Հայաստանում պետական ծրագրի շրջանակում տնտեսավարողները ձեռք են բերել շուրջ 1670 բարձրարժեք տոհմային խոշոր եղջերավոր կենդանիներ, որոնց մոտ 20 տոկոսը բուծված է տեղում, իսկ մնացածը ներկրվել է:
Ծրագրի գլխավոր նպատակն է պայմաններ ստեղծել տավարաբուծությամբ զբաղվող տնտեսավարողների համար, որպեսզի կարողանան ձեռք բերել տոհմային բարձրարժեք, արտադրատնտեսական արժեքավոր հատկանիշներով օժտված խոշոր եղջերավոր կենդանիներ, մասնավորապես՝ 14-17 ամսական էգ հորթեր եւ երինջներ:
Ընդհանուր նախրում պետք է լինի տոհմային կորիզ, այսինքն՝ այնպիսի կենդանիներ, որոնք օժտված են բարձր գենետիկական ներուժով եւ բարձր մթերատվությամբ: Ծրագիրը տնտեսավարողներին հնարավորություն է տալիս ձեռք բերել այնպիսի կենդանիներ, որոնք կնպաստեն տեղում բուծվող կենդանիների մթերատվության բարձրացմանը: Ծրագրից կարող են օգտվել ինչպես իրավաբանական, այնպես էլ ֆիզիկական անձինք: Դրա շրջանակներում ձեռք բերվող առավելագույն գլխաքանակը 300 գլուխ կենդանին է: Տրամադրվում է մինչեւ 300 մլն դրամի վարկ, այսինքն՝ մեկ կենդանու հաշվով վարկը կազմում է 1 մլն դրամ: Վարկի տոկոսադրույքը պետությունը սուբսիդավորում է այն չափաքանակով, որ տնտեսավարողի համար տոկոսադրույքը մնա կա՛մ մի դեպքում 2 տոկոս, կա՛մ մյուս դեպքում՝ 3 տոկոս: «Կառավարության կողմից հաստատվել է մի որոշում, որով փորձել ենք խթանիչ ֆունկցիա կիրառել, որ Հայաստանում զարգանա տոհմային վաճառքը: Այսինքն՝ եթե ձեռք են բերում Հայաստանում աճեցված տոհմային կենդանի, սուբսիդավորվում են այն չափաքանակով, որ իրենց համար տոկոսադրույքը կազմի 2 տոկոս: Իսկ եթե ներկրում են կենդանի, այդ դեպքում՝ 3 տոկոս: Սահմանամերձ համայնքների տնտեսավարողների եւ կոոպերատիվների համար վարկը հատկացվում է 0 տոկոսով, այսինքն՝ պետությունն ամբողջությամբ սուբսիդավորում է»:
Ծրագրի մեկնարկից ի վեր դրանից օգտվել է 26 շահառու, որոնք ձեռք են բերել 1670 գլուխ խոշոր եղջերավոր կենդանիներ: Վարկի ընդհանուր գումարը կազմել է 1 մլրդ 607 մլն դրամ: Պետությունը սուբսիդավորել է շուրջ 267 մլն դրամ: Ծրագրի շրջանակում ձեռք բերված գլխաքանակի 20 տոկոսը՝ շուրջ 330 գլուխ կենդանի, ձեռք է բերվել Հայաստանից: Ընդ որում, Տեր-Իսահակյանի խոսքով, ՀՀ են ներկրվել ճանաչված ցեղատեսակի կենդանիներ ինչպես եվրոպական երկրներից, այնպես էլ ՌԴ-ից, Ուկրաինայից:
Հայաստանում խոշոր եղջերավոր կենդանիների գլխաքանակը 2022 թվականին կազմել է շուրջ 560 հազար գլուխ, այդ թվում՝ կովերի գլխաքանակը շուրջ 246 հազար: Հայաստանում մեկ կովի միջին կաթնատվությունը տատանվում է շուրջ 2450 կգ-ի սահմաններում:
Ծրագրի շրջանակում ձեռք բերված կենդանիներն իրենց մթերատվությամբ բավականին տարբերվում են ՀՀ-ում արձանագրված խոշոր եղջերավոր կենդանիների մթերատվության միջին ցուցանիշներից: Այդ կենդանիների մթերատվությունը գրեթե կրկնակի, որոշ դեպքերում՝ անգամ ավելի գերազանցում է հանրապետության միջին ցուցանիշները: Մասնագիտական տեսանկյունից չափազանց կարեւոր է նոր գենոֆոնդի եւ բարձր ներուժի ներկրումն ու օգտագործումը հետագա բուծման եւ տոհմային գործի մեջ:
Ծրագրի շրջանակում ձեռք բերված կենդանիների գենոֆոնդը հետագայում նաեւ կօգտագործվի տրամախաչումների միջոցով հանրապետության այլ կենդանիների արտադրատնտեսական որակի բարելավման համար: