Հայ ժողովրդին սպառնացող վտանգները չեն չեզոքացել․ Արայիկ Հարությունյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 28-ին Երևանում ներկա է գտնվել Համաշխարհային հայկական գագաթնաժողովին և հանդես եկել ելույթով, որում, մասնավորապես, ասվում է․

«Ուզում եմ ջերմորեն ողջունել ձեզ՝ Համաշխարհային հայկական գագաթնաժողովի բոլոր մասնակիցներիդ: Մենք միշտ կարևորել ենք նման ներկայացուցչական միջոցառումների անցկացման նշանակությունը համայն հայության համար՝ մայր Հայաստանում, Արցախում թե Սփյուռքում: Իսկ ներկա աշխարհաքաղաքական բարդ պայմաններում այն դառնում է կրկնակի պահանջված ու արդիական: Այսօր հայ ժողովրդի առջև ծառացած են այնպիսի լրջագույն խնդիրներ ու մարտահրավերներ, որոնց լուծման ու դիմագրավման համար անհրաժեշտ է ողջ համազգային ներուժի ու ջանքերի համատեղում, միավորում մեկ գաղափարի շուրջ:

Այդ գաղափարը հայոց անկախ պետականության ամրապնդումն ու զորացումն է, ինչի առանցքային գրավականը միշտ եղել է Հայաստան-Արցախ-Սփյուռք կուռ եռամիասնությունը: Դրա փոքր իսկ թուլացումը կարող է բերել աղետալի հետևանքների:

Ուստի, խիստ կարևոր է այս եռամիասնությանը վերաբերվել որպես արժեքների ու շահերի անքակտելի ամբողջականության: 2020 թվականի 44-օրյա պատերազմը բոլորիս կանգնեցրել է նոր իրողությունների առջև: Մենք ունեցել ենք թանկ ու անդառնալի կորուստներ. կորցրել ենք մեր հերոս զավակներին, մեր պատմական հայրենիքի մի մասը: Այսօր համայն հայության աջակցությամբ Արցախը մեծ դժվարությամբ փորձում է ոտքի կանգնել ու ամոքել իր վերքերը, փորձում է ապրել ու արարել, ինչպես դարեր շարունակ՝ տեր կանգնելով իր հողին, իր պատմությանն ու ապագային: Սակայն, ցավոք սրտի, հայ ժողովրդին սպառնացող վտանգները չեն չեզոքացել, ավելին՝ դարձել են առավել առարկայական ու ահագնացող նաև մայր Հայաստանի տարածքում: Այդ իսկ պատճառով, մենք այլ ճանապարհ չունենք, քան համախմբվել՝ անկախ ամեն ինչից: Այսօր բոլորիս համար առաջնային ու գերակա պետք է լինի միայն ու միայն ազգային ու պետական շահը:

Մենք պարտք ունենք մեր հերոս նահատակների առջև, ովքեր հանուն հայրենիքի պաշտպանության զոհաբերեցին ամենաթանկը՝ սեփական կյանքը:

Պարտք ունենք մեր պապերի և գալիք սերունդների առջև: Ուժեղ Հայաստանին, Արցախին ու Սփյուռքին այլընտրանք չկա: Սա պետք է լինի մեր հստակ ու անկասելի ուղերձն աշխարհին: Այս գագաթնաժողովին ներկա են մարդիկ, որոնք ներկայացնում են տարբեր գիտական, մասնագիտական, գործարար, երիտասարդական շրջանակներ, կառույցներ ու կազմակերպություններ աշխարհի շատ երկրներից: Վստահ եմ, որ այդ ներուժը առավելագույնս կնպաստի օրակարգում ընդգրկված ռազմավարական խնդիրների համապարփակ ու բազմակողմանի քննարկմանը, դրանց լուծման արդյունավետ ուղիների ու մեխանիզմների մշակմանը, համապատասխան առաջարկությունների ու ծրագրերի ներկայացմանը:

Հուսամ, որ բոլոր քննարկումներում ու ձեռնարկումներում Հայաստան-Արցախ- Սփյուռք եռամիասնությամբ շաղախված ազգային շահերի պաշտպանությունը կլինի հիմնական առանցքն ու նպատակը, և Արցախը որևէ կերպ չի անտեսվի՝ որպես այդ եռամիասնության անբաժանելի հենասյուն:




Լրահոս