ՆՈՐ ՍԱՀՄԱՆԱԳԻԾ Է՝ ՄԵԾ ԵՐԿԱՐՈՒԹՅԱՄԲ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում չհամաձայնեց այն մտքի հետ, թե ռազմավարական նշանակություն ունեցող ճանապարհների վերանորոգման կամ կառուցման հարցում ՀՀ իշխանությունները թերանում են: Մասնավորապես՝ նախարարից հետաքրքրվել էինք, թե ինչպես է պատահում, որ Ադրբեջանն այդ հարցում ակտիվ է, հատկապես՝ 44-օրյա պատերազմից հետո, իսկ Հայաստանը դանդաղում է:

 

Գնել Սանոսյանը նախկինում ՀՀ Գեղարքունիքի մարզպետն էր, նրանից նաեւ հետաքրքրվել ենք, թե ինչու մարզպետ, ապա նաեւ նախարար լինելով՝ չի զբաղվել սահմանների կահավորմամբ:

Դեռ 2021 թվականի մայիսին սահմանների կահավորման հարցը բարձրաձայնում էր նաեւ պատգամավոր Թագուհի Թովմասյանը, իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասում էր, թե ամեն ինչ էլ արվում է:  Նիկոլ Փաշինյանը տվեց խուսափողական պատասխան՝ ընդամենը ասելով, որ ոչ միայն ադրբեջանցիները, այլեւ Թովմասյանը չեն կարող տեսնել այն ամենը, ինչ արվում է. «Արվողի հսկայական մեծամասնությունը արվում է գաղտնի։ Այն առաջնագիծը, որը տեսանելի է, կանխատեսելի է, մատչելի է, վատ առաջնագիծ է»։ Սակայն իրականությունն այն է, որ կահավորումը պատշաճ չի կատարվել:

-Պարո՛ն Սանոսյան, ռազմավարական նշանակության ճանապարհներն ինչո՞ւ արագ կերպով չեն նորոգվում:

-Ես կառավարության նիստում մշտապես խոսում եմ հանրապետական նշանակություն ունեցող ճանապարհների եւ ավելի քիչ տեղական նշանակություն ունեցող ճանապարհների մասին: Եթե մենք վերցնենք ու նայենք մեր կառուցվող ճանապարհները, ապա կտեսնենք, որ միջպետական եւ հանրապետական նշանակություն ունեցող ճանապարհները գերակշռում են: Բոլոր ուղղություններով  էլ մենք մեծ ծավալի աշխատանքներ ունենք: Դուք գիտեք՝ մենք հստակ թիրախ ունենք դրված մեր առջեւ, կարող եմ ասել, որ այս տարի կիրականացնենք այդ նպատակը: Նույնիսկ եթե որոշ հանգամանքներ չխանգարեն, կարող ենք ավելին անել. իրականության մեջ 700 կմ ճանապարհի վրա աշխատանքներ ենք կատարում, սակայն հանգամանքների բերումով բոլորը չենք կարող հասցնել իրականացնել:

-Ինչո՞ւ, ո՞րն է պատճառը, որ դանդաղում ենք, իսկ, օրինակ, մեր թշնամին շատ արագ է գործում:

-Ես չէի ասի՝ մենք դանդաղում ենք: Ուրիշ բան է, որ կառավարությունն ունի մեծ ցանկություն ավելի շատ աշխատանք անելու, սակայն, ցավոք սրտի, մեր շինարարական պոտենցիալն այդքան մեծ չէ: Սակայն պետք է արձանագրել, որ վերջին տարիներին այդ պոտենցիալը բավական մեծացել  է, եւ եթե հինգ տարի առաջ մենք 70 կմ ճանապարհի մասին էինք խոսում ամբողջ երկրով, ապա Դուք լսում եք, որ ես հիմա խոսում եմ  700 կմ ճանապարհի մասին այն էլ այն դեպքում, երբ 200-250 կմ էլ սուբվենցիայով է կառուցվում:

-Պարո՛ն Սանոսյան, Դուք նաեւ Գեղարքունիքի մարզպետ եք եղել, Ձեզ սահման այցի ժամանակ գոհացրե՞լ է իրավիճակը սահմանների կահավորման մասով: Արդյոք անհրաժեշտ չափով կահավորվա՞ծ են սահմանները:

-Սահմանների կահավորման մանրակրկիտ բացատրությունը ես չէ, որ պետք է տամ: Որոշակի  պատկեր նշեմ. այն սահմանագիծը, որի կահավորումը մենք ակնկալում ենք, որ արվի եւ արվում է, դա նոր սահմանագիծ է՝ բավական մեծ երկարությամբ: Եվ այդ ամբողջ հատվածում պատերազմից հետո հսկայական աշխատանք է տարվել: Արդյոք կա՞ այլ աշխատանք. իհարկե կա, քանի որ  նոր գոտի է, եւ այնտեղ մշտապես նոր աշխատանքների կարիք կա: Դա անում եւ շարունակում է անել համապատասխան գերատեսչությունը:

-Դուք ինքներդ գո՞հ եք կատարված աշխատանքից:

-Ես ինքս կատարված աշխատանք եմ տեսել, ակնհայտ է փոփոխությունն օր օրի եւ ամեն ամիս, այնպես որ, դրական եմ գնահատում աշխատանքը:

Զրուցեց ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ

 

 

 

 

 

ՖՐԱՆՍԻԱՆ ԱՍՈՒՄ Է՝ ՈՎ Է ԱԳՐԵՍՈՐԸ

«Ֆրանսիան աշխատում է, որպեսզի ամբողջ միջազգային հասարակությունը ճիշտ գնահատի եւ մատնանշի, թե ով է ագրեսորը»,- երեկ՝ Գեղարքունիքի մարզ այցի ժամանակ, ArmLur.am-ի հետ զրույցում նշեց ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ն.Գ. տիկին Անն Լյույոնը։ «Այստեղ իրավիճակն իսկապես լուրջ է, եւ Ֆրանսիան ու ԱՄՆ-ն հատկապես աշխատում են այս ուղղությամբ, որպեսզի մյուս երկրներն էլ ակտիվանան։ Հատկապես մենք լուռ չենք, մենք ասել ենք, թե ով է ագրեսորը։ Հուսով ենք՝ մյուս երկրներն էլ կտեսնեն, եւ այս իմաստով այս այցն իսկապես կարեւոր է»

 

-Տիկի՛ն դեսպան, ի՞նչ եք մտածում Գեղարքունիքի սահմանին տիրող իրավիճակի մասին:

-Իհարկե, այս ամենը շատ լուրջ է:

-Ի՞նչ կարող ենք անել, որպեսզի ճշմարտությունը հաղթի: Ինչպե՞ս կարող է հայկական կողմն ապացուցել, որ ագրեսոր երկիրը հենց Ադրբեջանն է:

-Ֆրանսիան աշխատում է այդ ուղղությամբ՝ օգնելու համար, որպեսզի այդ փաստերը հավաքվեն եւ ներկայացվեն: Մենք կարծում ենք, որ ամբողջ միջազգային հանրությունը պետք է աշխատի, որպեսզի իրական փաստերը ներկայացվեն: Հենց այդ պատճառով էլ բոլոր դեսպաններն այստեղ են, սա շատ լավ նախաձեռնություն է Հայաստանի կառավարության կողմից, որպեսզի միջազգային հանրությանը ցույց տան, թե իրականում ինչ է տեղի ունեցել այստեղ:

-Սակայն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն ասում է, թե իրեն ոչինչ չի կարող կանգնեցնել, եւ կանի այն, ինչ ցանկանում է: Ինչպե՞ս կարող է աշխարհն ու միջազգային հանրությունը կանգնեցնել Ադրբեջանին:

-Հենց այդ ուղղությամբ էլ մենք աշխատում ենք Ֆրանսիան ու Ամերիկայի Միացյալ Նահանգները հատկապես եւ այլ դիվանագիտական ներկայացուցիչներ միջազգային հանրության կողմից: Այդ ուղղությամբ ճիշտ աշխատանքներ են տարվում:

-Բայց Հայաստանում այն տեսակետն է տիրում, թե աշխարհը լուռ է. ինչո՞ւ:

-Դա ճիշտ չէ: Ֆրանսիան շատ հստակ հայտարարել է, թե ով է ագրեսոր, ով է պատասխանատուն այս գործողությունների: Եվ մենք հուսով ենք, որ այլ երկրները եւս կմիանան մեզ, եւ այդ պատճառով էլ նման այցերն իսկապես կարեւորություն են ներկայացնում: Սա շատ լավ նախաձեռնություն է:

-ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասում է, թե իրավիճակի հանգուցալուծման համար անհրաժեշտ է, որպեսզի սահմանին միջազգային դիտորդներ տեղակայվեն: Ի՞նչ կասեք այս մասին:

-Այո, ես համակարծիք եմ: Այստեղ պետք է միջազգային դիտորդական առաքելություն տեղակայվի, եւ մենք աջակցում ենք այդ գաղափարին: Մենք արդեն խոսել ենք այլ երկրների հետ  այս շատ կարեւոր հարցի մասին:

Զրուցեց ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ

 

 

 

 

 

ԿԱՎԵԼԱՆԱՆ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐԸ

«2023 թվականի պետական բյուջեի նախագծով նախատեսվում է զգալիորեն ավելացնել անվտանգային եւ տնտեսական ենթակառուցվածքների բարելավմանն ուղղվող կապիտալ ծախսերը. դրանք կկազմեն 557 մլրդ դրամ, ինչը մոտ 200 մլրդ դրամով ավելի է, քան սահմանվել էր 2022-ի պետբյուջեով»,- երեկ՝ կառավարության նիստի ժամանակ, նշել է ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը:

Միեւնույն ժամանակ տեղեկանում ենք, որ 2023 թվականի ծախսերի հանրագումարը կկազմի 2 տրլն 590 մլրդ դրամ կամ ՀՆԱ-ի 27.8 տոկոսը: «Այն 2022 թվականի պետբյուջեով հաստատված ծախսերը կգերազանցի 18.3 տոկոսով: Բացի այդ, կրթության, գիտության, մշակույթի, սպորտի ոլորտներին հատկացվող ֆինանսավորումը 2023-ին նախատեսվում է 250 մլրդ դրամի չափով, ինչը, նախորդ տարվա համեմատ, ավելի է 10,3 տոկոսով: Գիտությանը հատկացվող միջոցները կգերազանցեն 36 մլրդ դրամը, ինչը ավելի քան 6,5 մլրդ դրամով ավելի է, քան այս տարվա համար սահմանված հատկացումներն են:

Նաեւ կառավարությունը նախատեսում է 2022 թվականն ամփոփել 11-12 տոկոս տնտեսական աճով:  Ավելին, 2022 թվականի ութ ամիսներին տնտեսական ակտիվության ցուցանիշն է աճել 13.9 տոկոսով:

Հավելենք, որ «ՀՀ 2023 թ. պետբյուջեի մասին» օրինագիծն արդեն իսկ հավանության է արժանացել կառավարության կողմից եւ առաջիկայում կքննարկվի խորհրդարանում:

 

 

 

 

ՀՍՏԱԿՈՒԹՅՈՒՆ ՉԿԱ

Սեպտեմբերի 25-ին Հայաստանի մի շարք համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են կազմակերպվել, բայց մինչեւ այժմ, օրինակ, պարզ չէ, թե ով է լինելու Ալավերդի խոշորացված համայնքի ղեկավարը:

Ասյտեղ իշխող «Քաղաքացիական պայմանագիր»-ը ստացել է 13 մանդատ, «Ապրելու երկիր»՝ 13, ՀԱԿ-ը՝ 1: Վճռորոշ ձայնը ՀԱԿ-ն է ասելու, որոշելու, թե ում հետ է միավորվում ու ում հետ է կոալիցիա կազմում:

Մինչեւ այս պահը դեռ հստակ չէ, թե, ի վերջո, ինչ որոշում կկայացնի ՀԱԿ-ը, որն Ալավերդի քաղաքի կառավարումը կստանձնի:

Նշենք, սակայն, որ օրեր առաջ թե՛ ՔՊ-ի, թե՛ ԱԵ-ի թեկնածուները Facebook-ի իերնց էջերում գրառումներ են կատարել՝ ասես հուսալով, որ ՀԱԿ-ը հենց իրենց է քվեարկելու:

 




Լրահոս