ԽՆԴԻՐՆԵՐ՝ ՏՈՒՐԻԶՄԻ ՈԼՈՐՏՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 13-ից հետո, երբ Ադրբեջանը ռազմական նոր ագրեսիա իրականացրեց Հայաստանի դեմ, տուրիզմի ոլորտում մի շարք խնդիրներ են ի հայտ եկել: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում ասաց Մեխակ Ապրեսյանը: Բացի այս, իր հերթին ոլորտի վրա ազդեցություն ունեցան նաեւ Մոսկվա-Հայաստան ավիատոմսի գները, որոնք շեշտակի բարձրացան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ մոբիլիզացիա հայտարարելուց հետո: 

 

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը շտապեց թվեր հրապարակել՝ նշելով, որ սեպտեմբեր ամսին Հայաստան այցելել է 198 հազար 74 զբոսաշրջիկ, իսկ առաջին 9 ամիսներին այս թիվը կազմել է 1 մլն 240 հազար: Շատերը կասկածի տակ դրեցին Քերոբյանի հրապարակած թվերը՝ նկատելով, որ մոբիլիզացիայից հետո Հայաստան այցելածները ոչ թե զբոսաշրջիկ են, այլ պատերազմի չմեկնելու համար են եկել:

Տուրիզմի հայկական ֆեդերացիայի (ՏՀՖ) նախագահ Մեխակ Ապրեսյանի խոսքով՝ նրանք օգտակար զբոսաշրջիկ չեն մեզ համար, որովհետեւ մարզեր չեն գնում, տարբեր վայրեր, այդ գումարները չի բաշխվում ամբողջ ինդուստրիայով մեկ:

«Այս մարդկանց նպատակը ոչ թե պլանավորված հանգիստն է, այլ մոբիլիզացիայով պայմանավորված են եկել, եւ նրանց շրջագայելու հավանականությունը այդքան մոտ չէ: Բայց սեպտեմբեր, հոկտեմբեր ամիսները համարվում են ակտիվ սեզոն զբոսաշրջության համար, եւ եթե վերջին իրադարձությունները չլինեին, ապա մենք կարող էինք ավելի շատ զբոսաշրջիկ ունենալ: Տոմսերի գները զգալի բարձրացան: Այդ գներով զբոսաշրջիկը չէր գալու, 5000 կամ 1000 դոլար չէին տա տոմս գնեին ու գային: Նրանք սովորական գներով տոմսերը գնելու էին եւ ավելի շատ էին ծախսելու, շատ էին շրջագայելու, եւ նրանցից օգուտն ավելի մեծ էր լինելու»,- նկատեց Մեխակ Ապրեսյանը: Մասնագետի խոսքով՝ մեր երկրում կազմակերպված տուրիզմը դեռ կայուն չէ, քանի որ Եվրոպայից, Ամերիկայից, Ճապոնիայից, Չինաստանից չունենք այդքան այցելություններ:

Նշենք, որ մոտ 20-օր չաշխատելուց հետո Ջերմուկի հյուրանոցներն են բացվել: Ճիշտ է, արդեն մի քանի օր է, ինչ հյուրանոցները բաց են, բայց ամրագրումները քիչ են: Հյուրանոցներից ArmLur.am-ին փոխանցեցին, որ օտարերկրացի հյուրեր ունեն, բայց նրանց թիվը փոքր է:

Տուրիզմի հայկական ֆեդերացիայի (ՏՀՖ) նախագահ Մեխակ Ապրեսյանի կարծիքով՝ գործադիրը պետք է միջոցներ ձեռնարկի շատ արագ վերականգնելու այցելությունները: «Պետք է միջոցներ ձեռնարկել նորից միջազգային շուկային համոզելու, որ Ջերմուկում անվտանգ է, գրավիչ է, գեղեցիկ է, հաճելի է: Պետք է աշխատանքներ տանել դիվանագիտական ուղիներով, որպեսզի այն երկրները, որոնք իրենց քաղաքացիներին հորդորել էին չգնալ Վայոց ձորի, Գեղարքունիքի, Սյունիքի մարզեր, իրենց հայտարարությունները փոխեն»,- նկատեց մեր զրուցակիցը:

Բացի այս, մեզ հայտնի դարձավ, որ հյուրանոցային ծառայությունների սակագները բարձրացել են: Մասնագետի խոսքերով՝ այս իրավիճակով, համաշխարհային զարգացումններով, ռուս-ուկրաինական ճգնաժամով պայմանավորված՝ գնաճ կա. «Գումարած սրան դոլարի ու եվրոյի արժեզրկումը դրամի նկատմամբ: Դա նշանակում է, որ ծառայությունների գները 30 տոկոսով աճել են»:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

 

ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Հայաստանում այս պահին շուրջ 236000 նախադպրոցական տարիքի երեխաներ (որոնցից 62.000-ը՝ գյուղական համայնքներում) ընդգրկված չեն նախադպրոցական ծառայության մեջ։ Այս մասին ասուլիսում հայտնեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը։

 

Նրա խոսքով` վերջին 2 տարիները, պայմանավորված համավարակով, բավականին բարդ էին նախադպրոցական կրթության համար։ Եթե դպրոցներում հնարավոր էր անցնել հեռավար կրթության, ապա նախադպրոցական կրթության համակարգի համար եղան լուրջ խնդիրներ երեխաների ընդգրկվածության մասով։

«2020-21 թվականներին որոշակի սահմանափակումներով էինք երեխաներին ընդգրկում համակարգ, ուստի վերջին 2 տարիների տվյալները չեն արտացոլում համակարգի իրական հզորությունը»,- ասաց նա։

ԿԳՄՍՆ փոխնախարարի խոսքով` 2019 թվականի ավարտին նախադպրոցական կրթության ոլորտում կար 0-5 տարեկան երեխաների 34,7 տոկոս ընդգրկվածություն, ընդ որում՝ 3-5 տարեկան երեխաների ընդգրկվածությունը կազմել է 64.4 տոկոս։

«2020 թվականին շուրջ 6 տոկոսով աճել է 3-5 տարեկան երեխաների ընդգրկվածության հնարավորությունը` շնորհիվ նոր բացված նախակրթարանների եւ նոր հաստատությունների։ 2020 թվականին շուրջ 22 հաստատություն է բացվել, որոնք սկսել են գործել նախադպրոցական կրթություն տրամադրելու համար»,- ասաց Անդրեսյանը, բայց շեշտեց, որ խնդիրը դեռ առկա է։

Երեւանի 40 մանկապարտեզներում հրդեհատեխնիկական հետազոտություններ են կատարվել

Նա հիշեցրեց, որ կառավարության ծրագիրը հստակ սահմանում է, որ պետք է մինչեւ 2026 թվականը 3-5 տարեկան երեխաների ընդգրկվածությունը 85 տոկոսի հասցնել, իսկ կրթության զարգացման պետական ծրագիրը մինչեւ 2030 թվականը հստակ սահմանում է, որ պետք է երեխաների ընդգրկվածությունը հասցնել 95 տոկոսի։

Նախատեսվում է 500 մանկապարտեզներ վերակառուցել կամ կառուցել։ Այս պահին 92 մանկապարտեզներում աշխատանքներ են ընթանում։

 

 

 

ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԴԱԴԱՐԵՑՎԱԾ Է

Տավուշի մարզի Նոյեմբերյան խոշորացված համայնքի սահմանամերձ Ոսկեպար գյուղում ՌԴ զինուժի համար արդեն կառուցված է զորակայան, որի կողքին ռուսական եռագույն դրոշի գույներով ներկված վագոն-տնակ է տեղակայված։ Թեեւ այդ զորանոցը կառուցված է, սակայն այդտեղ դեռ աշխատանքներ կան կատարելու։ Հավաքովի կոնստուկցիաներով  զորակայանի  գլխին կամ կողքին  ծածանվող Ռուսաստանի պետական դրոշ չկա, զորակայանի կողքին տեղակայված են  խոշոր բեռնատար, ամբարձիչ տրակտոր եւ մարդատար մի քանի ավտոմեքենաներ։ Ոսկեպարի բնակիչները հայտնեցին, որ զորակայանը Ոսկեպար գյուղից էլեկտրաէներգիա չի ստանում.  այն  հավանաբար  սնուցվում է դիզելային շարժիչով աշխատող էլեկտրակայանից։ Նման հավաքովի զորակայան կառուցվում է  նաեւ Տավուշի մարզի Բերդ  խոշորացավծ համայնքի սահմանամերձ Այգեպար գյուղում՝ խորհրդային ժամանակ գործած փոքր օդանավակայանի տարածքում։

Այգեպար բնակավայրի վարչական ղեկավար  Արկադի Յամուկյանը հայտնեց, որ  զորակայանի շենքն արդեն  կառուցված է, սակայն ինքը չի կարող ասել, թե դեռ ինչ աշխատանքներ կան կատարելու, քանի որ ինքը չի առնչվում այդ  շինարարությանը: Աշխատանքները կատարում է Գորիս քաղաքից   շինարարական ինչ-որ  կազմակերպություն, որպես բանվորներ կառուցապատմանը մասնակցում են Բերդ խոշորացված համայնքի տարբեր բնակավայրերի բնակիչներ։ Նման զորակայան կառուցվում էր նաեւ Իջեւան խոշորացված համայնքի Աչաջուր գյուղում՝ գյուղ մտնող հիմնական ճանապարհից ձախ գտնվող  տարածքում։ Աչաջուր բնակավայրի վարչական ղեկավար Կարեն Ղալթախչյանը հայտնեց, որ տեւական ժամանակ  է, ինչ   այդ զորակայանի կառուցման աշխատանքները դադարեցված են։

Մինչ այժմ Աչաջրի տարածքում զորակայանի կառուցման քիչ աշխատանքներ են կատարել, որոնց մասնակցել են Իջեւան համայնքի Բերքաբեր, Լուսաձոր գյուղերից, այլ բնակավայրերից բանվորներ։ Աչաջրի վարչական ղեկավարը չգիտի, թե որն է շինարարության դադարեցման պատճառը, աշխատանքները կշարունակվեն, թե ոչ։ Աչաջրում  եւս զորակայանի շինարարությունը կատարել  է Գորիսից  շինարարական կազմակերպությունը։ Ռուսաստանի զինուժի ներկայացուցիչները չեն հայտնում, թե որն է լինելու Տավուշի մարզում տեղակայվող ռուսական զինուժի առաքելությունը։ Պաշտոնապես հայտարարվել է, որ ռուսական զինուժը Տավուշի մարզում է  գտնվում հայ-ռուս ռազմական համագործակցության պայմանագրի շրջանակներում։ Ենթադրվում է, որ ռուսական զինուժի ներկայացուցիչների միջոցով է առաջիկայում իրականացվելու Տավուշում հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատումը եւ սահմանագծումը։ Ռուսական զինուժը  Տավուշի մարզում  տեղակայվեց 2021 թվականի օգոստոսի սկզբից։

ՈՍԿԱՆ  ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 

 




Լրահոս