ԽԱՐԴԱԽՈՒԹՅԱՆ ԴԵՊՔԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին ժամանակներում կտրուկ աճել են համացանցային առուվաճառքի հարթակներում ապրանքների վաճառքի հայտարարություններն օգտագործելով խարդախությամբ կատարված հափշտակության դեպքերը: Այս մասին են վկայում 2022 թվականի ընթացքում արձանագրված սեփականության դեմ ուղղված հանցագործությունների դեպքերի վերաբերյալ Գլխավոր դատախազությունում ստացված հաղորդումների ուսումնասիրությունը:

 

Առերեւույթ հանցավոր արարք կատարող անձինք WhatsApp կամ այլ չվերահսկվող կապի միջոցներով կապ են հաստատում համացանցային առուվաճառքի հարթակներում (օրինակ` List.am) տարատեսակ ապրանքներ վաճառողների հետ եւ, հայտարարությամբ տեղադրված ապրանքները գնելու դիմաց էլեկտրոնային եղանակով վճարում կատարելու պատրվակով, նրանցից պահանջում ու ստանում են վերջինների բանկային քարտերի տվյալները, որից հետո, այդ տվյալներն օգտագործելով, հափշտակում են դրանց հաշվին առկա գումարը:  Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ գրանցվել են նմանատիպ դեպքերի երկու տեսակ: Մի դեպքում, ապրանքների վաճառքի վերաբերյալ հայտարարությունը առուվաճառքի նման հարթակներում տեղադրվելուց հետո արտերկրյա կամ տեղական հեռախոսահամարներով  գրանցված WhatsApp հավելվածի միջոցով անհայտ անձինք կապ են հաստատում հայտարարություն տվողի հետ եւ խնդրում տրամադրել նրանց բանկային քարտի տվյալները ապրանքը գնելու եւ գումարը բանկային քարտին փոխանցելու համար: Վերջիններս «գնորդին» տրամադրում են իրենց բանկային քարտի տվյալները, այդ թվում՝ կոդերը, որից հետո հանցագործների կողմից խաբեությամբ նրանց բանկային քարտից կանխիկացվում են եղած գումարները: Մյուս դեպքում հանցագործները, առցանց վաճառքի հանված ապրանքը գնելու պատրվակով, նույն միջոցներով կապ են հաստատում հայտարարություն տվողների հետ, ցանկություն հայտնում գնել ապրանքը, սակայն պատճառաբանելով, թե, իբր, այլ բնակավայրում են բնակվում, նրանք առաջարկում են «Հայփոստի» միջոցով կնքել էլեկտրոնային պայամանագիր, ըստ որի՝ վերջինս կատարում է որոշակի գումարի վճարում, իսկ դրա դիմաց առաքիչն ապրանքը տեղափոխում է տվյալ բնակավայր: Ապա հանցավորներն ուղարկում են այսպես կոչված «Հայփոստի» ծուղակային հղում, որտեղ անձինք գրանցվում են՝ գրանցելով նաեւ բանկային տվյալները եւ կոդերը, որից անմիջապես հետո պարզում են, որ հղումը կեղծ է, եւ իրենց վստահությունը չարաշահել են: Հանցավորը, համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ, կեղծ հղումով ստացված բանկային տվյալները ներբեռնելով, կարողանում է բանկոմատային քարտում եղած գումարը այլ խաղային կամ անձնական հաշիվների փոխանցելով հափշտակել դրանք: Դեպքերի ուսումնասիրության արդյունքում պարզվել է նաեւ, որ հանցավոր արարքները կատարողները գործում են նախօրոք մտածված սցենարով ու սխեմայով, առաջացնում շահագրգռվածություն անձի մոտ, որ տրամադրեն բանկոմատային քարտի պահպանվող տվյալները: Գնորդն առաջարկում է վճարել ապրանքի դիմաց՝ չսակարկելով վաճառվող առարկայի գինը, ինչը գայթակղում է վաճառողին հանցավորի «թակարդն ընկնել» ու նրա առաջարկը չմերժել՝ տրամադրելով իր կամ այլ ծանոթ կամ բարեկամի բանկոմատային քարտի պահպանվող տվյալները, որից հետո հանցավորը համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ, այդպիսի տվյալները ներբեռնելով, կարողանում է ազատ օգտվել բանկոմատային քարտում եղած գումարից, փոխանցել այլ խաղային եւ անձնական հաշիվների՝ այսպիսով հափշտակելով դրանք: Արդյունքում բանկային քարտի սեփականատերը կամ վերջինիս հարազատը կամ մտերիմն ինքնակամ հանցավորին է տրամադրում բանկային քարտի պահպանվող տվյալները, որից էլ օգտվում են հանցավորները՝ հնարավորություն ստանալով իրագործելու իրենց հանցավոր դիտավորությունը: 2022 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում գրանցվել են նշված եղանակով կատարված հանցագործությունների 145 դեպքեր, որոնցից՝

l 134 դեպքով հանցավոր արարքներն ավարտվել են,

l 11 դեպքով հանցավոր արարքներն ավարտին չեն հասցվել հանցավորի կամքից անկախ պատճառներով՝ տվյալ բանկային քարտի հաշվին գումար չլինելու պատճառով:

Նշված դեպքերից՝

l 82-ով կայացվել են քրեական գործ հարուցելու մասին որոշումներ,

l 63-ով կայացվել են քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումներ:

Նշված 82 քրեական գործից բացահայտվել է ընդամենը երկուսը, որից մեկը կարճվել է տուժողի հետ կասկածյալի հաշտվելու հիմքով, իսկ մյուսն ընթացքի մեջ է:

Երկու քրեական գործերով վարույթները կարճվել են տուժողի բողոքի բացակայության հիմքով: Ընդհանուր վնասը կազմել է 18 մլն 147 հազար 818 դրամ:

Ընդ որում, ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ հանցավորը կամ հանցավորները, որպես կանոն, գործում են մեկ միասնական դիտավորությամբ եւ օգտագործում են բազմաթիվ անձանց տվյալները, այսինքն՝ հանցավոր արարքն ընդգրկում է մեկից ավելի դրվագներ: Ուսումնասիրության արդյունքներից ելնելով՝ ՀՀ դատախազությունը քաղաքացիներին հորդորում է՝ ոչ մի դեպքում այլ անձանց չտրամադրել իրենց բանկոմատային քարտերի պահպանվող վավերապայմանները՝ դրանց վրա առկա թվերը, հատկապես PIN կոդը. նման դեպքում էլեկտրոնային վճարահաշվարկային համակարգերի պաշտպանվածությունն օբյեկտիվորեն կարող է անզոր լինել արգելելու հանցավորների հասանելիությունը քարտային դրամական միջոցներին:

 

 

 

ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՀԵՏՔԵՐՈՎ

 

«Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը պաշտոնից կազատի նաեւ ՀՀ գլխավոր դատախազության՝ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետ Արթուր Չախոյանին:

 

Հիշեցնենք, որ երեկ ՀՀ գլխավոր դատախազության՝ պետական իշխանության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Վաղինակ Ջանազյանն աշխատանքից ազատվելու դիմում է գրել։

Նորանշանակ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ստորագրել է հրամանը՝ Վաղինակ Ջանազյանին հոկտեմբերի 3-ից աշխատանքից ազատելու վերաբերյալ:

Նշենք, որ նա հանրությանը առավել հայտնի է այլ քրեական գործով: Դեռեւս 2011 թվականին ՀՔԾ նախկին պետ Անդրանիկ Միրզոյանը որոշում էր կայացրել 2008թ. մարտի 1-ի գործով քննչական խմբի արդեն նախկին ղեկավար Վահագն Հարությունյանին այլ պաշտոնի տեղափոխել եւ նրա փոխարեն «Մարտի 1»-ի գործով քննչական խմբի ղեկավարման աշխատանքները հանձնել ՀՔԾ հատկապես կարեւոր գործերով ավագ քննիչ Վաղինակ Ջանազյանին:

Վաղինակ Ջանազյանն էլ ընդունել էր «Մարտի 1»-ի գործով վարույթը, որը քննել էր այդ տարիներին: «Մարտի 1»-ի գործը մինչ օրս բացահայտված չէ, փողոցում գնդակահարված քաղաքացիների սպանությունները ցայսօր չեն բացահայտվել:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ԹԱՆԿԱՐԺԵՔ ԻՐԵՐԻ ԳՈՂՈՒԹՅՈՒՆ

Սեպտեմբերի 21-ին 1-02 ծառայություն զանգահարած քաղաքացին հայտնում էր, որ քիչ առաջ նկատել է, թե ինչպես են Երեւանի Վիկտոր Համբարձումյան փողոցի մի հասցեից գողանում թանկարժեք իրեր ու նկարներ: Հաղորդումը փոխանցվում է ոստիկանության Արաբկիրի բաժին, որտեղից օպերատիվ խումբը շտապ մեկնում է նշված վայր: Պարզվում է, որ այդ հասցեում հանգուցյալ մի նկարչի արվեստանոցն է, որի երկաթե դուռն անվնաս էր: Քիչ անց բաժնում հաղորդում է տալիս նկարչի դուստրը: Նա հայտնում է, որ վերջին երկու ամսվա ընթացքում հոր արվեստանոցից գողացել են յուղաներկով արված 350 կտավ, հնաոճ իրեր, այդ թվում` պղնձե երեք ինքնաեռ ու կավե կուժ, նաեւ թվային ֆոտոխցիկ: Դուստրն ուներ նաեւ որոշակի կասկածներ, թե ով կարող է կատարած լինել գողությունը: Հիմնավորումն այն էր, որ արվեստանոցի բանալին կար նաեւ նրա մոտ: Փաստի առթիվ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ, իրականացվեցին անհրաժեշտ անհետաձգելի միջոցառումներ, քննչական գործողություններ, առաջ քաշվեցին վարկածներ: Մանրակրկիտ ուսումնասիրվեց նաեւ նկարչի դստեր կասկածը, որն արագ հերքվեց: Ձեռք բերված սուղ տեղեկությունների պայմաններում Արաբկիրի քրեական հետախույզները ձեռնարկեցին օպերատիվ միջոցառումներ եւ հետեւողական աշխատանքի արդյունքում ի վերջո պարզեցին կատարողի ինքնությունը: Ահազանգից վեց օր անց՝ սեպտեմերի 27-ի առավոտյան, Վիկտոր Համբարձումյան փողոցում ձերբակալվեց ու բաժին տեղափոխվեց նույն փողոցի բնակիչ 34-ամյա մի տղամարդ: Նա ներկայացվեց վարույթն իրականացնող մարմին, որտեղ տվեց խոստովանական ցուցմունք: Գողոնը հայտնաբերվել է: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:

 

ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՓՈՐՁ

ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության Սյունիքի տարածաշրջանային բաժնի Մեղրիի բաժանմունքի աշխատակիցները Մեղրի մաքսային կետ-բաժնի մաքսային հսկողության գոտում զննման են ենթարկել ԻԻՀ-ից ՀՀ ժամանող Իրանի քաղաքացի Մ. Յ.-ին։ Անձնական զննման արդյունքում քաղաքացու տաբատի գրպանում՝ ծխախոտի տուփի միջից, հայտնաբերվել է մաքսային հսկողությունից թաքցված, փայլաթիթեղի մեջ փաթեթավորված շագանակագույն զանգված։ Հայտնաբերված շագանակագույն զանգվածը հանդիսացել է Մեթամֆեթամին տեսակի թմրամիջոց, իսկ բաճկոնի զննման արդյունքում ծոցագրպանից հայտնաբերվել է մաքսային հսկողությունից թաքցված 0.5լ տարողությամբ պլաստմասե շիշ՝ ամբողջությամբ լցված Մեթադոն տեսակի հեղուկ թմրամիջոցով։ Մաքսանենգության դեպքի վերաբերյալ արձանագրությունը հայտնաբերված թմրամիջոցի զանգվածների հետ միասին տրամադրվել է ՀՀ ՊԵԿ քննչական վարչությանը, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 399-րդ հոդվածով նախատեսված հանցանքի հատկանիշներով։

 

 




Լրահոս