ԲԱՑԱՌԻԿ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ՝ ՊԱՅԹՅՈՒՆԻՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ Ղրիմի կամրջի պայթյունի դեպքով Ազգային անվտանգության ծառայությունում կհարուցվի քրեական գործ: Ինչպես հայտնի է, ՀՀ գլխավոր դատախազությունը այս մասով գրություն էր ուղարկել ԱԱԾ:

 

Ռուսաստանի քննչական ծառայության ղեկավարը հայտնել էր. «Արդեն պարզել ենք պայթած բեռնատարի երթուղին՝ Բուլղարիա, Վրաստան, Հայաստան, Հյուսիսային Օսիա, Կրասնոդար»: Բեռնատարի վարորդը եղել է Հայաստանի եւ Վրաստանի քաղաքացի Արթուր Թերջանյանը:

ArmLur.am-ին բացառիկ մանրամասներ են հայտնի դարձել այս գործից: Մասնավորապես, մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ Ղրիմի կամուրջը պայթեցրած բեռնատար մեքենան Հայաստանից դուրս է եկել հոկտեմբերի 1-ին: Արդեն ՊԵԿ-ն էլ հայտնեց, որ մեքենան մանրազնին ստուգվել է, եւ որեւէ պայթուցիկ նյութ կամ կասկածելի առարկա չի հայտնաբերվել:

ՀՀ ուժային կառույցները, ArmLur.am-ին հասած բացառիկ տեղեկությունների համաձայն, պարզել են, որ Հայաստանով անցած բեռնատար մեքենան գնացել է Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի երկրամասի Արմավիր քաղաք եւ այնտեղ փոխվել է, պայթուցիկ նյութերով բեռնվել եւ հասնելով Ղրիմի կարեւորագույն կամուրջին՝ պայթել է:

Իսկ ո՞վ է Հայաստանի քաղաքացի Արթուր Թերջանյանը: ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ նա Հայաստանի եւ Վրաստանի քաղաքացի է եւ բնակվում է Վրաստանի Ախլցխա քաղաքում: Նշենք, որ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունում ուսումնասիրվել են ՌԴ անվտանգության դաշնային ծառայության կողմից այսօր տարածված տեղեկությունները եւ զանգվածային տարբեր լրատվամիջոցներում առկա հրապարակումները: Հայտնել էինք, որ Ղրիմի կամրջի վրա ահաբեկչության գործով ձերբակալվել են 8 մարդ՝ ՌԴ հինգ քաղաքացի, Ուկրաինայի 2 եւ Հայաստանի 1 քաղաքացի։ Նկատի ունենալով, որ հրապարակումը պարունակել է առերեւույթ հանցանքի մասին վկայող տեղեկություններ՝ Գլխավոր դատախազությունը դրանք հասցեագրել է ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտ՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցը լուծելու հանձնարարությամբ:

Եւ, ահա, ArmLur.am-ի տեղեկություններով՝ այս դեպքում ՀՀ ԱԱԾ-ում քրեական գործ կհարուցվի՝ պարզելու մանրամասները:

Հավելենք, որ ArmLur.am-ը  իրավիճակին ծանոթանալու համար հեռախոսազրույց է ունեցել Ղրիմի հայկական համայնքի ղեկավար Գեորգի Հակոբյանի հետ:

«Ղրիմում իրավիճակը հանգիստ է, տեղի հայերը ավելի շատ մտահոգված են Հայաստանով»,- ArmLur.am-ին փոխանցեց Ղրիմի հայկական համայնքի ղեկավար Գեորգի Հակոբյանը: Հիշեցնենք՝ հոկտեմբերի 8-ին Ղրիմի կամուրջի հատվածներից մեկում վառելիքով լի ցիստեռն էր պայթել: Կամրջի երկու ավտոմոբիլային հատվածները մասամբ փլուզվել են: Այժմ երթեւեկությունը վերականգնվել է:

«Պայթյունի առաջին օրը ժողովուրդը մի քիչ խառն էր, բայց հիմա ամեն ինչ նորմալ է, հանգիստ, խնդիր չկա այստեղ: Մի քանի ժամ փակեցին, ստուգեցին, ու վերանորոգվում է ուժեղ տեմպերով: Ավտոմեքենաները գնում, գալիս են, երկաթուղին գործում է, ուտելիքը կա… Ամեն ինչ կարգին է, մի՛ անհանգստացեք: Ճիշտ է, իրադրությունը լարված է, բայց խուճապ չկա: Այստեղի հայերն ավելի շատ Հայաստանով են մտահոգված»,- ArmLur.am-ին ասաց Գեորգի Հակոբյանը:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ

Մեզ հայտնի դարձավ, որ 2022 թվականի հունիսի 21-ին Արմեն Շահբազյանը կնոջ` Գայանե Թովմասյանի, Երեւանում բնակվող ավագ որդու` Արման Շահբազյանի, միջնեկ որդու՝ Աղաբեկ Շահբազյանի, կրտսեր որդու՝ Կարեն Շահբազյանի, հարեւան Լուսինե Հովսեփյանի եւ իր երկու գործընկերների հետ միասին իրենց պատկանող՝ Արարատի մարզի Նոր Խարբերդ համայնքի 29-րդ փողոցի 82/2-րդ հասցեում նշել են ծննդյան տարեդարձ: ժամը 23։00-ի սահմաններում Կարեն Շահբազյանը, Արմեն Շահբազյանը եւ վերջինիս գործընկերներ Արսեն Բաղդասարյանն ու Արսեն Բարիսաքոյանը, գտնվելով ոգելից խմիչքի ազդեցության տակ, խոսակցություն են ունեցել 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության կողմից ՀՀ-ի եւ Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված 44-օրյա ագրեսիվ պատերազմի ժամանակ մարտի դաշտը թողած զինծառայողների վերաբերյալ: Կարեն Շահբազյանը, հանդիսանալով 44-օրյա պատերազմի մասնակից, վիրավորվել է արված արտահայտություններից եւ իր մոտ գտնվող դանակի սայրը պահել է Արսենի Բաղդասարյանի պարանոցին: Վիճաբանությանը միջամտել է Արման Շահբազյանը եւ փորձել է Կարեն Շահբազյանի ձեռքից վերցնել դանակը, որի ժամանակ վնասել է Արման Շահբազյանի ձախ ձեռքը:

Հյուրերին ճանապարհելուց հետո Արմեն Շահբազյանը որդու՝ Արման Շահբազյանի ձեռքը դանակով վնասելու հարցի շուրջ տան ննջասենյակում վիճաբանության է բռնվել կրտսեր որդու` Կարեն Շահբազյանի հետ, որի ժամանակ վերջինս, իր մոտ եղած դանակը ձեռքում պահած, անկանոն շարժումներ է կատարել: Արմեն Շահբազյանը որդու ձեռքից վերցրել է դանակը, փակել է շեղբը եւ դանակի բռնակով, այնուհետեւ նաեւ բռունցքներով հարվածներ է հասցրել Կարեն Շահբազյանի գլխի եւ մարմնի տարբեր մասերին: Վիճաբանության ձայներից քնից արթնացել է Գայանե Արկադիկի Թովմասյանը եւ քաշելով ամուսնու ձեռքից՝ փորձել է որդուն պաշտպանել, որի ընթացքում որդին հեռացել է տանից, իսկ Արմեն Շահբազյանն ապօրինաբար Գայանե Թովմասյանին կյանքից զրկելու դիտավորությամբ բռունցքներով եւ ոտքերով, ինչպես նաեւ արմունկով բազմաթիվ ուժգին հարվածներ է հասցրել նրա կենսական կարեւոր օրգաններին, ապօրինաբար, դիտավորությամբ նրան զրկել կյանքից։

 

 

 

 

ՎՃԻՌ Է ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼ

ArmLur.am-ի հայտնի դարձավ, որ Անրի Սեդոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2020 թվականի նոյեմբերի 10-ին Երեւան քաղաքում բազմաթիվ անձանց հետ միասին մասնակցել է ջարդելով, գույք ոչնչացնելով եւ վնասելով զուգորդված զանգվածային անկարգություններին, ինչպես նաեւ նախնական համաձայնության գալով Կարեն Մարությանի հետ, ապօրինի մուտք գործելով ՀՀ կառավարության շենքի թիվ 218, 219 եւ 402 աշխատասենյակներ՝ կատարել է խոշոր չափերով ուրիշի գույքի բացահայտ հափշտակություն:

ArmLur.am-ի հետ զրույցում Անրի Սեդոյանի փաստաբան Արսեն Մկրտչյանը հայտնեց, որ Անրի Սեդոյանն աաատազրկման է դատապարտվել երեք տարի ժամկետով, իսկ Կարեն Մարությանը` 6,5 տարի։

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

 

ՓՈՐՁԵԼ ԷԿԱԽՎԵԼ

ArmLur.am-ին  քիչ առաջ հայտնի դարձավ, որ ուշագրավ դեպք է եղել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ դատապարտյալ Սամվել Շահգելդյանը պատուհանի ճաղավանդակից փորձել է կախվել, սակայն բանտում աղմուկ-աղաղակ է եղել, խուց են շտապել Քրեակատարողական հիմնարկի ծառայողները եւ կարողացել են կանխել դատապարտյալի գործողությունները:

 

 

 

 

ԳՈՐԾԵՐԸ ՏԵՂԱՓՈԽՎԵՑԻՆ

Մեզ հայտնի դարձավ, որ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի՝ ապօրինի գույքի բռնագանձման գործը, Երեւանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի, Աժ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի դեմ Գլխավոր դատախազության՝ ապօրինի գույքի բռնագանձման գործերը Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանից տեղափոխվեցին Հակակոռուպցիոն դատարան:

Ի դեպ, գրել էինք, որ Գլխավոր դատախազությունն ու ԲԴԽ-ն ներքին գզվռտոցի մեջ են: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ վերջին շրջանում Գլխավոր դատախազությունը մեկը մյուսի հետեւից դատարան է ուղարկում ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասով նախկին պաշտոնատար անձանց գործերը։ Դատարանը դատախազության պահանջը վարույթ է ընդունում, որոշում, թե նախկին պաշտոնյաների գույքի վերաբերյալ գործերը Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի քաղաքացիական գործեր քննող որ դատավորները պետք է քննեն։ Գործը հասել է դատարան, սակայն դատարանում նիստերը չեն կայանում:

Ինչո՞ւ չեն կայանում նիստերը. պարզաբանման համար «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց Բարձրագույն դատական խորհուրդ, որտեղից մեզ պատասխանեցին. «Գործերը քնեցնելու որեւէ միտում չկա: Հակակոռուպցիոն դատարանը նոր է ձեւավորվել, եւ, հետեւաբար, գործերը վարույթ ընդունելուց հետո սահմանված ժամկետներում կնշանակվեն նաեւ դատական նիստերի օրերը»: Պարզվում է, որ բոլոր գործերը չէ, որ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարաններն են քննելու։ Մի մասը տեղափոխվելու են Հակակոռուպցիոն դատարան, որտեղ նոր նշանակված դատավորները դեռ կնիք ստանալու ու աշխատասենյակ ունենալու հարց են լուծում: Ի՞նչ է ստացվում. դեռեւս 2018-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից քանիցս շրջանառված թեզը, թե «թալանը կոպեկ առ կոպեկ» հետ են բերելու», դեռեւս համալիր գործընթացի չի վերածվում, ավելին` ձգձգվում ու դանդաղում է։ Հիմա էլ կնիք չունեն:

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 




Լրահոս