Ինչ խնդիրներ կարող են զարգանալ ցուրտ եղանակին գլխարկ չկրելու հետևանքով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Աշնանը եղանակային փոփոխությունները բավական հաճախակի բնույթ են կրում, մինչդեռ մարդիկ հաճախ են անուշադրության մատնում օդի ջերմաստիճանի կտրուկ նվազումը, ինչն էլ ի վերջո հանգեցնում է լուրջ խնդիրների զարգացման։ Մասնավորապես, վտանգավոր կարող է լինել ցուրտ եղանակին գլխարկից հրաժարվելը, ինչը կարող է նպաստել լուրջ նյարդաբանական հիվանդության՝ ծոծրակի մեծ նյարդի նևրոպաթիայի զարգացման։ Ինչպես գրում է URA.RU-ն՝ վկայակոչելով նյարդաբան Եկատերինա Դեմյանովսկայային, այս հիվանդությունը կարող է շատ տհաճ լինել ու դրսևորվել ծոծրակի ուժգին, հյուծող ցավով, որը տարածվում է նաև քունքերի հատվածում։

Մասնագետի խոսքով՝ ցուրտ եղանակին գլխարկ չկրող մարդկանց մոտ այս հիվանդության զարգացման հավանականությունը բավական բարձր է լինում։ Նման խանգարման զարգացումը պայմանավորված է լինում տեղային գերսառեցմամբ ու մկանների ավելորդ լարվածությամբ։

«Այս վիճակը դրսևորվում է ծոծրակում հյուծող ու ծակող ցավով, որը տարածվում է ականջների հետին հատվածում, գլխի վերին հատվածում ու քունքերի հատվածում։ Հիվանդության ախտորոշման համար հարկավոր է բացառել ցավի այլ պատճառները։ Նաև անհրաժեշտ են այնպիսի գործիքային հետազոտություններ, ինչպիսին են մագնիսառեզոնանսային շերտագրությունը, համակարգչային շերտագրությունն ու ռենտգենոգրաֆիան», – նշել է Դեմյանովսկայան։

Նա նաև հավելել է, որ գլխի հաճախակի գերսառեցումները կարող են հանգեցնել քրոնիկ գլխացավերի, որոնք զարգանում են ջլոնի (ապոնևրոզ)՝ ծոծրակային ու ճակատային մկանների միջև ջլային վահանակի ավելորդ լարվածության հետևանքով։




Լրահոս