ՔՊ նախընտրական ծրագիր. ինչ էին խոստացել Արցախի հարցով և ինչ արեցին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին ամիսներին ՀՀ իշխանությունների կողմից հնչում են հայտարարություններ այն մասին, որ Արցախն արդեն պետք է ինքնուրույն բանակցի, այս դեպքում ՌԴ-ի եւ Ադրբեջանի հետ: Այնինչ, անգամ ՀՀ ազգային անվտանգության հայեցակարգում ընդգծվում է, որ հենց Հայաստանի Հանրապետությունն է հանդիսանում Արցախի անվտանգության երաշխավորը: Բացի այս, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ ներկայացրել էր կուսակցության նախընտրական ծրագիրը, որում Արցախի հարցը, ապագան մեծ տեղ էր զբաղեցնում:՚

Խոստում

«Տարածաշրջանային կայունության հաստատումը և տարածաշրջանի ապաշրջափակումը Հայաստանի անվտանգության կարևոր երաշխիք է, և, հետևաբար, պետք է լինի Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից մեկը: Միաժամանակ, այս գործընթացը չի կարող տեղի ունենալ Հայաստանի ու Արցախի այլ անվտանգային և կենսական շահերի հաշվին, այլ հակառակը, պետք է նպաստի դրանց ամրապնդմանը»:

Իրականություն

Նիկոլ Փաշինյանը երեկ եւս խոսել է տարածաշրջանի ապաշրջափակման մասին եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին դիմելով հիշեցրել է իր առաջարկը: Սակայն իրականությունն այն է, որ Հայաստանի սահմաններն այժմ անվտանգ չեն եւ ադրբեջանական զորքերն առաջ են եկել եւ հաստատվել հենց Հայաստանի սահմանին:

Խոստում

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դերը Ղարաբաղյան հակամարտության լուծման և Արցախի վերջնական կարգավիճակի հստակեցման, տարածաշրջանային կայունության ու անվտանգության ապահովման գործում առանցքային է, և Հայաստանը նպաստելու է այս ձևաչափի արդյունավետ գործունեությանը»:

Իրականություն

ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահությունն ըստ էության չի գործում եւ կարեւոր որոշումները կայացվում են առանց ՌԴ-ի մասնակցության:

Խոստում

«Արտաքին և անվտանգային քաղաքականության գլխավոր առաջնահերթություններից են լինելու Ղարաբաղյան հակամարտության խաղաղ և համապարփակ կարգավորումը՝ արցախահայության ինքնորոշման իրավունքի իրացման միջոցով Արցախի ժողովրդի անվտանգության ապահովումը, ինչպես նաև մշակութային ու կրոնական ժառանգության պահպանումը և հումանիտար խնդիրների լուծումը: Հայաստանի Հանրապետությունն օգտագործելու է իր ողջ ներուժը վերոնշյալ նպատակներին հասնելու համար` առաջնորդվելով մեր պետական շահերով և հայ ժողովրդի իրավունքների պաշտպանության հրամայականով»:

Իրականություն

Հայաստանն Արցախին միայնակ է թողել եւ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանի շուրթերով հայտարարել, որ հենց Արցախը պետք է բանակցի Ադրբեջանի հետ ուղիղ:

Քաղաքացիական պայմանագիր կուսակցության նախընտրական ծրագրում առանձին հատված է առկա, որը վերնագրված է «Արցախի հիմնախնդիր»: Այս բաժնում կարդում ենք.

• Մոտակա տարիներին մեր գլխավոր խնդիրը պետք է լինի աղետալի պատերազմի հետևանքների վերացումը, ինչպես նաև Արցախի ժողովրդի անվտանգության ապահովումն ու Ղարաբաղյան հակամարտության խաղաղ և համապարփակ կարգավորումը՝ հիմնված Արցախի ժողովրդի ինքնորոշման՝ առանց սահմանափակումների իրականացման վրա, որը բխում է Արցախի ժողովրդի գոյութենական վտանգներին դիմակայելու անհրաժեշտությունից։ Այն փաստը, որ մարդու իրավունքների զանգվածային խախտումների և զանգվածային ոճրագործությունների հետևանքով հայաթափվել են Արցախի բոլոր այն տարածքները, որտեղ հաստատվել է ադրբեջանական վերահսկողություն, մատնանշում է, որ Արցախի ժողովուրդը չի կարող գոյատևել Ադրբեջանի ենթակայության ներքո։

• Ղարաբաղյան հակամարտության վերջնական կարգավորումը տեսնում ենք Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի լիարժեք իրացման և Արցախի կարգավիճակի վերջնական հստակեցման տեսքով՝ առաջնորդվելով «Անջատում հանուն փրկության» սկզբունքով: «Անջատում հանուն փրկության» սկզբունքն իրավունք է տալիս ժողովուրդներին ինչպես անջատվել որևէ պետությունից, երբ առկա է խտրականության, մարդու իրավունքների լայնածավալ խախտումների կամ ցեղասպանության ռիսկ, այնպես էլ բացառում է միացումը մի պետության հետ, եթե միավորումը բերելու է վերը նշված հետևանքներին։

• Արցախի հետպատերազմյան վերականգնումը, տնտեսական կյանքի աշխուժացումը, տեղահանված բնակչության սոցիալական խնդիրների լուծումը, մշակութային ու կրոնական ժառանգության պահպանումը լինելու են մեր ուշադրության կենտրոնում: Ջանք չենք խնայելու Արցախում արժանապատիվ և բարեկեցիկ կյանքի պայմանների ստեղծման համար: Այս նպատակներին հասնելու ենք Արցախի իշխանությունների հետ համագործակցության խորացման, ինչպես նաև Արցախի հետ փոխգործակցության նոր ձևաչափերի ստեղծման միջոցով:

• Հայաստանի Հանրապետությունը շարունակելու է լինել Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորը և շարունակելու է աշխատել Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության ուղղությամբ: Խորացնելու ենք համագործակցությունը Արցախի հետ անվտանգային և ռազմական ոլորտներում: Մենք գործուն օժանդակություն ենք ցուցաբերելու Արցախին՝ Պաշտպանության բանակի վերակառուցման ու արդյունավետության բարձրացման գործընթացում:

• Մենք Արցախի անվտանգության ապահովման կարևորագույն գործոն ենք համարում հակամարտության գոտում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերի երկարաժամկետ ներկայությունը: Երաշխավորելու ենք բոլոր անհրաժեշտ պայմանների գոյությունը խաղաղապահ առաքելության անխափան ու անխոչընդոտ գործունեության համար:

• Արցախյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման համար առանցքային կարևորություն ենք տալիս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի շրջանակներում բովանդակային բանակցությունների անցկացմանը: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը հիմնախնդրի կարգավորման միակ ընդունված միջազգային ձևաչափն է։

• Բանակցային գործընթացում Հայաստանի առաջնահերթություններից է լինելու այն տարածքների դեօկուպացիան, որի վրա ինքնորոշվել է Արցախի ժողովուրդը, նախևառաջ նախկին ԼՂԻՄ բնակավայրերի վերադարձն Արցախի վերահսկողության ներքո՝ խաղաղ, բանակցային ճանապարհով, ինչը հնարավորություն կտա տեղահանված անձանց վերադառնալ իրենց տները:

Ն.Հ.




Լրահոս