«ԵՍ ԻՆՔՍ ԻՆՁ ԵՄ ԽԱՂՈՒՄ». ԴԻԱՆԱ ՏՈՌԵՍ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դերասանուհի Դիանա Տոռեսի հետ ArmLur.am-ը զրուցել է երկար դադարից հետո կրկին նկարահանվելու,  «Կույր աշխարհ» հեռուստանախագծի եւ զբաղվածության մասին:

 

Դերասանուհու խոսքով՝ վերջին շրջանում ամենաքննարկված հեռուստասերիալում նկարահանվելու առաջարկը ստացել է երգիչ, դերասան Կարեն Ասլանյանի կողմից:

«Ինձ զանգեց իմ լավ ընկեր Կարեն Ասլանյանը եւ առաջարկեց մասնակցել բոլորի կողմից սիրված Դիանա Գրիգորյանի «Կույր աշխարհ» նախագծի քասթինգին: Իհարկե, սիրով համաձայնեցի մասնակցել, քանի որ այն կերպարը, որը պետք է խաղայի, ինձ շատ հոգեհարազատ էր, եւ այդպես անցա քասթինգը:  Անկեղծ կլինեն. իրականում մեծ պատիվ է ինձ համար նկարահանվել այդքան տաղանդավոր դերասանների հետ: Նկարահանումներն անցնում են շատ ուրախ, դրական եւ հաճելի մթնոլորտում»,- մեզ հետ զրույցում նշեց Դիանան:

Դիանայի փոխանցմամբ՝ դժվար է եղել նրան տեւական դադարից հետո կրկին վերադառնալ նկարահանման հրապարակ, բայց նա կարող է հաղթահարել այդ փորձությունը. «Միակ դժվարությունը իմ համար երկար դադարից հետո նորից նկարահանվելն է, բայց փորձում եմ հաղթահարել, քանի որ այս ոլորտում ինձ զգում եմ, ինչպես ձուկը ջրում: Ստեղծագործական թիմը շատ պրոֆեսիոնալ է, եւ այդ թիմում աշխատելն ինձ համար միայն պատիվ է: Իսկ ինչ վերաբերում է կերպարիս, ապա կբնութագրեմ այսպես՝ բարի, անկեղծ, մի քիչ միամիտ աղջիկ: Հետաքրքիրն այն  է, որ ինձ ճանաչողներն ասում են, որ ես ինձ եմ խաղում»:

Անդրադառնալով առաջիկա ստեղծագործական նորություններին՝ Դիանա Տոռեսն ընդգծում է, որ այս շրջանում համագործակցում է միայն «Կույր աշխարհ» հեռուստանախագծի հետ, իսկ հետագա պլանների մասին դեռեւս խոսել չի կարող:

«Առաջարկներ այլ հեռուստանախագծերից եւս ստացել էի եւ ստանում եմ, բայց այժմ աշխատում եմ միմիայն «Կույր աշխարհ» հեռուստանովելում»,-հավելեց դերասանուհին։

Հիշեցնենք, որ դերասանուհին մինչ այսօր Տաթեւ Սարգսյանի հետ դատական գործընթացների մեջ է: Նշենք, որ դերասանուհի Տաթեւ Սարգսյանը  դիմահարդարներից մեկին գրել էր, որ չի ցանկանում՝ իր լուսանկարները հրապարակվեն Դիանայի լուսանկարների կողքին. դա իրեն պատիվ չի բերում: Դիմահարդարը դա ցույց էր տվել Դիանային: Այս նամակը, հայտնվելով Դիանայի ձեռքի տակ,  զայրացրել է նրան, եւ վերջինս մի քանի հետաքրքիր եւ սկանդալային  «բացահայտում» էր արել Տաթեւ Սարգսյանի  մասին: Մասնավորապես, դերասանուհին,  անդրադառնալով նրա բարոյականությանը, նշել էր, թե Տաթեւը «փողով դուրս է գալիս բիձեքի հետ»:

ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

 

 

ԳՅՈՒՄՐԵՑԻ ՀԱՆԴԻՍԱՏԵՍԸ ՔՄԱՀԱՃ Է

Գյումրու երիտասարդական թատերախումբը, որը ներկայացումներով հանդես է գալիս «Մտորումների թատրոնում»,  միավորել է երեւակայություն, հետաքրքիր խառնվածք ունեցող երիտասարդների եւ թատերասերներին է մատուցում դասական ստեղծագործությունների ոչ սովորական մեկնաբանություններ։

 

Թատերախմբի հիմնադիր, ռեժիսոր եւ դերասան Արմեն Արշալույսյանը կարծում է՝ թատերախումբը երազողների համար է, կանգառ է, որտեղ ստեղծագործելու եւ մասնագիտական ճանապարհ անցնելու նպատակով թատերախմբի շարքերը կհամալրվեն երիտասարդ ստեղծագործողներով։

