբեջանի հետ մենք կարողանանք կնքել մաքսիմալ մեզ համար լավ պայմանագիր, դա երկար է լինելու: Այսինքն՝ այն պետք է լինի միանշանակ փոխզիջումային եւ ընդունելի երկու կողմերի համար: Երբ նայում ենք մենք հիմքերի տեսանկյունից, էլի պետք է վերադառնանք սկզբունքներին. եթե, օրինակ, մենք հիմք եք ընդունում այն տարածքները, որով մտել է ԽՍՀՄ տարածք, ապա կարող են հիմք ծառայել 1926 -1932 թթ. քարտեզնեհո: Եթե հիմք ենք ընդունում վերջին վերահաստատված քարտեզները, ապա դրանք ավելի ուշ ժամանակների քարտեզներ են: Իսկ եթե գնում ենք դե ֆակտո զբաղեցված տարածքներով սահմանզատման, ապա խոսք է գնում 1970-ական քարտեզների մասին, սակայն վերջին ժամանակներս դրանից էլ պակաս տարածք է զբաղեցնում ՀՀ-ն:

-1991 թվականի սահմանները փոխզիջումային տարբերակ կարո՞ղ ենք դիտարկել, ի՞նչ սահմաններ է այն ենթադրում:

-1991 թվականի դե ֆակտո իրավիճակով անգամ Ադրբեջանն այդ տարբերակին կարող է չհամաձայնել, քանի որ այնտեղ արդեն եղել էին մարտական գործողություններ, եւ հայկական կողմն ուներ ամուր դիրքեր: Դրանից հետո արդեն գոյություն ունի ՀՀ ներպետական մակարդակով ստեղծված քարտեզներ, շարք գոյություն ունի, այնտեղ, իհարկե, արտաքին սահմանների ճշգրտման աշխատանքներ չեն իրականացվել, սակայն կան թարմացված քարտեզներ: ՀՀ-ն, ըստ էության, փոխճանաչման պայմանագրեր հարեւան ոչ մի պետության հետ չունի:  1991 թվականի իրավիճակով եւ մինչեւ 2020 թվականի սեպտեմբերի 27-ի իրավիճակով սահմանները եղել են նույնը: Դրանից հետո իրականացվել են արդեն իսկ փոփոխություններ սահմանային իրավիճակի, եւ տեսանք, որ նոյեմբերի 9-ից հետո սահմանին իրականացված ռազմական գործողություններով ՀՀ տարածքն աստիճանաբար փոքրացվել է, եւ արդեն ունենք պաշտոնական թիվ, որ 40 քառակուսի կիլոմետրով փոքրացել է:

-Այսինքն՝ ստացվում է՝ Ադրբեջանը պետք է վերադառնա ելման դիրքե՞ր:

-Ոչ միայն պետք է վերադառնան ելման դիրքեր, այլ նաեւ համաձայնեն այն սահմանային իրավիճակին, որը գոյություն ուներ 1991 թվականին փաստացի: Որքանով ես եմ հետեւում իրավիճակին, Ադրբեջանն անգամ այս տարբերակին համաձայն չէ եւ ծավալապաշտական նկրտումներով համաձայն չէ: Իրենք չեն ճանաչում ՀՀ ոչ մի տարածք, եւ եթե իրենց ֆեյք քարտեզին նայենք, Հայաստանը պետք է լինի 10-12 հազար քառակուսի կիլոմետր տարածք, զբաղեցնի ներկայիս ՀՀ չորս մարզն ամբողջությամբ եւ երկու մարզը մասնակի:

Զրուցեց ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ

 

 

 

 

 

ԾՐԱԳՐԻ ԱՐԺԵՔԸ՝ 51 ՄԼՆ 578 ՀԱԶԱՐ ԴՐԱՄ

Համայնքների տնտեսական եւ սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրով՝ կառավարություն-համայնք համագործակցության արդյունքում Աշոցքում ընթացքի մեջ են մի շարք օբյեկտների վերանորոգման եւ վերակառուցման աշխատանքներ։

 

Շիրակի մարզպետարանից հայտնում են, որ մարզպետի հանձնարարությամբ ծրագրերի ընթացքին ծանոթանալու, աշխատանքներում թերացումներն ու ձգձգումները բացառելու նպատակով մարզպետարանի ոլորտային պատասխանատուները այցելել են համայնք։

«Հերթական այցելության ընթացքում ոլորտային պատասխանատուները հետեւել են Աշոցք բնակավայրի պուրակի կառուցման աշխատանքներին: Կառավարության 45 տոկոս համաֆինանսավորման արդյունքում 2022-2023 թթ. կիրականացվի 127 մլն 607 հազար դրամի աշխատանք։ Աշխատանքների առաջին փուլի ընդհանուր արժեքը 42 մլն 420 հազար դրամ է։ Շինաշխատանքներն իրականացնում է «Գունաշեն» ՍՊԸ-ն։ Նախորդ այցելության ընթացքում արձանագրված թերացումները վերացվել են։ Պատասխանատուները կապալառու կազմակերպությանը եւ համայնքի ներկայացուցիչներին տվել են հանձնարարություններ՝ հորդորելով բացառել բացթողումները։

