Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ «Հյուսիսային հոսքի» հետ կապված միջադեպերը դիվերսիա էին, որի հետեւում կանգնած են արեւմտյան երկրները։
«Պատժամիջոցներն անգլոսաքսոններին բավարար չեն, նրանք դիվերսիաների են անցել։ Անհավատալի է, բայց փաստ։ Բալթիկ ծովի հատակով անցնող «Հյուսիսային հոսք»-ի միջազգային գազատարների վրա պայթյուններ կազմակերպելով՝ նրանք փաստացի սկսել են ոչնչացնել համաեվրոպական էներգետիկ ենթակառուցվածքը»,- ուրբաթ Ռուսաստանի Դաշնության կազմ նոր սուբյեկտների ընդունման մասին պայմանագրերի ստորագրման արարողության ժամանակ ասել է ՌԴ նախագահը։
«Բոլորին էլ պարզ է, թե ում է դա ձեռնտու։ Ում ձեռնտու է, նա էլ, իհարկե, արել է»,- ընդգծել է նա։
Պուտինը նաեւ նշել է, որ «ԱՄՆ թելադրանքը կառուցված է բիրտ ուժի, բռունցքի օրենքի վրա՝ երբեմն գեղեցիկ փաթեթավորված, երբեմն առանց որեւէ փաթեթավորման, բայց էությունը նույնն է՝ բռունցքի օրենք»։
Սեպտեմբերի 26-ի գիշերը «Հյուսիսային հոսք 2» խողովակաշարի գծերից մեկում արտահոսք էր տեղի ունեցել։ Միջադեպը գրանցվել էր Դանիայի բացառիկ տնտեսական գոտում՝ Բորնհոլմ կղզուց հարավ-արեւելք։ Գազի արտահոսք է գրանցվել նաեւ Բորնհոլմից հյուսիս-արեւելք գտնվող առաջին «Հյուսիսային հոսքի» երկու գծերից:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հիշեցրել է, որ ԱՄՆ-ն առաջինն է միջուկային զենք կիրառել՝ երկու ռումբ նետելով ճապոնական Հիրոսիմա եւ Նագասակի քաղաքների վրա:
ԱՄՆ-ն միակ երկիրն է աշխարհում, որը երկու անգամ միջուկային զենք է կիրառել՝ ոչնչացնելով ճապոնական Հիրոսիմա եւ Նագասակի քաղաքները։ Ի դեպ, նախադեպ են ստեղծել։
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն նաեւ «սարսափելի հետք է թողել» Կորեայի ու Վիետնամի պատմության մեջ, իսկ այսօր նրանք փորձում են «օկուպացնել Գերմանիան ու Հարավային Կորեան իրավահավասարության մասին հայտարարությունների ներքո»։
Ռուսաստանը չի ձգտում վերականգնել Խորհրդային Միությունը. դա նրան պետք չէ։ Այդ մասին ուրբաթ օրը հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ելույթ ունենալով Ռուսաստանի կազմում չորս նոր մարզերի ընդունման արարողության ժամանակ։
Խորհրդային Միություն չկա, անցյալ չկա։ Այո, եւ այսօր Ռուսաստանին դա այլեւս պետք չէ, մենք դրան չենք ձգտում: Սակայն չկա ավելի ուժեղ բան, քան միլիոնավոր մարդկանց վճռականությունը, ովքեր իրենց մշակույթով, հավատքով, ավանդույթներով, լեզվով իրենց Ռուսաստանի մաս են համարում:
Պուտինը Կիեւին կոչ է արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները եւ վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ։ «Մենք Կիեւի ռեժիմին կոչ ենք անում անհապաղ դադարեցնել կրակը, բոլոր ռազմական գործողությունները, պատերազմը, որը նա սանձազերծել էր դեռ 2014-ին, եւ վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ»,- ասել է նա՝ նշելով, որ Ռուսաստանը բազմիցս հայտարարել է բանակցություններ վարելու պատրաստակամության մասին։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Դոնեցկի եւ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների, Զապորոժյեի եւ Խերսոնի մարզերի ղեկավարները պայմանագրեր են ստորագրել այդ մարզերի՝ Ռուսաստանին միանալու վերաբերյալ։
Արարողությունը տեղի է ունեցել ուրբաթ Կրեմլի մեծ պալատի Գեորգիեւսկի դահլիճում։ Փաստաթղթերի ստորագրումից առաջ Պուտինը ելույթ է ունեցել այդ տարածքների՝ Ռուսաստանի կազմ ընդունման մասին։
Օրեր առաջ ԴԺՀ-ի, ԼԺՀ-ի, Զապորոժիեի եւ Խերսոնի շրջաններում հանրաքվեներ են անցկացվել Ռուսաստանի Դաշնությանը միանալու վերաբերյալ, բնակիչները ձայների մեծամասնությամբ պաշտպանել են այդ որոշումը։
ՀԱՆԴԻՊՈՒՄԸ՝ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2-ԻՆ
Հոկտեմբերի 2-ին Ժնեւում տեղի կունենա Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը:
Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը:
ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ
2016-2021 թվականներին Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ ապրանքաշրջանառությունն աճել է գրեթե երկու անգամ ՝ 1,35 միլիարդ դոլարից հասնելով 2,6 միլիարդի։ Ընդ որում՝ այդ աճը շատ հավասարակշռված է. գրեթե կրկնապատկվել է ինչպես Ռուսաստանի արտահանումը Հայաստան, այնպես էլ Ռուսաստանի ներկրումը Հայաստանից։ Առեւտրի նման աճը հնարավոր է դարձել 2015 թվականին Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանը միանալու շնորհիվ։ Այս մասին ասել է Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
«Հայաստանում աշխատում են ավելի քան 40 խոշոր ռուսական ընկերություններ: Նրանք նաեւ խոշոր հարկատուներ են, այսինքն՝ զգալի չափով ապահովում են երկրի բյուջեի եկամտային մասը։
Մենք շահագրգռված ենք հետագայում եւս զարգացնել փոխադարձ առեւտուրը եւ ներդրումները։ Ռուսական բիզնեսը պատրաստ է զարգացման արդյունավետ լուծումներ առաջարկել տրանսպորտային, էներգետիկ, սոցիալական ենթակառուցվածքների, թվային տնտեսության ոլորտներում: Հայաստանի համար կարող են հետաքրքրություն ներկայացնել քաղաքացիներին թվային պետական ծառայությունների մատուցման ոլորտում մեր որոշումները»,- նշել է Օվերչուկը:
ՏԱՐԵԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
Հայաստանի ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը եւ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը Վաշինգտոնում կմասնակցեն Համաշխարհային բանկի խմբի եւ Արժույթի միջազգային հիմնադրամի տարեկան հանդիպումներին:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել ԱՄՆ պատվիրակություն գործուղելու մասին:
ՀՀ ֆինանսների նախարարն ու Կենտրոնական բանկի նախագահն ԱՄՆ-ում կլինեն հոկտեմբերի 10-17-ը:
ԿԲԱԽՎԵՆ ԽՆԴՐԻ
Եվրամիության երկրները 6-8 ամսից կարող են նավթամթերքների պակասի ու դրանց գների կրկնակի բարձրացման հետ առնչվել: Այս մասին գրում է ռուսական ԹպՊՏՎՏրՑՌ լրատվականն ու հաղորդում՝ հղում անելով Ռուսաստանի էներգետիկ գործակալությանը:
Ըստ Եվրոպական վիճակագրական ծառայության տվյալների՝ սեպտեմբերի 19-ի տվյալներով՝ ԵՄ-ում 1 լիտր բենզինի միջին գինը կազմել է 1.76 եվրո, 1 լիտր դիզելինը՝ 1.8 եվրո։ ԵՄ-ում բենզինի արժեքը, փետրվարի համեմատ, երբ սկսվել է ռուս-ուկրաինական պատերազմը, աճել է 2.9%-ով, դիզելային վառելիքը թանկացել է 15.4%-ով։
Նշենք, որ մարտի սկզբին էր Bloomberg-ն էր գրել, որ Գերմանիայի բենզալցակայաններում դիզվառելիքը 15 տարվա մեջ առաջին անգամ գերազանցել է բենզինի արժեքը։
Բրիտանական The Sun թերթը հուլիսին գրել էր, որ բենզինի գների բարձրացման պատճառով Մեծ Բրիտանիայի բնակիչների առնվազն 10%-ը հրաժարվել է արձակուրդային ծրագրերից, իսկ վարորդների ավելի քան 12%-ը, ըստ հրապարակման, դադարել է մեքենայով աշխատանքի գնալ:
ՍՏՈՐԱԳՐԵԼ Է ԱԶԱՏՈՒՄԸ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 29-ին որոշում է ստորագրել, ըստ որի՝ ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարը պաշտոնից ազատվել է:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասով՝ Գեղամ Շախբազյանին ազատել քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ:
Հիշեցնենք, որ ArmLur.am-ը գրել է, որ Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանը ազատման դիմում է գրել: Տեղեկությունը անձամբ մեզ հետ զրույցում հաստատեց նա` նշելով, որ կա նման բան: Մեր այն հարցին՝ ինչն է պատճառը, հայտնեց, որ պաշտոնից հեռանալը այլ աշխատանքի անցնելու հետ է կապված:
Ավելացնենք, որ վարչապետի աշխատակազմը վաղուց է որոշել տեսչականի պետին ու գրեթե բոլոր տեսչությունների ղեկավարներին ազատել ու իրենց սրտի թեկնածուներին նշանակել այդ պաշտոններում:
Հավելենք, որ ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարի՝ պաշտոնից ազատումը կապված է «Սուրմալու» առեւտրի կենտրոնի պայթյունի հետ:
ՎՆԱՍԵԼ Է ՁԵՌՔԸ
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Մարտունի քաղաքում ուշագրավ դեպք է եղել: 27 տարեկան աղջիկն ընկերոջ հետ վիճել է հեռախոսով, որից հետո հարազատները նկատել են, որ նա խոհանոցային դանակով վնասել է ձախ ձեռքը: Հարազատները նրան շտապ տեղափոխել են հիվանդանոց, վիճակը նորմալ է: