Հայաստանում կենդանիների կողմից տուժելու դեպքերը զգալի ավելացել են: Այս տարվա օգոստոսին կենդանիների կողմից տուժելու դեպքերը կազմել են 672: Իսկ նախորդ տարվա օգոստոս ամսին արձանագրվել է կենդանիների կողմից տուժելու 542 դեպք: Այսինքն մեկ տարվա ընթացքում 130-ով դեպքերի թիվն ավելացել է: Նշենք, որ թափառող շների կողմից մարդկանց կծելու դեպքերի կոնկրետ վիճակագրություն չկա, բայց քաղաքացիների պատմելով՝ անգամ աղբարկղերի միջից են գազազած շները հարձակվում կամ էլ փողոցում քայլելիս թափառող շները հաչում են անցորդների վրա: Վերջին շրջանում քաղաքացիները բարձրաձայնում են, որ Երեւանում ճանապարհներին թափառող շներն ավելացել են։ Բացի այս, կծելու, հարձակման դեպքեր գրանցվում են նաեւ ՀՀ Գեղարքունիքի, Շիրակի, Լոռու մարզերում, իսկ վնասազերծման այլ տարբերակներն արդեն իսկ օրենքով արգելված են: Ըստ Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոնի՝ օգոստոսի 29-ից սեպտեմբերի 4-ի ժամանակահատվածում արձանագրված 41 կծման դեպքերից միայն 17-ն է թափառող շների կողմից:
Ավելին, նույն կենտրոնի տվյալներով ամռան երեք ամիսների ընթացքում կենտրոնի կլինիկա է տեղափոխվել 1310 թափառող շուն. հունիսին՝ 400, հուլիսին՝ 375, օգոստոսին՝ 535:
Ս. Հ.