Կառավարություն-համայնք համագործակցության արդյունքում Աշոցքի Սարագյուղ, Բավրա, Ղազանչի բնակավայրերում էլ բնական գազի ներքին ցանցի կառուցման աշխատանքներ են իրականացվում: Ծրագրի ընդհանուր արժեքը 51 մլն 578 հազար դրամ է։ Պետական ներդրման մասը 60 տոկոս է, համայնքը կներդնի գումարի 40 տոկոսը։ Կապալառու կազմակերպությունները «Պապ եւ Դավիթ» եւ «Ռոստորգ» ՍՊԸ-ներն են»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Ըստ աղբյուրի՝ իրականացվում են նաեւ Աշոցք համայնքի Աշոցք, Սիզավետ, Բավրա, Ցողամարգ, Գոգհովիտ, Արփենի, Մուսայելյան, Փոքր Սարիար եւ Սալուտ բնակավայրերի համայնքային կենտրոնների նորոգման եւ վերակառուցման աշխատանքները: Պատասխանատուները հետեւել են Աշոցք եւ Արփենի բնակավայրերի համայնքային կենտրոնների վերանորոգման աշխատանքներին: Ծրագրի նախահաշվային ընդհանուր արժեքը կազմում է 66 մլն 393 հազար դրամ, պետությունը տրամադրում է գումարի 50 տոկոսը։ Աշոցք եւ Փոքր Սեպասար բնակավայրերում իրականացվում են նաեւ փողոցների ասֆալտապատման աշխատանքներ։ Ծրագրի նախահաշվային ընդհանուր արժեքը կազմում է 64 մլն 379 հազար դրամ, որից պետության համամասնությունը կազմում է 50 տոկոս։

Նշվում է, որ արձանագրված թերացումների վերացման մասով պատասխանատուները կապալառու կազմակերպությունների եւ համայնքների ներկայացուցիչներին տվել են հանձնարարություններ՝ հորդորելով բացթողումները վերացնել ամենասեղմ ժամկետներում։

 

 

 

 

ԱՆՕՐԻՆԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ

Ավելի քան մեկ տարի է, ինչ Իջեւանի գինու, կոնյակի գործարանի կողմից Աղստեւ գետի հունում եւ ափին մեծածավալ անօրինական աշխատանքների, բետոնե հսկա պատ կառուցելու հետեւանքով գետի հունը փոխվել, խորացել է, այլեւս Իջեւանի դենդրոպարկը Աղստեւից ոռոգման ջուր չի ստանում։ Դրա հետեւանքով հազվագյուտ, արժեքավոր ծառատեսակներով եւ թփերով հայտնի Իջեւանի դենդրոպարկում ավելի քան 200 տեսակի ծառ եւ թուփ է չորացել։ Անօրինական հրամանով աշխատանքից ազատված Իջեւանի դենդրոպարկի երկարամյա տնօրեն Մեխակ Սայադյանն իրեն աշխատանքից ազատելու հրամանը չեղարկելու, աշխատանքում վերականգնելու, հարկադիր պարապուրդի գումարը բռնագանձելու հայցով դիմել է Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարան, դատարանը նրա օգտին որոշում է կայացրել, «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ը սահմանված ժամկետում չի բողոքարկել դատարանի այդ որոշումը, այն օրինական ուժի մեջ է մտել, Մ. Սայադյանը վերականգվելու է  դեդրոպարկի տնօրենի պաշտոնում։ Նա հայտնեց, որ իրեն այդքան էլ չի ուրախացնում պաշտոնում վերականգնվելը, այլ  իրեն մտահոգում է այն, որ իր հոր՝ Լյուդվիգ Սայադյանի կողմից 60 տարի առաջ ստեղծված դենդրոպարկը  Իջեւանի գինու, կոնյակի գործարանի կատարած անօրինությունների հետեւանքով չորանում է։ Նիկոլ Փաշինյանի վարչապետության օրոք նրա հայրենի քաղաք Իջեւանի մարգարիտ համարվող դենդրոպարկը պետական պաշտոնյաների անխոհեմ որոշումների, Իջեւանի գինու, կոնյակի գործարանի կողմից ապօրինությունների հետեւանքով ոչնչացման եզրին է։ Իջեւանի գինու, կոնյակի գործարանի վերաբերյալ քրեական գործը ավելի քան մեկ տարի «քնեցնում են»։

 

 

 

 

 

ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ ԵՆ

Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերից շատ երիտասարդներ հիմնական բնակության են տեղափոխվում Երեւան, այնտեղ բնակարան վարձակալում։ Մայրաքաղաք տեղափոխվողների մեջ մեծ թիվ են կազմում են ժամկետային զինծառայությունը նոր ավարտածները։ Երեւան տեղափոխվելու հիմնական պատճառը աշխատանք չունենալն է, իսկ Երեւանում ավելի հեշտ է գործ գտնելը։ Մայրաքաղաք տեղափոխված երիտասարդները, որոնք ծրագրավորողի որակավորում ունեն, հեշտ են աշխատատեղ գտնում։ Գյուղերից Երեւան տեղափոխվածներից միջին տարիքի տղամարդիկ հիմնականում աշխատում են տարբեր օբյեկտների շինարարությունում։ Ընտանիքներով տեղափոխվելու դեպքում ավելի հեշտ է լինում հոգալ Երեանում վերջերս շատ բարձրացած բնակվարձը։ Երիտասարդների մայրաքաղաք տեղափոխվելը դոմինոյի էֆեկտով բացասական ազդեցություն է թողնում գյուղերի վիճակի վրա։ Սահմանամերձ գյուղերում քիչ թվով հարսանիքներ են լինում, տարեցտարի պակասում է դպրոցների աշակերտների թիվը, գյուղական փոքր խանութներում առեւտրի շրջանառությունը նվազում է եւ այլն։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 




Լրահոս