Ի՞ՆՉ Է ՍՊԱՍՎՈՒՄ ՄԱՐԶԱՍԵՐՆԵՐԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պեկինի ամառային օլիմպիական խաղերից անցել է 14, իսկ ձմեռային խաղերից՝ հաշված ամիսներ, սակայն բոլոր սպորտային կառույցները ոչ միայն շարունակում են գործել, այլ նաեւ շարունակաբար ծառայում են իրենց նպատակին:

 

Պեկինի օլիմպիական այգին տեղակայված է Չաոյան թաղամասում եւ բացառիկ է նրանով, որ եղել է 2008 եւ 2022 թվականների օլիմպիական մարզաձեւերի հիմնական կենտրոնը: Այգում տեղակայված են խաղերի 9 հիմնական կառույցները, այդ թվում՝ 50 մետր երկարությամբ օլիմպիական լողավազանը, որը 2022 թվականի ձմեռային խաղերի համար վերածվել էր կյոռլինիգի մարզահամալիրի:

Խաղերի ավարտից ամիսներ անց Պեկինի ջրային մարզաձեւերի կենտրոնը կրկին ծառայում է լողորդներին եւ վերածվել է լողի ակումբի, բացի այդ, կառույցի մյուս հատվածում առկա է նաեւ երեխաների համար նախատեսված ջրաշխարհ: Ջրային կենտրոնի այցեքարտերից մեկը ներքին հարկերում տեղակայված սառցադաշտն է, որտեղ իրենց մարզումներն են անցկացնում տարբեր մարզաձեւերի ներկայացուցիչներ:

Մարզահամալիրի առանձին մի անկյունում իր ձեռքի հետքն է թողել բոլոր ժամանակների մեծագույն մարզիկներից մեկը` լողորդ Մայքլ Ֆելփսը: Այստեղ մեծ հպարտությամբ են հիշում, որ հենց Պեկինում է, որ Ֆելփսը նվաճել է իր ամենաշատ ոսկե մեդալները` 8 ոսկե մեդալ:

Օլիմպիական ենթակառույցները խաղերի ավարտից հետո էլ ծառայում են մարզասերներին իրենց ամբողջ ներուժով:

Չմշկավազքի ազգային կենտրոնը, որը տեղավորում է 12 հազար հանդիսական, բացառիկ ճարտարապետական լուծումներով սպորտային կառույց է: Հենց այստեղ` չմշկավազքի ազգային կենտրոնում էր, որ 2022 թվականի ձմեռային օլիմպիական խաղերում նոր ռեկորդներ գրանցվեցին, եւ թարմացվեցին նախորդները: Սահադաշտը բաց է պեկինցիների համար, որոնք անգամ սիրողական մակարդակով ցանկանում են սահել օլիմպիական արդեն իսկ լեգենդար սառույցի վրա:

Օլիմպիական խաղերի ավարտից հետո ոչ բոլոր երկրներին է հաջողվում պահպանել սպորտային կառույցները, սակայն Չինաստանը կարողացել է պահպանել սպորտային ենթակառուցվածքները եւ դրանք ծառայեցնում է երկրում սպորտի մասսայականացմանը:

 

 

 

 

ՆԿԱՐԱՀԱՆՈՒՄՆԵՐԸ ՍԿՍԵԼ ԵՆ

Առաջին ալիքի թիմը ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է հրապարակել Երեւանում կայանալիք «Մանկական Եվրատեսիլ 2022»-ի խորհրդանիշին նվիրված պրոմո հոլովակի նկարահանումներից։ Հոլովակի ռեժիսորը Արամայիս Սահակյանն է, հերոսուհին՝ «Մանկական Եվրատեսիլ 2021»-ի հաղթող Մալենան։

 

«Մանկական Եվրատեսիլ 2022» երգի մրցույթի խորհրդանիշը հոլն է, մրցույթի կարգախոսն է՝ «Պտտի՛ր հրաշքը»։ Հոլովակի նկարահանումներն իրականացվել են Երեւանի Կոնդ թաղամասում, Մանկական երկաթուղու այգում, Սքեյթ պարկում եւ Համալիրի տարածքում:

Միջազգայնորեն ճանաչված խաղալիքի այս տեսակը հատուկ է հայկական մշակույթին եւ զարդարված է ազգային նախշերով։ Այդ նախշերը Հայաստանում կարելի է տեսնել պատմական-ճարտարապետական հուշարձանների, գորգերի եւ հագուստի վրա։ Ավանդական փայտե խաղալիքներին տրվել է նեոնային տեսք, որն արտացոլում է ժամանակակից Հայաստանը։

Երեւանում կայանալիք 20-րդ՝ հոբելյանական մրցույթն անցկացվելու է դեկտեմբերի 11-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Այս տարի «Մանկական Եվրատեսիլ»-ին մասնակցում է 16 պետություն։

 

 

 

 

 

ՑԱՎԱԼԻ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը ցավալի է որակել Իռլանդիայի հավաքականից կրած պարտությունը:

«Շատ ցավալի արդյունք ստացվեց: Չգիտեմ, թե ինչու է Հայաստանի հավաքականի հետ նման բան տեղի ունենում, երբ հանդես է գալիս Իռլանդիայում: Կրկնվեց այն, ինչ եղել էր 2011 թվականին: Բայց այստեղ գնահատելի է այն, թե ինչպես թիմն արձագանքեց խաղադաշտում»,- խաղից հետո ասել է Կապառոսը:

Վերջինիս խոսքով` երկրորդ կեսում մրցակիցը սկսել է հասկանալ, որ Հայաստանի հավաքականը կարող էր փոխել հանդիպման ելքը:

Ազգերի լիգայի B դիվիզիոն 1-ին խմբի վերջին տուրում Հայաստանի հավաքականը, մրցելով Իռլանդիայի ընտրանու հետ, զիջել է 3:2 հաշվով: Ազգային թիմի կազմում գոլերի հեղինակներ դարձել են Արտակ Դաշյանը եւ Էդուարդ Սպերցյանը:

Հայաստանի հավաքականը ենթախմբում զբաղեցրեց վերջին հորիզոնականը` հավաքած 3 միավորով: Խոակին Կապառոսի գլխավորած թիմը 6 խաղերում սեփական դարպասն ընդունեց  17 գնդակ եւ մրցակիցների դարպասն ուղարկեց միայն 4-ը: B դիվիզիոնի 1-ին խմբում առաջին տեղը զբաղեցրեց Շոտլանդիան` 13 միավորով: Հայաստանի հավաքականը հանդես կգա ազգերի լիգայի C դիվիզիոնում:

 

 

 

 

ՄԻԱԿ ԳՈԼԸ՝ 88-ՐԴ ՐՈՊԵԻՆ

Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն մեկնաբանել է 1:0 հաշվով հաղթանակը Պորտուգալիայի թիմի նկատմամբ եւ Ազգերի լիգայի կիսաեզրափակիչի ուղեգիր նվաճելը։ Միակ գոլը 88-րդ րոպեին խփել է Մադրիդի «Աթլետիկոյի» հարձակվող Ալվարո Մորատան։

«Ֆուտբոլը հրաշալի մարզաձեւ է, որում հաղթանակը տխրության դեմ լավագույն հակաթույնն է։ Պորտուգալիան գերազանց թիմ է։ Առաջին խաղակեսում չափազանց շատ պահանջեցի վերահսկել գնդակը, եւ դա հաջողվեց։ Առաջին խաղակեսում մրցակցին ցույց տվեցինք, որ գնդակը մերն է։ Երկրորդ խաղակեսում զգացողություն ունեի, որ գոլն անպայման կլինի։ Մենք դարձյալ եզրափակիչ փուլում են, եւ դա մեծ ուրախություն է»,- Լուիս Էնրիկեի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։

Իսպանիան խմբում 11 միավորով գրավեց առաջին տեղը, Պորտուգալիան 10 միավորով զբաղեցրեց երկրորդ տեղը։ Կիսաեզրափակիչ են դուրս եկել նաեւ Նիդեռլանդների, Իտալիայի եւ Խորվաթիայի հավաքականները։ Ազգերի լիգայի կիսաեզրափակիչի հանդիպումները տեղի կունենան 2023թ. հունիսի 14-15-ին, եզրափակիչն ու երրորդ տեղի համար խաղը՝ հունիսի 18-ին։

 




Լրահոս