Երեւանում բնակարանների գները աճել են: Պաշտոնապես մայրաքաղաքում բնակարանների գները մեկ ամսվա ընթացքում բարձրացել են: Օրինակ Կենտրոն վարչական շրջանում օգոստոսին բնակարանի մեկ քմ գինը գերազանցել է 1782 դոլարը:
Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի՝ Կենտրոնում բնակարանի մեկ քմ օգոստոսին վաճառվել է 745 հազար 100 դրամով, մինչդեռ հուլիսին այն կազմել է 742 հազար 500 դրամ, այսինքն՝ մեկ ամսվա ընթացքում 2600 դրամով թանկացել է: Բայց եթե մեկ տարվա կտրվածքով դիտարկենք, ապա թանկացումը կազմել է 109 հազար 800 դրամով: Բնակարանի այսչափ թանկացումը խիստ մտահոգիչ է հատկապես Հայաստանի նման երկրում:
Դավթաշեն վարչական շրջանում բնակարանի թանկացումը մեկ ամսվա ընթացքում կազմել է 2700 դրամ, իսկ մեկ տարվա ընթացքում՝ 64 հազար 100 դրամ: Էրեբունիում բնակարանի մեկ քմ-ն հուլիսին կազմել է 342 հազար 300 դրամ, իսկ օգոստոսին՝ 344 հազար դրամ: Արաբկիր վարչական շրջանում բնակարանների գները եւս բարձրացել են՝ մեկ քմ-ն 527 հազար դրամից դառնալով 530 հազար դրամ:
Այս ոլորտում այն կտրուկ գնաճը, որը եղավ, երբ ռուսները, ուկրաիանցիները տեղափոխվեցին Հայաստան պատերազմի հետևանքով, նպաստեց գների կտրուկ բարձրացմանը: Բացի այս, տների դեֆիցիտ արձանագրվեց, որն էլ իր հերթին գնաճի պատճառ դարձավ։ Սա դեռ ամենը չէ. մասնագետները համոզված են, որ հաջորդ տարի անշարժ գույքի գներն այլ կլինեն, ավելի բարձր:
Սյունէ Համբարձումյան