Բելառուսի նախագահը հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը քննարկել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ, հայտնում են բելառուսական պաշտոնական աղբյուրները։
Ռուսաստանի գլխավորած ռազմական դաշինիքի անդամ Բելառուսի առաջնորդը կրկին պնդել է՝ հայ-ադրբեջանական հարաբերությունները ՀԱՊԿ-ի գործը չեն։
«Որոշակի խաղեր են ընթանում։ Ես հասկանում եմ, թե ինչ խաղեր, թե ինչու են Եվրամիությանը ներքաշել այնտեղ, ինչու են այնտեղ քարշ տալիս ԵԱՀԿ-ին։ Ինչո՞ւ։ Հասկանալի է չէ՞ ինչու։ Ի՞նչ են նրանք այնտեղ անելու, եթե այնտեղ արդեն միջնորդ կա։ ՀԱՊԿ-ին էլ ներքաշե՞լ։ Կարծես, թե այլ զբաղմունք չկա»,- Լուկաշենկոյի խոսքերն է մեջբերում «Բելտա» պետական լրատվական գործակալությունը։
Բելառուսի առաջնորդը հոկտեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովի ընթացքում ևս կոշտ է արձագանքել հայկական կողմի բարձրացրած հարցերին։
«Ինձ տվեք Հայաստանի տարածքային ամբողջականության վերականգնման ճանապարհային քարտեզ»: Ի՞նչ ճանապարհային քարտեզ: Ես Ձեզ անմիջապես կպատասխանեմ՝ նստեք Իլհամ Ալիևի հետ, եթե պետք է, հարցրեք Ռուսաստանի նախագահին և որոշում կայացրեք։ Եթե այսօր չանեք դա, ապա ավելի վատ կլինի, Դուք ինքներդ էլ դա հասկանում եք, մեզ այս հակամարտությունը պետք չէ: Դուք երկու հարց եք դրել՝ դրանք ավելի քան տարօրինակ են, Նիկոլ Վովաևիչ»,- ասել էր Լուկաշենկոն։