ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ի՞նչ ճակատագիր է սպասվում «Փեթակ»-ին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Փեթակ» առեւտրի կենտրոնի ճակատագիրն առաջիկայում հայտնի կլինի: ArmLur.am-ը տեղեկացավ, որ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետներն այս ընթացքում ստուգում են՝ արդյոք առեւտրի կենտրոնը նախկինում հայտնաբերված թերությունները շտկել է, թե ոչ: Տեղեկացնենք, որ 𝟐𝟎𝟐𝟏 թվականի հունիսի 𝟏𝟒-𝟏𝟖-ը ստուգում էր իրականացվել «Փեթակ»-ում, եւ դրա արդյունքում հայտնաբերվել էին հրդեհային անվտանգության կանոնների 𝟏𝟐 խախտումներ։

Մեզ հայտնի դարձավ, որ «Փեթակ» առեւտրի կենտրոնի տնօրենը նախորդ ուրբաթ գրություն է ուղարկել տեսչական մարմնի ղեկավարին եւ տեղեկացրել, որ հայտնաբերված 12 խախտումներից 11-ը շտկվել են, իսկ 12-րդը՝ ընթացիկ աշխատանքային փուլում է: Եթե տեսչական մարմինը հաստատի, որ շտկվել են խախտումները, ապա առեւտրի կենտրոնի գործունեության դադարեցման մասին որոշումը կհանվի: Բայց տեղեկացնենք, որ այս պահին «Փեթակ» առեւտրի կենտրոնը բաց է: Առեւտրի կենտրոնի փոխտնօրեն Նորիկ Հեբոյանը ArmLur.am-ին փոխանցեց, որ հրդեհային անվտանգության կանոնների արձանագրված 𝟏𝟐 խախտումներից 11-ը վերացվել են. «Մնացել է միայն օդափոխման սարք տեղադրել, որը պատվիրել ենք, շուտով մեզ կհասնի»:

Թե երբ սարքը տեղ կհասնի եւ կտեղադրվի, փոխտնօրենը դժվարացավ ժամկետ նշել: Բայց առեւտրի կենտրոնի տնտեսվարողները հույս ունեն, որ տեսչական մարմինը կզիջի եւ կչեղարկի գործունեության դադարեցման մասին կայացրած որոշումը՝ մինչեւ սարքերի հասնելն ու տեղադրվելը:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս