ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԱՄԱԺՈՂՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը սեպտեմբերի 29-ին զեկույցով հանդես է եկել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մշակութային քաղաքականության եւ կայուն զարգացման համաշխարհային համաժողովի «Ժառանգությունը եւ մշակութային բազմազանությունը ճգնաժամի ժամանակ» թեմատիկ նիստում:

 

«Ժառանգությունն ու մշակութային բազմազանությունը ճգնաժամի ժամանակ» թեման չափազանց կարեւոր է եւ հաճախ պահանջում է միջազգային ներգրավվածություն: Հայաստանի համար շատ կարեւոր է ներկայումս Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող Լեռնային Ղարաբաղի (Արցախի) տարածքներում հայկական մշակութային ժառանգության պահպանման հարցը։

2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ են անցել հայկական ավելի քան 2000 պատմամշակութային հուշարձաններ, ինչպես նաեւ 12 պետական թանգարաններ եւ պատկերասրահներ՝ 21000 նմուշներով։ Այս պատմական վայրերի պահպանման հետ կապված լուրջ մտահոգություններ կան՝ հաշվի առնելով վերջին մի քանի տասնամյակների ընթացքում իր տարածքներում հայկական մշակութային ժառանգության համակարգված ոչնչացման՝ Ադրբեջանի հայտնի եւ փաստագրված պրակտիկան, օրինակ՝ Նախիջեւանի դեպքում։ Ադրբեջանն իրականացնում է Արցախում եւ մերձակա տարածքներում հայկական ներկայության պատմական ապացույցները բնաջնջելու քաղաքականություն հայկական հուշարձանների եւ մշակութային վայրերի միտումնավոր ոչնչացման միջոցով։

Արցախում 2020 թվականի 44-օրյա պատերազմից ի վեր Հայաստանը շարունակաբար իրազեկում է միջազգային հանրությանը Լեռնային Ղարաբաղում եւ սահմանին տիրող իրավիճակի մասին։ 2022 թվականի սեպտեմբերի 13-ին Ադրբեջանը լայնածավալ ռազմական ագրեսիա է ձեռնարկել հայ-ադրբեջանական սահմանի մի քանի ուղղություններով, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության Գորիս, Ջերմուկ, Վարդենիս, Կապան, Սոթք քաղաքների եւ հարակից գյուղերի ուղղությամբ։

Ադրբեջանական ագրեսիան հանգեցրել է հարյուրավոր մարդկային կորուստների, այդ թվում՝ Հայաստանի խաղաղ բնակչության շրջանում։ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում Ադրբեջանի ռազմական հանցագործությունների պատճառով այժմ վտանգի տակ է գտնվում թիրախային շրջանների հարուստ մշակութային ժառանգությունը՝ ներառյալ ավելի քան 500 հուշարձան, 14 թանգարան՝ 45 000 նմուշներով։

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի կողմից հավաքագրված տվյալների համաձայն՝ Գեղարքունիքի, Վայոց ձորի եւ Սյունիքի մարզերից արդեն տեղահանվել է առնվազն 7600 հոգի։ Այդ մարդիկ այժմ զրկված են իրենց հիմնական իրավունքներից, այդ թվում՝ մշակույթի հասանելիության իրավունքից, որը հակասում է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրին (հոդված 27), որտեղ ասվում է, որ յուրաքանչյուր ոք ունի հասարակության մշակութային կյանքին մասնակցելու, արվեստից բավականություն ստանալու, գիտական առաջընթացին մասնակցելու եւ նրա բարիքներից օգտվելու իրավունք:

Այսպիսով, ավելի արդիական է դառնում անդրադառնալ այս խնդրին եւ իրականացնել դեպի Լեռնային Ղարաբաղ եւ հարակից տարածքներ ՅՈՒՆԵՍԿՕ-ի տեխնիկական առաքելությունը:

Ժառանգությունը եւ մշակութային բազմազանությունը պետք է լինեն խաղաղ գործընթացի կարեւոր մասը: Այսպիսով, կոչ եմ անում միջազգային գործընկերներին իրենց ձայնն ու ներդրումն ունենալ Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում հազարամյա հայկական մշակութային եւ կրոնական ժառանգության պահպանման գործում:

