Կովկասյան տարածաշրջանն Իրանի պատմական անցյալի մշակութային և քաղաքակրթության մի մասն է, և մենք շատ զգայուն ենք այդ տարածաշրջանի նկատմամբ: Այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ նշել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին:
Նա նաեւ նշել է. «Տարածաշրջանում անվտանգության և խաղաղության հաստատումը շատ մեծ կարևորություն ունի Իրանի Իսլամական Հանրապետության համար: Պարոն Փաշինյանի հետ ունեցած բանակցություններում եկանք եզրակացության, որ տարածաշրջանի հարցերը, խնդիրները պետք է անպայման տարածաշրջանի երկրների պատասխանատուների միջոցով լուծումներ գտնեն: Օտար ուժերի ներկայությունը ոչ միայն որևէ խնդիր չի լուծում, այլ խնդիրներն ավելացնում է:
Տարածաշրջանի համագործակցություննն է, որ երաշխավորելու է երկրների միջև ամբողջական և հարատև խաղաղություն: Հուսով եմ` այն համաձայնությունները, որ կայացել են այս այցի ընթացքում և որոշվել է, որ երկու երկրների պատասխանատուները պետք է ջանք չխնայեն այդ համաձայնություններն իրականացնելու ուղղությամբ, կնպաստեն մեր հարաբերությունների հետագա զարգացմանը, և մենք երկկողմ հարաբերությունների բարձր մակարդակի ականատեսը կլինենք: Եվս մեկ անգամ ողջունում եմ բարեկամ և հարևան Հայաստանի վարչապետին և իրեն ուղեկցող պատվիրակության անդամներին»: