ԱՅՍՏԵՂ ԳԱՂՏՆԻ ԲԱՆ ՉԿԱ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը զարմացած չէ ArmTimes.am-ում տպագրված լուրերից, որտեղ ասվում է, թե պաշտոնական Բաքուն «խաղաղության պայմանագրի» համար ինչ կետեր է առաջարկել:

 

ArmLur.am-ի հետ զրույցում բացատրում է. «Այդ ամենի մասին Փաշինյանը միշտ էլ ասել է, ակնարկել է, այնպես որ, հրապարակված լուրի մեջ գաղտնի բան չկար»:

-Տիկի՛ն Բադալյան, «Հայկական ժամանակ» օրաթերթը 2 հոդված է հրապարակել, որտեղ առաջինում խոսում է  Ադրբեջանի առաջարկած 5 կետերի մասին  խաղաղության պայմանագրի մասով, եւ 2-րդում՝ Ռուսաստանի ակնկալիքների մասին Հայաստանի մասով, որից վստահ եմ, որ տեղյակ եք: Ինչպե՞ս եք վերաբերվում այս ցավոտ հարցերին՝ Արցախը՝ Ադրբեջանի կողմից զրո կարգավիճակով, միջանցքի տրամադրում, որ պահանջում է Ադրբեջանը: Ռուսաստանը Հայաստանից ակնկալում է, որ կդառնա միութենական երկիր: Կխնդրեմ Ձեր մեկնաբանությունները այս ամենի մասին:

-Կարծում եմ՝ այստեղ ոչ մի գաղտնի բան չկա, քանի որ ամեն անգամ, Ազգային ժողովի ամբիոնը օգտագործելով, Հայաստանի Հանրապետության վարչապետը բազմիցս խոսել է այդ մասին: Նա ամեն անգամ շատ պարզ խոսել է, բոլոր փակագծերը բաց: Այլ հարց է, թե մենք ինչպես ենք վերաբերվել այդ ամենին, հասկացել ենք, թե ոչ, բայց մեզ համար գաղտնիք չէր «Հայկական ժամանակ»-ի հրապարակած նյութը: Ինչ վերաբերում է Ռուսաստանի ակնկալիքների մասին, ապա դա չեմ կարդացել, բայց այդ մասին եւս բազմիցս խոսվել է: Կարծում եմ՝ սրանք շատ ցավոտ հարցեր են իսկապես: Եթե անընդհատ քննարկվում է, թե ինչն է պատճառը խաղաղության պայմանագրի հետ կապված, թե ինչու չի ստորագրվում, եւ նաեւ թե ինչն է պատճառը, որ այս իրավիճակից չենք կարողանում դուրս գալ, այս հրապարակումից հետո բոլորս հասկացանք թերեւս, թե մենք ինչու չենք գնում այդ զիջումներին, եւ թե ինչու էր նախորդ անգամ  վարչապետը Ազգային ժողովի ամբիոնից խոսում  այն մասին, որ մենք պիտի կռվենք, մենք պիտի պայքարենք մեր հայրենիքի ամեն մի թիզ հողի համար: Այլընտրանք չունենք, քանի որ բոլորս էլ գիտենք՝ ինչ է պահանջում Ադրբեջանը մեզանից,  եւ ինչ է ակնկալում Ռուսաստանը: Մեզ մնում է մենակ պաշտպանել մեր իրավունքները, եթե անգամ կարիքը կա, ապա՝ զենքով:

-Կարծում եք՝ այս պահին կռի՞վն է հարցի միակ լուծումը:

-Ես չեմ կարող նման բան ասել, որ ելքը կռիվն է: Կարծում եմ՝ անկախ տրամադրվածություններից եւ  իշխանությունների նկատմամբ վերաբերմունքից՝  բոլորը շատ լավ տեսնում են, որ դիվանագիտական ճակատը առանց հանգստանալու, անխոս աշխատում է բոլոր ուղղություններով, որպեսզի կարողանա կանխել  կռիվը: Եթե մենք ուզում ենք ունենալ հայրենիք, ապա այս ամենի չլինելու դեպքում մեզ մնում է մենակ կռվով դա պաշտպանել:

-Հասարակությունը հիմա շատ ավելի պատասխաններ է ցանկանում լսել, քան մինչեւ այս հոդվածն էր: Մի կողմից՝ Ադրբեջանն է սպառնում հարձակվել եւ ուժով վերցնել, մյուս կողմից՝ հայ հասարակությունը նախապատրաստական ակնարկներ է ստանում իշխանությունից: Ի՞նչ կասեք այն մարդկանց, որոնք ցանկանում են պատասխաններ լսել:

-Կարծում եմ՝ հասարակությունից այս պահին ոչինչ չի թաքցվում: Հասարակության այն հատվածը, որը փորձում է անպայման մի բան գտնել քննադատելու, եթե այդ ամենը մի պահ թողնի, ապա կհասկանա, որ ոչինչ չկա թաքցնելու, եւ ամեն ինչ շատ պարզ  ասվում է: Եթե անգամ ամեն ինչ շատ պարզ չի ասվում, ապա ակնարկվում է՝ իրավիճակի հետ կապված: Թե ինչ պետք է անի հասարկությունը, դա այն է, որ միայն համախմբումը կօգնի հաղթահարելու այս ճգնաժամը. ուրիշ տարբերակ չկա: Հայաստանը հայտնվել է այս իրավիճակում ոչ թե իշխանության  մեղքով, այլ աշխարհաքաղաքական  այս տարբեր  նոր դիրքավորումների եւ  մեր աշխարհագրական դիրքի ու պատմական խնդիրների պատճառով: Այս ամենի միակ տարբերակը համախմբումն է, եւ զգույշ լինել ինչ-որ կարծիքներ հայտնելուց: Բոլոր ոլորտներում կան լրջագույն խնդիրներ, այդ թվում՝ նաեւ բանակում: Այդ խնդիրները բարձրաձայնելով՝ նա չի մտածում,  որ դա ուղղակի հանրության ուշադրությունը չի գրավում, այլ տեղեկատվություն է տրամադրում թշնամուն: Խնդիրը, այո, պետք է բարձրաձայնվի, սակայն այդ բարձրաձայնումը պարտադիր չի, որ լինի հանրայնորեն: Կարծում եմ՝ անգամ Պաշտպանության նախարարությունում այդ խնդրին լուծում չտալու դեպքում կարող են ցանկացած պատգամավորի դիմել, եւ չեմ կարծում՝ կա մի պատգամավոր, որ այդ խնդրի լուծման համար մինչեւ վերջ չգնա: Պատերազմող երկրում նման խնդիրներ բարձրաձայնելուց առաջ ժողովուրդը պետք է հասկանա, որ դրանով ոչ թե վնասում է գործող իշխանությանը, այլ վնասում է պետությանը, եւ ինքը իր անվտանգությունը  վտանգի է ենթարկում:

Զրուցեց ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԸ

 

 

ԱԼԻԵՎԻ ԽՈՍՔԵՐԸ

«Ղարաբաղում ապրող հայերը մեր քաղաքացիներն են». Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի խոսքերն են՝ ասված երեկ՝ հոկտեմբերի 5-ին՝ Ակնայում մեկնարկած քաղաքաշինական ֆորումի ժամանակ:

Ըստ նրա՝ Արցախի տարածքում բնակվողների կյանքը բարելավելու համար իրենք որեւէ միջազգային կենտրոնի հետ չեն քննարկելու, թե ինչպես դա անել: Ալիեւը փոխանցել է նաեւ, որ որոշակի լավատեսություն է տեսնում Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու գործընթացի մասով։

«Մի քանի օր առաջ տեղի ունեցավ Ադրբեջանի եւ Հայաստանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը՝ առաջին նման հանդիպումը՝ կապված խաղաղության պայմանագրի տեքստի պատրաստման հետ։ Հուսով ենք, որ դա երկար չի տեւի»,- ելութի ժամանակ ասել է Ալիեւը:

Ադրբեջանի նախագահը հայտարարել է նաեւ՝ Հայաստանի հետ խաղաղության պայմանագիրը պետք է հիմնված լինի «միջազգային օրենքի հինգ սկզբունքների վրա»։

Նշենք, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող լրատվամիջոցը «հավաստի աղբյուր»-ով ստորագրված հոդվածաշարեր է հրապարակում, որտեղ բացեիբաց խոսում է, թե Ադրբեջանը Հայաստանից ինչ է ակնկալում խաղաղության պայմանագիր կնքելու համար: Ըստ այդ կետերի՝ Ադրբեջանը Հայաստանի տարածքով միջանցք է ունենալու, ինչպես նաեւ Արցախն առանց որեւէ կարգավիճակի ամբողջովին Ադրբեջանի մաս է դառնալու: Հայաստանի իշխանությունները պնդում են՝ նման պայմաններում Հայաստանը երբեք խաղաղության պայմանագիր չի հաստատելու:

Ս. ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

 

 

ՆՎԱԶԵԼ Է

Հայաստանում կյանքի սպասվող տեւողությունը նվազել է 3.1 տարով, իսկ շնչային համախառն ազգային եկամուտը՝ 5.3 տոկոսով. այս ցուցանիշով Հայաստանը տարածաշրջանի 5 երկրների թվում նախավերջինն է, գերազանցում է միայն Ադրբեջանին: Այս մասին նշված է Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի կողմից հրապարակված Մարդկային ներուժի զարգացման 2021/2022 թթ. զեկույցում։ Ըստ զեկույցի՝ 2019 թվականի համեմատ՝ 2021-ին Հայաստանն արձանագրել է զբաղեցրած հորիզոնականի նահանջ՝ 81-րդ հորիզոնականից տեղափոխվելով 85-րդ հորիզոնական։ Չնայած այս փաստին՝ Հայաստանը շարունակում է ընդգրկված լինել «մարդկային ներուժի զարգացման բարձր մակարդակով» երկրների խմբում։ Նահանջ է արձանագրվել ՀՀ-ում. մարդկային ներուժի զարգացման ինդեքսի արժեքը, 2019թ.-ի 0.778-ի համեմատ, 2021-ին նվազել եւ կազմել է 0.759։

Իսկ շնչային համախառն ազգային եկամտով Հայաստանը ետ է իր խմբի երկրների միջինից 13.2 տոկոսով, իսկ աշխարհի միջինից` 21.5 տոկոսով: Այդ ցուցանիշով Հայաստանն իր հարեւաններից չի զիջում միայն Իրանին։

Բացի այս, անհավասարության հաշվառմամբ` մարդկային ներուժի զարգացման ինդեքսի ցուցանիշով Հայաստանը տարածաշրջանի 5 երկրների թվում 3-րդն է Թուրքիայից եւ Վրաստանից հետո։

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

ԿՅԱՆՔԸ ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՒՄ Է

«Այս պահին Ջերմուկ քաղաքում ամեն ինչ նորմալ է: Բնակչությունը կամաց-կամաց վերադառնում է քաղաք»,- ArmLur.am-ին ասաց փոխքաղաքապետ Վարդան Սարգսյանը:

«Քաղաքում արդեն կյանքը վերականգնվում է, այսօրվանից հյուրանոցները կբացվեն, մարդկանց տրամադրությունները լավ է»,- հավելեց նա:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ի կեսգիշերին հայ- ադրբեջանական սահմանին սկիզբ առած ինտենսիվ ռազմական գործողությունների հետեւանքով, ըստ պաշտոնական տվյալների, հայկական կողմից 206 զոհված եւ անհետ կորած կա, ադրբեջանական կողմից՝ 80 զոհված, երկու կողմերը հարյուրավոր վիրավորներ ունեն: Սեպտեմբերի 14-ի երեկոյան հայտարարվել է հրադադարի մասին, այն, սակայն, պարբերաբար  խախտվում է:

 

 

 

Ո՞Վ Է ԴԱՏԱՎՈՐԸ

Ո՞վ է «Ժողովուրդ» օրաթերթի դեմ ակնհայտ կողմնակալ վճիռ կայացրած դատավորը: Արդեն մի քանի օր է, ինչ լրագրողական դաշտում, լրագրողական կազմակերպությունների շրջանում քննարկվում է հարցը, թե ինչպես եղավ, որ «Ժողովուրդ» օրաթերթը, ունենալով պաշտոնական փաստաթուղթ իր ձեռքին, պարտվեց դատարանում: Պարզվում է՝ ուղղորդումները չպիտի բացառենք: Հիշեցնենք, որ այս տարվա ապրիլի 13-ին Երեւան քաղաքի դատարանի դատավոր Լիզա Գրիգորյանը վճռել էր պարտավորեցնել «Ժողովուրդ» օրաթերթին հրապարակավ ներողություն խնդրել հայցվորից վիրավորական արտահայտությունների համար:

Իսկ ո՞րն է վիրավորանքը. ըստ դատավորի՝ այն է, որ «Ժողովուրդ» օրաթերթը հիշատակել էր, որ Սամվել Խարազյանը «նախկինների օրոք աշխատել է կոռուպցիոն սկանդալներով հայտնի ՊԱԳ-ում որպես բաժնի պետ եւ, որ ամենաուշագրավն է, ՊԱԳ այդ ժամանակվա պետ Սարո Ծատուրյանի հետ անգամ հասցրել է ձերբակալվել՝ պաշտոնական դիրքի չարաշահման մեղադրանքով: Հեղափոխական իշխանությունների միակ հույսը մնացել են նախկիններից մնացած, բայց ոչ թե իրական պրոֆեսիոնալ, այլ կոռումպացված կադրերը»:

Թե հատկապես որ բառն է վիրավորել հայցվորին, մինչ օրս մեզ հայտնի չէ: Մեզ չի ներկայացվել հերքման պահանջ, բայց դատավորը որոշել է, որ չեղած հերքումը պետք է «Ժողովուրդ» օրաթերթը հրապարակեր: Իհարկե, մենք ողջամիտ կասկածներ ունենք, որ Նիկոլ Փաշինյանի բարեհաճությունը վայելող փաստաբան Տիգրան Եգորյանի գործոնը, հնարավոր է, դեր խաղացել է: Պարզվում է՝ Լիզա Գրիգորյանը մտերիմ ընկերուհի ունի ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներսում: Խոսքը ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանի մասին է: Այսինքն՝ դատավորի կողմնակալ վերբերմունքը մեր օրաթերթի նկատմամբ, տարբեր տեղեկություններով, սկսում է օրեցօր հիմնավորվել: Դեռ հետաքննությունը շարունակվում է:

 

 

 




Լրահոս