«ՁՄԵՌԱՅԻՆ ՀԵՔԻԱԹ»-Ը՝ ՄԱՅՐ ԹԱՏՐՈՆԻ ԲԵՄԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի շեքսպիրյան 16-րդ միջազգային թատերական փառատոնի շրջանակում հոկտեմբերի 19-ին Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում հանդիսատեսին ներկայացվեց Սանկտ Պետերբուրգի Ա. Ա. Բրյանցեւի անվան պատանի հանդիսատեսի թատրոնի «Ձմեռային հեքիաթ» բեմադրությունը:

 

Ներկայացման մեջ կա դրամատիկ կոնֆլիկտ, կա հումոր. բեմադրությունը պատկանում է «տրագիկոմեդիա» ժանրին: Ըստ պիեսի հեղինակների՝ Շեքսպիրի համար ձմռան զգացումը կապված է ծերության, մահվան, քնի, խաղաղության հետ, եւ միայն չափահաս հանդիսատեսը կարող է հասկանալ հերոսների փոխհարաբերությունները:

Մինչ ներկայացման սկիզբը թատրոնի տնօրեն, «Ռադուգա» միջազգային թատերական փառատոնի ղեկավար Սվետլանա Լավրենցովան հիշեցրեց, որ 2022-ին իրենց թատրոնը տոնում է հիմնադրման հարյուրամյակը: «Մենք այն թատրոններից ենք, որը շրջագայել է ամբողջ աշխարհում, սակայն չի եղել Հայաստանում: Առաջին անգամ ենք հյուրընկալվում Երեւանում եւ ծանոթանում ենք բարի, պատրաստակամ, լավատես մարդկանց հետ: Մի քանի օրվա ընթացքում սիրեցինք ձեր վարդագույն քաղաքը եւ փորձում ենք լինել ամենուր: Մեզ համար շատ կարեւոր է, որ դուք եւս ճանաչեք մեզ, տեսնեք այն, ինչ որոշել ենք ներկայացնել»,-շեշտեց տնօրենը:

Լավրենցովան նշեց՝ չեն ներկայացնում շեքսպիրյան այնպիսի ստեղծագործություն, որում ողբերգություն է, արյուն, այլ մատուցում են Շեքսպիրի գեղեցիկ հեքիաթը:

Դահլիճում ներկա էին թատրոնի ոլորտի ներկայացուցիչներ, մշակութային տարբեր բնագավառների գործիչներ եւ թատերասերներ, որոնք սիրով դիտեցին ներկայացումն ու շնորհակալություն հայտնեցին արտիստներին ջերմ ծափահարություններով:

Շեքսպիրյան 16-րդ փառատոնը, որն անցկացվում է հոկտեմբերի 17-22-ը,  հյուրընկալում է ավելի քան 250 մասնակցի եւ հյուրի: Նրանց թվում են հեղինակավոր արվեստագետներ, միջազգային փառատոնների տնօրեններ` Իտալիայից, Հունգարիայից,  Ռումինիայից, Ղազախստանից, Իրանից, Բուլղարիայից, Ռուսաստանից, Վրաստանից եւ Ֆրանսիայից: Այս տարի փառատոնն անցկացվում է #SaveCulture #StopAggression թեմայով, որի նպատակն է Հայաստանի ձայնը լսելի դարձնել միջազգային հանրությանը, իսկ տոմսերի վաճառքից ստացված ողջ հասույթը կուղղվի բարեգործության։

 

 

 

ՇԱԽՄԱՏԻ 16-ՐԴ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ ՄԱՐԶԱՅԻՆ ՓՈՒԼ

Գավառ քաղաքի Ա. Իսահակյանի անվան N4 հիմնական դպրոցում տեղի ունեցավ ՀՀ դպրոցականների շախմատի 16-րդ օլիմպիադայի՝ ՀՀ Գեղարքունիքի մարզային փուլը, որին մասնակցում էին համայնքային փուլում հաղթող ճանաչված Գավառի  Ս. Քոչարյանցի անվան N 1, Ճամբարակի N1, Վարդենիսի N4, Սեւանի Վ. Կարապետյանի անվան N3 հիմնական եւ Վարդենիկի կրթահամալիրի հավաքական թիմերը:

 

Մրցումներն անցկացվեցին ՖԻԴԵ-ի արագ շախմատի կանոններով, շրջանաձեւ: Խաղացողին տրված էր 10 րոպե մինչեւ խաղի ավարտը՝ յուրաքանչյուր քայլի համար 5 վայրկյան հավելումով:

Գլխավոր մրցավարն էր Հայաստանի շախմատի ակադեմիայի ներկայացուցիչ Մերուժան Հայրապետյանը: Հետաքրքիր եւ անզիջում պայքարի արդյունքում 11 միավորով հաղթող ճանաչվեց Վարդենիկի կրթահամալիրի հավաքական թիմը (մարզիչ՝ Սամվել Արզումանյան):

Անհատական արդյունքների հանրագումարով Գավառի Ս. Քոչարյանցի անվան N1 եւ Վարդենիսի N4 հիմնական դպրոցների թիմերը հավաքեցին հավասար միավորներ, սակայն թիմային միավորների հանրագումարի ցուցանիշով երկրորդ տեղը գրավեց  Գավառի N1 հիմնական դպրոցի հավաքական թիմը, իսկ Վարդենիսի N4 հիմնական դպրոցի թիմը զբաղեցրեց երրորդ տեղը:

Օլիմպիադայի մարզային փուլի մրցումներին մասնակից բոլոր թիմերի  շախմատիստներին եւ մարզիչներին Հայկական բարեգործական ընդհանուր միության կողմից հանձնվեցին հուշանվերներ:

Վարդենիկի կրթահամալիրի հավաքական թիմը Գեղարքունիքի մարզը կներկայացնի Հայաստանի Հանրապետության  դպրոցականների շախմատի 16-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլում:

 

 

 

ԱՄՈՒՍՆՈՒԹՅԱՆ 10 ՏԱՐԻ

Դերասան, հումորիստ Աղաս Մանուկյանը երեկ նշել է ամուսնության 10 տարին: Դերասանը «Ինստագրամ»-ում կնոջ՝ Տաթեւիկի հետ գեղեցիկ լուսանկար է հրապարակել եւ սիրո խոստովանություն արել: «Ես քեզ չեմ սիրում, ես քեզ շա՜տ եմ սիրում: Ուղիղ 10 տարի առաջ այս օրը՝ հոկտեմբերի 20-ին, մենք երդվեցինք, որ անբաժան, հավատարիմ ու սիրող ենք լինելու իրար»,-գրել է նա: Միեւնույն ժամանակ դերասանը խոսել է տասը տարիների դժվարությունների եւ դրանք հաղթահարելու մասին: «10 տարի շատ ու շատ դժվարությունների ենք հանդիպել, բայց հաղթահարել ենք, որովհետեւ սիրում ենք իրար»,- նշել է Աղաս Մանուկյանը:

ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՅԱՆ

 

 

 

 

ՀԱՆԴԻՊՈՒՄ

Աշխարհի առաջին ռակետ Կառլոս Ալկարասը հանդիպել է Իսպանիայի չեմպիոն եւ Չեմպիոնների լիգայի գավաթակիր Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստների հետ։ Նրանք լուսանկարներ են հրապարակել սոցիալական ցանցերում։ 19-ամյա իսպանացի թենիսիստն այս տարի առաջին անգամ նվաճել է ԱՄՆ-ի բաց առաջնության չեմպիոնի տիտղոսը եւ  գլխավորել համաշխարհային դասակարգման աղյուսակը։ «Ռեալն» այս տարի նվաճել է նաեւ Եվրոպայի սուպերգավաթը։

 

 

 

 

ԿՅԱՆՔԻ ՄՈՒԹ ՇՐՋԱՆ

«Ընկերներ» (Friends) սերիալի աստղ Մեթյու Փերին խոսել է իր կյանքի մութ շրջանի, մասնավորապես՝ թմրամոլության դեմ պայքարի մասին։ Նոյեմբերի սկզբին հոլիվուդյան դերասանը կներկայացնի իր «Ընկերները, սիրահարները եւ մեծ ու սարսափելի երեւույթը» (Friends, Lovers and the Big Bad Thing) գիրքը, որտեղ նա կիսվում է իր պատմությամբ, ինչի մասին հարցազրույց է տվել People ամսագրին։ Դերասանի առողջական խնդիրները սկսվել են օփիոիդների պատճառով. չորս տարի առաջ նա երկու շաբաթ անցկացրել է կոմայի մեջ եւ հինգ ամիս մնացել հիվանդանոցում: «Ինձ դրեցին ECMO սարքի վրա, որը զարկ է տալիս սրտի եւ թոքերի աշխատանքին: Դրանից հետո ոչ ոք ողջ չի մնում»,- սարսափով հիշում է դերասանը՝ նշելով, որ իրականում խնդիրները սկսվել են դեռ շատ տարիներ առաջ, երբ նա դեր է ստացել «Ընկերներ» ֆիլմում ու սկսել կախվածություն ձեռք բերել ալկոհոլից:

«Ինչ-որ կերպ ես կարող էի գլուխ հանել դրանից: Բայց 34 տարեկանում ես իսկապես շատ խնդիրներ ունեի։ Այնուամենայնիվ, եղել են տարիներ, երբ չեմ խմել։ 9-րդ եթերաշրջանի նկարահանումներն այն տարի էին, երբ ես ամբողջ ընթացքում սթափ էի: Եվ գուշակեք, թե որ եթերաշրջանում եմ առաջադրվել լավագույն դերասան անվանակարգում: Ես մտածեցի. «Սա պետք է ինձ ինչ-որ բան ասի»», – People-ին տված հարցազրույցում ասել է դերասանը:

Անցնելով իր կյանքի թերեւս ամենասարսափելի շրջանը՝ դերասանը հպարտորեն հայտարարում է, որ այժմ «առողջ տղա է»։

 

 




Լրահոս