Արմեն Արշալույսյանը միշտ է ցանկացել թատերախումբ հիմնադրել, սակայն ցանկությունն իրականացրել է 2021-ի նոյեմբերին: Նրա խոսքով՝ մշակութային հայրաքաղաքում վերջին տարիներին թատրոնի հանդեպ հետաքրքրությունն ու սերը մեծացել են:  «Շատ է խոսվում այն մասին, որ գյումրեցի հանդիսատեսը քմահաճ է, խիստ, սակայն արվեստով շնչող ու ապրող քաղաքն առանց երիտասարդ արվեստագետների պատկերացնելը դժվար է։ Ո՞վ պետք է ստեղծի նման թատրոն, եթե ոչ երիտասարդները»,- ասում է նա եւ հավելում՝ Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի Գյումրու մասնաճյուղն ամեն տարի տասն ուսանող է ավարտում եւ կանգնում է աշխատանք գտնելու խնդրի առաջ:«Գյումրու թատրոններում դերասանների մեծ պահանջարկ չկա։ Մի մասը, ամեն դեպքում, սպասում է առաջարկի, մյուս մասը փորձում է մայրաքաղաքում գտնել իր տեղը։ Հիմնականում 10-ից մեկին է հաջողվում  մասնագիտությամբ աշխատել: Ո՞ւր են գնալու. կասեմ՝ Գյումրու երիտասարդական թատերախումբ»,- հասցեն նշում է նա: Թատերախումբը շուտով հանդես  կգա առաջնախաղով:  Բեմում կլինի «Վիկինգները՝ հսկայի քարանձավում» շվեդական հեքիաթի բեմականացված տարբերակը։ Պրեմիերայից հետո խաղալու են Գյումրու «Մտորումների թատրոնում», հետո կսկսեն շրջագայությունները Շիրակի եւ այլ մարզերում։

 

 

 

 

ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆ

MTV Europe Music Awards-ի (MTV EMA) այս տարվա մրցանակաբաշխության հավակնորդների ցուցակը հրապարակվել է 2022 թվականի հոկտեմբերի 12-ին։ Ամենաշատը անվանակարգերը գլխավորում է Հարի Սթայլսը` յոթ տեղով, որին հաջորդում է Թեյլոր Սվիֆթը` վեցով, իսկ Նիկի Մինաժն ու Ռոզալիան՝ 5-ական անվանակարգով:

Մրցանակաբաշխությունը տեղի կունենա նոյեմբերի 13-ին Դյուսելդորֆում՝ PSD Bank Dome-ում, եւ ուղիղ եթերով կհեռարձակվի ավելի քան 170 երկրներում:

 

 

 

ՄԵՆԱՀԱՄԵՐԳԸ ՀԵՏԱՁԳՎԵԼ Է

Քրիստինա Ագիլերայի՝ հոկտեմբերի 22-ին նախատեսված երեւանյան մենահամերգը հետաձգվել է։ Այս մասին ասվում է «ՀԱՅԱ» փառատոնի ինստագրամյան էջում։

««ՀԱՅԱ» փառատոնը եւ սիրված երգչուհու անձնակազմը, կիսելով մեր երկրի քաղաքացիների հոգեվիճակը, որոշում կայացրին հետաձգել Քրիստինա Ագիլերայի մենահամերգը Երեւանում։ Շուտով կհրապարակվի համերգի նոր ամսաթիվը։ Բոլոր գնված տոմսերն ուժի մեջ են»,-նշված է հաղորդագրության մեջ։

 

 

 

ԱՋԱԿՑԵԼ Է ՔՐՈՋԸ

Քանյե Ուեսթը շարունակում է  սկանդալների կիզակետում լինել: Վերջերս նա Փարիզի նորաձեւության շաբաթվա շրջանակում ներկայացրել էր իր հավաքածուն եւ այդ ընթացքում ներկայացել «Սպիտակների կյանքերը կարեւոր են» գրառմամբ մարզաշապիկով։ Ավելի ուշ ռեփ կատարողի ինստագրամյան էջն արգելափակվել էր՝ աշխարհի մասին իր տեսակետների վերաբերյալ գրառումների ֆոնին: Քանյեն կոնֆլիկի մեջ էր մտել հնարավոր բոլոր մարդկանց հետ: Մոդել Բելլա Հադիդը նույնպես որոշել է անդրադառնալ այս ամենին եւ նշել է, որ իր ծննդյան տարեդարձը, որը հոկտեմբերի 9-ին էր, չի կարողացել վայելել:

«Ասել, որ վերջին երկու օրերին հեշտ է եղել նշել իմ ծննդյան տարեդարձը, կամ չմտածել այն բաների մասին, որոնք կատարվել են փողոցներում կամ ասվել են սոցիալական ցանցերում, ես կստեմ»,- գրել է մոդելը եւ նշել, որ մտադիր չէ աջակցել բռնությանը որեւէ ձեւով։

«Ես կշարունակեմ պաշտպանել անմեղ մարդկանց՝ անկախ նրանից, թե ով եք դուք կամ որտեղից եք գալիս: Հակասեմիտիզմը կամ ցանկացած անմեղ հրեայի հետապնդումը, ուր էլ որ դա լինի, բնական չէ», – նշել է Բելլան:

Նա կոչ է արել չլռել ցավի եւ ապրումների մասին՝ նշելով, որ, ամեն դեպքում, ինչ որ պահի պետք է խոսել:

«Սերունդների տրավմա կա, երբ նրանց նախնիներին խոշտանգում են: Կան հրահրողներ, եւ ես այստեղ եմ, որպեսզի ասեմ, որ եթե ինչ-որ բան տեսնեք, խոսեք»,- ասել է Հադիդը եւ եզրափակելով իր խոսքը՝ դատապարտել հակասեմականության ցանկացած դրսեւորում:

 




Լրահոս