ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ոչ մի հիշատակում Ղարաբաղի մասին. մանրամասներ եռակողմ հանդիպման հայտարարությունից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանը պատրաստ է տրամադրել ամենաճշգրիտ քարտեզները՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև դեմարկացիայի հարցը կարգավորելու համար։ Այս մասին հայտարարել է Վլադիմիր Պուտինը երեկ Սոչիում Նիկոլ Փաշինյանի ու Իլհամ Ալիևի հետ բանակցություններից հետո:

Ռուսաստանի նախագահը կրկնել է, որ կողմերի միջև խաղաղության պայմանագիր դեռ չկա, և որ դրա տարրերի մասին դեռ վաղ է խոսել: Պուտինը միաժամանակ ընդգծել է, որ խաղաղության այդ ապագա համաձայնագիրը պահանջելու է զիջումներ` երկու կողմերից, առանց հավելյալ մանրամասների:

Ասուլիսից առաջ Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդները մոտ երկու ժամ շարունակված բանակցություններից հետո հերթական եռակողմ հայտարարությունն էին ընդունել։ Սակայն ուշագրավ է որ որևէ հիշատակում չկա Լեռնային Ղարաբաղի մասին: Իսկ բանակցությունների ավարտին Պուտինն ընդունել էր` «ամեն ինչ չէ, որ հաջողվել է համաձայնեցնել, որոշ բաներ հեռացվել են մասնագետների կողմից նախապես մշակված տեքստից»:

Նկատենք՝ սա 44-օրյա պատերազմից հետո Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի առաջնորդների միջև համաձայնեցված չորրորդ հայտարարությունն է, այն դեպքում, երբ նախորդ երեքի մի շարք կետեր, այդ թվում՝ ճանապարհների ապաշրջափակումն ու հայ գերիների վերադարձը, մինչ օրս իրականություն չեն դարձել։

Առաջինը 2020 թվականի նոյեմբերի 9-ին էր, ապա նրանք հանդիպեցին 2021 թվականի հունվարի 11-ին և կրկին հայտարարություն ընդունեցին, նախավերջինը նոյեմբերի 26-ին էր՝ կրկին Սոչիում:

Մանրամասները՝ տեսանյութում

Ն.Հ.




Լրահոս