ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ցանկանում ենք փոխել Ադրբեջանի վերաբերյալ զեկույցը. Ալիևին պետք է կանգնեցնել. ԵԽ պատգամավորը Հայաստանում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովի «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցություններն այսօր խորհրդարանում հանդիպել են Եվրախորհրդարանի պատգամավորներին: Հայաստան ժամանած պատվիրակության կազմում էին Եվրոպական խորհրդարանի հոլանդացի պատգամավոր, ԵԺԿ քաղաքական խմբի անդամ, Արցախի հետ ԵԽ բարեկամության խմբի համահիմնադիր Պետեր Վան Դալենը, ում հետ էլ հանդիպումից հետո ArmLur.am-ը զրուցել է Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունների շուրջ:

«Մենք այստեղ ենք մեր համերաշխությունը հայտնելու Հայաստանին և Արցախին: Եվ ես իսկապես գոհ չեմ այն էներգետիկ գործարքից, որը կնքվել է նախագահ Ալիեւի հետ: Կարծում եմ՝ հենց դա խրախուսեց Ալիևին շարունակել իր ագրեսիան: Սա իսկապես կարևոր պահ է մեզ համար, որ այստեղ ենք, քանի որ Եվրախորհրդարանում մենք գործ ունենք Ադրբեջանի վերաբերյալ զեկույցի հետ, և մենք ցանկանում ենք փոխել այն, քանի որ  չափազանց դրական է։ Մենք այստեղ ոչ միայն մեր բարեկամությունն ու համերաշխությունն ենք հայտնելու, այլ նաև պետք է դադարեցնենք Ալիևի ագրեսիան և փոխենք այն զեկույցի տոնն ու ձայնը, որը այժմ պատրաստվում է խորհրդարանում», – «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց նա։

Հարցին՝ ինչու չի հաջողվում կանգնեցնել Ադրբեջանին, Եվրախորհրդարանի պատգամավորը նկատեց. «Կարծում եմ Ադրբեջանին կանգնեցնելու համար չպետք է արվեր էներգետիկ գործարքը, քանի որ այս էներգետիկ գործարքի պատճառով նա իրեն քաջալերված է զգում շարունակելու իր քաղաքականությունը: Բայց մենք պետք է մեծամասնություն ունենանք Եվրախորհրդարանում՝ Ադրբեջանի դեմ խիստ հայտարարություն անելու, Հայաստանին աջակցելու համար, և ես կարծում եմ, որ դրանք քաղաքական միջոցներն են, որ մենք ունենք Եվրոպայում եւ պետք է Ալիեւը հասկանա, որ Եվրոպան միասնական է»:

Նշենք, հանդիպմանը մասնակցում էին նաեւ Ֆաբիո Մասիմո Կաստալդոյը եւ Լարս Պատրիկ Բերգը: «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ասպրամ Կրպեյանը Ժողովուրդ օրաթերթի հետ զրույցում չափազանց կարեւոր համարեց նման հանդիպումները, քանի որ եւս մեկ անգամ հնարավորություն է առկա բարձրացնել հարցերը: «Չափազանց կարեւոր հանդիպում էր եւ հյուրընկալել էինք Հայաստանի ու Արցախի բարեկամներին: Շատ եմ կարեւորում նման հանդիպումները, քանի որ Արցախում եւ Հայաստանում հայ մարդիկ պետք է զգան եւ գործնականում պետք է տեսնեն մեր գործընկերների ու բարեկամների աջակցությունն ու վճռականությունը՝ կանգնելու հայ մարդու կողքին իր արդար եւ շատ ազնիվ պայքարում», – նկատեց նա:

Հավելենք, որ եվրոպական պատվիրակությունը վաղը մեկնելու է Սյունիք՝ տեղում իրավիճակին ծանոթանալու համար: «Չափազանց կարեւորում եմ սա. Իրենք պետք է գետնի վրա տեսնեն իրավիճակը, փաստահավաք աշխատանք իրականացնեն եւ իրենք մեր խոսափողն են եվրոպական խորհրդարանում եւ սա պետք է հասկանալ շատ լայն իմաստով: Իրենք առհասարակ հայ ժողովրդի քաղաքակիրթ աշխարհի հավատամքի, սկզբունքների պաշտպաններն են, եւ այստեղ մենք միասին մեկ նավակում ենք: Այսինքն այն պայքարը, որ հայ ժողովուրդը հիմա մղում է Արցախում ինքնորոշման իրավունքի համար, հենց այս կոնտեքստում պետք է դիտարկել», – հավելեց ընդդիմադիր խմբակցության պատգամավորները:

Հավելենք, որ խորհրդարանում Եվրոախորհրդարանի պատվիրակները հանդիպել են նաեւ ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանին, Եվրոպական ինտեգրման հարցերով հանձնաժողովի նախագահին: Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ պատգամավորները քննարկել են հարցերի լայն շրջանակ, անդրադարձել Եվրախորհրդարանում առաջիկայում քննարկվելիք Հայաստանի մասին զեկույցին, ինչպես նաեւ՝ Հայաստան-Եվրոպական միություն կապերի հետագա ընդլայնմանն առնչվող խնդիրներին:

Մանրամասները՝ տեսանյութում

Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս