ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ ԽԱԲԵԼ Է. ՄԱՍ 103

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2 օրից Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարները կսկսեն խաղաղության պայմանագրի տեքստի քննարկումները: Երեկ Հանրային հեռուստաընկերության եթերում այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նկատենք՝ դեռ սեպտեմբերի 14-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել էր խաղաղության պայմանագրի մասին եւ հետո ԱԱԾ-ի շուրթերով հերքել այն: Խոսքը ՀՀ ԱԺ-ում ունեցած իր ելույթի մասին էր։ «Մենք ուզում ենք ստորագրել մի թուղթ, որի արդյունքում մեզ լիքը մարդ կքննադատի, կհայհոյի, դավաճան կասի, նույնիսկ կարող է ժողովուրդը որոշի մեզ իշխանությունից հեռացնել, էլի գոհ, շնորհակալ կլինենք, եթե դրա արդյունքում ՀՀ-ն՝  29.800 քկմ  տարածքով, ստանա տեւական խաղաղություն եւ անվտանգություն: Ես շատ հստակ ասում եմ՝ այն որոշումը, որ սա ապահովելու է, ես այդ որոշումը ստորագրելու եմ.  ինձ չի հետաքրքրում՝  ինչ կլինի հետո ինձ հետ, ինձ հետաքրքրում է՝ ինչ կլինի հետո ՀՀ-ի հետ»,- հայտարարեց Փաշինյանը՝ հավելելով՝  ուրախ ու հպարտ է, որ ՀՀ-ում կա թիմ, կա խորհրդարանական մեծամասնություն, որը հնարավորություն է տալիս իրեն այդ պատասխանատվությունը կրելու: Հենց նրա այս ելույթից հետո շրջանառվեց խաղաղության պայմանագիր ասվածը, որի մասին նաեւ Փաշինյանը նշեց եւ ժամեր անց հերքեց՝ ասելով. «Պաշտոնապես ասում եմ՝ թուղթ չեմ ստորագրել, որովհետեւ եթե ստորագրեի, կտեղեկացնեի, եւ չեմ պատրաստվում ստորագրեմ, եւ ընդհանրապես նման խոսակցություն չկա»։ Նույն օրը ԱԱԾ-ն տարածեց մի հայտարարություն, որում ասվում էր. «Վարչապետի խոսույթը վերաբերել է բացառապես Հայաստանի Հանրապետության արտաքին անվտանգությունը, ինքնիշխանությունը եւ կայուն խաղաղությունն ապահովող փաստաթղթի ստորագրման պատրաստակամությանը, որին պետք է ձգտել»: Երեկ պարզվեց, որ վաղը, երբ ԱԳ նախարարները հանդիպեն, հաշտության պայմանագրի շուրջ քննարկումներ կլինեն, հետեւաբար Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ խաբել ու մանիպուլացրել է:

 

 

 

 

Սեպտեմբերի 28-ին ՀՀ Ազգային ժողովում տեղի ունեցած վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների հանդիպումը բավականին բուռն է անցել: «Ժողովուրդ» օրաթերթը երկու օր շարունակ ՔՊ-ական պատգամավորներից մեկնաբանություն էր խնդրում՝ հասկանալու՝ ի վերջո ինչ են քննարկել Փաշինյանի հետ: Պատգամավորները, սակայն, հանդիպման մասին որեւէ մեկնաբանություն լրատվամիջոցներին չեն տալիս: «Ժողովուրդ» օրաթերթին, այնուամենայնիվ, հաջողվեց պարզել՝ երեք ժամից ավելի պատգամավորներն ինչ են քննարկել իրենց քաղաքական առաջնորդի հետ: «Հարցերը եղել են, ամեն մեկն իր սուրբ պարտքն է համարել լուրջ ու անհանգստացած դեմքով հարց ուղղել Փաշինյանին: Ռազմական դրություն հայտարարելու կամ դրա մասին խոսակցություն առհասարակ չի եղել: Փաշինյանը ներկաներին տեղեկացրել է՝ Ռուսաստանը կարծես թե դեմ չէ, որ Հայաստանը մեկ այլ երկրից զենք բերի: Ուրախությամբ տեղեկացրել է նաեւ, որ այս պահին զենք ձեռք բերելու մասով մի քանի երկրի հետ նախնական պայմանավորվածություններ ունեն: Բայց թե որ երկրների մասին է խոսքը, չի մանրամասնել»,- տեղեկացրեց ՔՊ-ամերձ մեր աղբյուրը: Այդ օրը խոսվել է նաեւ ՀԱՊԿ-ից դուրս գալու հավանականության ու ՌԴ-ի հետ հարաբերությունները վերանայելու մասին: Փաշինյանը հենց սկզբից ընդգծել է՝ Ռուսաստանի հասցեին խիստ ու կոշտ արտահայտվել չեն կարող, քանի որ դա տնտեսական մի շարք «ապտակներ» կարող է արժենալ՝ գազի գնի վերանայումից մինչեւ ցորենի ներմուծում: Իշխանականները քննարկել են նաեւ Արցախի կարգավիճակի հարցը: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ հանդիպման ժամանակ ընդգծվել է, որ Արցախի իշխանություններին պետք է թողնել բանակցային հարցը: Այսինքն՝ ենթադրել կարելի է, որ Արցախի հարցով հաջորդ բանակցություններում նաեւ Արցախը ներառված կլինի, բայց կբացակայի Հայաստանը։ Այն, ըստ երեւույթին, տեղի կունենա Արցախ-Ռուսաստան-Ադրբեջան ձեւաչափով:

 

 

 

ՀՀ Ազգային ժողովի աշխատանքը դարձել է իսկական գլխացավանք ինչպես իշխանության, այնպես էլ ընդդիմության համար: Բանն այն է, որ ընդդիմությունը թեեւ հայտարարել է, որ սեփական օրակարգով միայն խորհրդարանի դահլիճ կմտնի, սակայն մինչ օրս չի հաջողվում հաղթահարել շատ արգելքներ եւ մտնել դահլիճ ու կողք կողքի նստել ՔՊ խմբակցության անդամների հետ: Այդպես հարցը առկախվել է: Իշխանության համար եւս պրոբլեմ է, քանի որ, «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները վստահեցնում են, եվրոպական մի շարք այլ երկրների, ԱՄՆ-ի ներկայացուցիչներ ՔՊ-ականների հետ ամենատարբեր հանդիպումների ժամանակ պահանջ են դնում ապահովել ԱԺ-ի բնականոն գործունեությունը: Դա նշանակում է, որ խորհրդարանում պետք է ներկայացված լինեն ե՛ւ ընդդիմադիրները, ե՛ւ իշխանության ներկայացուցիչները, լինեն կարծիքների բախումներ: Իշխանությունն էլ փակուղու մեջ է. չեն կարող ընդդիմադիրներին համոզել գալ խորհրդարան, բայց չեն էլ կարող երկար ժամանակ մոնոլոգի վերածված նիստեր անցկացնել, իրենք խոսեն, իրենք լսեն: Իշխանությունն, իհարկե, պատժամիջոցներ կիրառում է փողոցում պայքարի դուրս եկած ընդդիմադիրների նկատմամբ, բայց դեռ անարդյունք: Սեպտեմբերին եւս ընդդիմադիր պատգամավորները, ինչպես նախորդ ամիսներին, չեն ստանա իրենց հասանելիք աշխատավարձը, իսկ իշխանական պատգամավորները պարբերաբար ստանում են ոչ միայն ամբողջական աշխատավարձը, այլեւ պարգեւավճարներ:

 

 

ՀՀ իշխանությունները կամ ռազմական գերատեսչության ներկայացուցիչները խուսափում են հստակ ասել, թե սեպտեմբերի 13-ից Ադրբեջանի կողմից սկսված ռազմական գործողություններից հետո Հայաստանն այժմ ինչ տարածքային կորուստներ ունի, որքան մարտական դիրք ենք կորցրել կամ հետ վերադարձրել: «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական հարցում էր ուղարկել ՀՀ պաշտպանության նախարարություն հետեւյալ բովանդակությամբ. «Այս պահի դրությամբ խնդրում եմ տրամադրել հստակ տվյալներ կամ քարտեզ՝ ինչպիսի դիրքային առավելություններ ունի հակառակորդ կողմը, ինչպիսի առավելություններ ու կորուստներ ունի հայկական կողմը: Ինչքա՞ն հատվածներ է օկուպացրել ադրբեջանական կողմը հայկական տարածքներից»: Ի պատասխան՝ Պաշտպանության նախարարությունից հայտնել են ոչինչ չասող մի նախադասություն. «Ներկա պահին ընթանում են ճշգրտման, համադրման եւ վերլուծության անհրաժեշտ աշխատանքներ, որի արդյունքներով կներկայացվեն համապատասխան տեղեկություններ»: Այսինքն՝ 17 օր է անցել զինված ագրեսիայից, որն իրականացվեց Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ, սակայն դեռ ՊՆ-ն վերլուծում է: Նշենք, որ նախօրեին Գեղարքունիքի մարզում ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Առաքել Մարտիկյանին ՀՀ սահմանների վերաբերյալ հարց ուղղեց նաեւ Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ն.Գ. Անն Լյույոնը, սակայն Մարտիկյանը կրկին խուսափողական պատասխան տվեց: Հետաքրքիր է՝ ինչու է Պաշտպանության նախարարությունը թաքցնում իրականությունը:

 




Լրահոս