Ցանկանում եմ ընդգծել, որ ժառանգությունը ճանաչվում է որպես կայուն զարգացման, երկխոսության եւ խաղաղության կարեւոր գործոն։ Մենք խորապես հավատում ենք, որ մշակութային եւ ազգային ինքնությունների նկատմամբ հարգանքն ու հանդուրժողականությունը կապահովեն ազգերի համար խաղաղ եւ կայուն ապագա՝ ստեղծելու եւ հարստացնելու համաշխարհային ժառանգությունը»,- դիմելով անդամ պետությունների ներկայացուցիչներին՝ ասել է ՀՀ ԿԳՄՍ նախարարը:

Նիստին մասնակցել են Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության, Ուկրաինայի, Էկվադորի եւ այլ երկրների, ինչպես նաեւ «Մշակութային արժեքների պահպանության եւ վերականգնման ուսումնասիրությունների միջազգային կենտրոնի» բարձրաստիճան ներկայացուցիչները:

2022թ. սեպտեմբերի 28-30-ը Մեքսիկայի մայրաքաղաք Մեխիկոյում ընթանում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մշակութային քաղաքականության եւ կայուն զարգացման համաշխարհային համաժողովը, որին մասնակցում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Վահրամ Դումանյանի գլխավորած պատվիրակությունը: Հայաստանյան պատվիրակության կազմում են նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը եւ Մշակութային ժառանգության եւ ժողովրդական արհեստների վարչության պետ Աստղիկ Մարաբյանը:

 

 

 

 

 

ԱՄԵՐԻԿԱՀԱՅ ԴԻՐԻԺՈՐԸ՝ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Կամերային երաժշտության ազգային կենտրոնի «Հայահավաք» նախագծի շրջանակում Հայաստանում ելույթ կունենա ամերիկահայ դիրիժոր Պետրոս Շեթիլյանը։

 

Համերգը տեղի կունենա սեպտեմբերի 30-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը: Համերգին դիրիժորը կղեկավարի Հայաստանի պետական կամերային նվագախումբը (գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր` ՀՀ վաստակավոր արտիստ Վահան Մարտիրոսյան)։

«ԿԵԱԿ «Հայահավաք» նախագծի ընթացքում Հայաստանում ելույթ են ունենում հայազգի հանրահայտ արտիստներ, որոնք նախկինում որոշ պատճառներով դեռ ելույթ չեն ունեցել կամ ակտիվ ստեղծագործական գործունեություն չեն ծավալել հայրենիքում։ Հայազգի դիրիժորներին ու մենակատարներին ներկայացնելով ու նրանց ձայնն ավելի լսելի դարձնելով՝ ԿԵԱԿ-ը նպատակ ունի նոր թափ հաղորդել Հայաստանում մշակութային կյանքի զարգացմանն ու Հայաստան-սփյուռք մշակութային կապերի ամրապնդմանը»,-նշում է նախագծի համակարգող, Կամերային երաժշտության ազգային կենտրոնի փոխտնօրեն Արմեն Սուքիասյանը։

Սեպտեմբերի 30-ի համերգի ծրագրում Մոցարտի, Շոստակովիչի, Կոմիտաս/Ասլամազյանի եւ Դանիել Երաժշտի ստեղծագործություններն են։

Պետրոս Շեթիլյանն ավարտել է Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիան (Յուրի Տեմիրկանովի դասարան)։ Նա աշխատել է միջազգային ճանաչում ունեցող այնպիսի նվագախմբերի հետ, ինչպիսիք են Սանկտ Պետերբուրգի ֆիլհարմոնիկը եւ Մոսկվայի կամերային նվագախումբը: Շեթիլյանը դիրիժորության բնագավառում ունեցած ձեռքբերումների համար պարգեւատրվել է Ռուսաստանի մշակութային հիմնադրամի մեդալով եւ պատվոգրով։ Նա մասնակցել է մի շարք երաժշտական փառատոնների, ինչպիսիք են Մոսկվայի Զատկի եւ Շվեդիայի Բորգհոլմսի միջազգային երաժշտական փառատոնները եւ շրջագայել է այնպիսի երկրներում, ինչպիսիք են Միացյալ Թագավորությունը, Շվեդիան եւ Ֆինլանդիան: Վերջերս Շեթիլյանը մասնակցել St. Petersburg Palaces International Music Festival-ին, որտեղ ղեկավարել է Մոցարտի Ռեքվիեմը եւ արժանացել քննադատների բարձր գնահատականին։ Մեկ այլ հատկանշական իրադարձությունը Շեթիլյանի համերգն էր London Mozart Players-ի հետ Սուրբ Ջոն Սմիթ հրապարակում:

Պետրոս Շեթիլյանը նաեւ ձեռնադրվել է Հայ Առաքելական եկեղեցու քահանա եւ ներկայումս ապրում է ԱՄՆ-ի Մասաչուսեթս քաղաքում` համատեղելով իր երաժշտի եւ հոգեւորականի կոչումները:

 

 

 

ՖՈՒՏԲՈԼԻՍՏԸ ՄՏԱՓՈԽՎԵԼ Է

Մոսկվայի «Լոկոմոտիվի» 23-ամյա պաշտպան Նաիր Տիկնիզյանը չի բացառել, որ կընդունի Հայաստանի ազգային հավաքականի հրավերը, եթե դարձալ ստանա։ Մոտ կես տարի առաջ ֆուտբոլիստի գործակալը հայտնել էր, որ ռուսաստանցի ֆուտբոլիստը մերժել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հրավերը։

«Այո, ես ունեմ մարզական քաղաքացիությունս փոխելու իրավունք, բայց հարցը ցանկությունն է, դեռ ոչինչ չկա։

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ կապի մեջ ենք։ Ես նրանց վերաբերվում եմ առավելագույն հարգանքով։

Կյանքում ամեն ինչ կարող է փոխվել։ Ես նրանց ասացի. «Եթե այսօր ասել եմ «ոչ», ապա վաղը կասեմ «այո»»։ Ամեն ինչ կախված կլինի նրանց ընդունել-չընդունելուց։ Բայց սա չի նշանակում, որ ինչ-որ բան տեղի կունենա։

Չգիտեմ՝ ինչ տեղի կունենա վաղը։ Ապրում ենք այսօրվա օրով։ Երեւի կես տարի առաջ են զանգել Հայաստանից։ Ես ոչինչ չեմ սպասում։ Հիմա ամենակարեւորը «Լոկոմոտիվն» է, իսկ հավաքականը հիմա երկրորդական է»,- Տիկնիզյանի խոսքը մեջբերում է Sport-express.ru-ն։

Տիկնիզյանը ծնվել է Սանկտ Պետերբուրգում։ 2016-2021-ին եղել է Մոսկվայի ԲԿՄԱ-ի խաղացող։ Նա հանդես է եկել Ռուսաստանի մինչեւ 19, 20, 21 տարեկանների հավաքականներում։

 

 

 

 

ՆՎԻՐՎԱԾ Է ՄՈԴԵԼԱՎՈՐՈՂԻՆ

WWD-ին մոտ կանգնած աղբյուրները պարզել են, որ առաջիկա Met Gala-ն նվիրված է լինելու հանգուցյալ մոդելավորող Կարլ Լագերֆելդին։

Միջոցառումը տեղի կունենա 2023 թվականի գարնանը։

Ցուցահանդեսին կներկայացվեն նրա ավելի քան 150 լուքեր՝ Chanel-ի, Balmain-ի, Patou-ի, Fendi-ի, Chloe-ի եւ իր համանուն հավաքածուի համար:

Fendi եւ Chanel նորաձեւության տների գլխավոր մոդելավորողը մահացել է 2019 թվականի փետրվարի 19-ին։ Կարլ Լագերֆելդի մահը ցնցել է համաշխարհային նորաձեւության աշխարհի ներկայացուցիչներին։

 

 

 

 

ՀԱՆԴԻՊՈՒՄԸ՝ ԱՅՍՕՐ

ԱՄՆ-ի եւ Չինաստանի հավաքականները կվիճարկեն բասկետբոլի կանանց աշխարհի չեմպիոնի տիտղոսը։

Ավստրալիայի Սիդնեյ քաղաքում ավարտին մոտեցող առաջնության կիսաեզրափակիչում ամերիկացիները 83:43 (27:7, 18:14, 22:8, 16:14) հաշվով առավելության հասան Կանադայի թիմի նկատմամբ։

Չինաստանի հավաքականը կիսաեզրափակչում մրցեց ավստրալացիների հետ եւ հաղթեց 61:59 (13:17, 23:17, 11:14, 14:15) հաշվով։

Եզրափակիչն ու երրորդ տեղի համար հանդիպումը տեղի կունենան հոկտեմբերի 1-ին։

 

 

 

 




Լրահոս