ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նիկոլ Փաշինյանը Հակակոռուպցիոն կոմիտեում պարգևներ է հանձնել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Հակակոռուպցիոն կոմիտե և ներկա գտնվել Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի օրվան և կառույցի կազմավորման առաջին տարեդարձին նվիրված միջոցառմանը:

Միջոցառմանը ներկա են եղել Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը, Ոստիկանության պետ Վահե Ղազարյանը, Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Մելիքյանը, Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը, Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը, Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը, Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավար կազմի ներկայացուցիչներ, քննիչներ, պաշտոնատար այլ անձինք:

Հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման և գործունեության մեկ տարում կատարված աշխատանքների վերաբերյալ զեկույցով է հանդես եկել կառույցի նախագահ Սասուն Խաչատրյանը: Նա նշել է, որ ՀՀ-ում օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող միակ քննչական մարմինը լինելու հանգամանքն արդյունավետ քննության նոր հնարավորություններ և միաժամանակ մեծ սպասումներ է ձևավորում Կոմիտեից: Ներկայացնելով քննված քրեական վարույթների վիճակագրական ցուցանիշները` Սասուն Խաչատրյանն ասել է, որ մեկ տարում քննիչների վարույթում գտնվող գործերի թիվն ավելի քան եռապատկվել է. 2021թ. հոկտեմբերի 23-ից մինչև օրս Հակակոռուպցիոն կոմիտեում քննվել է 1042 քրեական վարույթ, մինչդեռ նախորդող մեկ տարվա ընթացքում ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվել էր 565 քրեական գործ: Այժմ քննվում է 366 քրեական վարույթ, մինչդեռ 2021թ. հոկտեմբերի 23-ին գործունեությունը սկսելիս Հակակոռուպցիոն կոմիտեի վարույթում քննվել է 114 քրեական գործ: Կոմիտեի նախագահը նաև անդրադարձել է միջազգային համագործակցությանը և նշել, որ Արևելյան գործընկերության երկրների շարքում Հայաստանը հակակոռուպցիոն պայքարի առումով ամենից առաջատար դիրքերն է զբաղեցնում:

Իրավակարգի և օրինականության ամրապնդման գործում ներդրած ավանդի համար՝ Հակակոռուպցիոն կոմիտեի քննչական երկրորդ վարչության պետի տեղակալ Դավիթ Կոստանդյանը, երրորդ վարչության պետի տեղակալ Արթուր Սարգսյանը և ներքին անվտանգության վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Սերգեյ Առաքելյանը պարգևատրվել են ՀՀ վարչապետի հուշամեդալով:

Վարչապետ Փաշինյանը պարգևները հանձնել է Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցներին, ևս մեկ անգամ շնորհավորել ու մաղթել արդյունավետ ծառայություն:




Լրահոս