«Շունը մեղավոր չի, նա բանականություն չունի»․ թափառող շների չլուծվող խնդիրներն ու դրանց պատասխանատուների արդարացումները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2019-ից կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի համար օրենքով քրեական պատիժ է սահմանվել, ըստ որի՝ թափառող շներին այլևս չեն վերացնի, այլ կկատարեն ստերջացում ու վնասազերծում: Ցավոք, ստերջացման ու վնասազերծման աշխատանքները տարվում են միայն մայրաքաղաքում, իսկ մարզերում հաստատված որոշում ու հատկացվելիք գումարը բացակայում է: Ըստ այդմ էլ՝ խնդիրը վերջնական լուծում չի ունենում:

ArmLur.am-ի կատարած վիճակագրության համաձայն` վերջին տարիներին մարդկանց վրա կենդանիների հարձակման դեպքերը շատացել են: Նախորդ տարի այդ թիվը կազմում էր 5544, իսկ այս տարի այն աճել է` հասնելով 6919 դեպքի: 2023թ.-ի hունվարից առ այսօր գրանցված դեպքերից 3546-ը եղել է տնային պայմաններում պահվող շների կողմից, 3253-ը՝ թափառող շների, իսկ 120-ը՝ վայրի կենդանիների կողմից: Կենդանիների հարձակումից գրանցվել են նաև մահվան դեպքեր. 2023թ. միայն հունիս ամսում գրանցվել է 22 շների հարձակման դեպք, հուլիսին՝ Սպիտակում, օգոստոսի 30-ին Եղեգնաձորում շների ոհմակը հարձակվել էր 4 երեխայի վրա, սեպտեմբերի 8-ին Արմավիրի Նորապատ համայնքում, նոյեմբերի 1-ին Արմավիր մարզի Մերձավան համայնքում շան հարձակումից մահացել է 76-ամյա կինը, վերջերս՝ դեկտեմբերի 6-ին Արարատի մարզ Սուրենավան համայնքում շների հարձակման արդյունքում 7-ամյա երեխան վախից ընկել էր՝  եզրաքարին հարվածելով գլուխը։ Նա մահացել է:

ArmLur.am-ը կապ է հաստատել «Դինգո թիմ» հասարակական կազմակերպության հետ՝ պարզելու, որն է տարեցտարի աճող թվի պատճառները և, թե ինչ քայլեր են առաջարկում նրանք՝ խնդիրը վերջնականապես լուծելու համար:

«Ես ինչքան կարողանում եմ շներին օգնում եմ, խնամում եմ: Ներկա պահին խնամում եմ մի փոքրիկ շան ձագուկ, որի փաստաթղթերը կազմելուց հետո հանձնելու եմ որդեգրման: Շունը մեղավոր չի, նա բանականություն չունի: Այդ հարցով պետք է զբաղվեն պետական մարմիները՝ կասեցնելու շների հարձակման դեպքերը: Հարցը լուրջ խնդիր է և միայն Կառավարությունը կարող է այն լուծել, բայց ոչ թե սպանդով, այլ կոնկրետ քայլերով»,- ասում է «Դինգո թիմ» հասարակական կազմակերպություն պատասխանատու Շաքե Մարգարյանը:

«Ծնողներն էլ պետք է աշխատեն, որպեսզի երեխաները չվախենան կենդանիներից: Ես ինքս աշխատել եմ ինձ վրա, այնքան, որ հիմա կենդանի եմ խնամում: Ես աշխատել եմ ինձ վրա, ինձ մոտ ստացվել է և համոզված եմ բոլորի մոտ է ստացվելու»,- եզրափակեց Շաքե Մարգարյանը:

Խնդրով պայմանավորված Armlur.am-ը փորձել է կապվել Երեւանի քաղաքապետարանին կից գործող «Կենդանիների խնամքի կենտրոն» ՀՈԱԿ-ի պատասխանատուների հետ, սակայն մեր զանգերը մնացին անպատասխան։

Նանիկ Աղասյան




Լրահոս