ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ ԽԱԲԵԼ Է. ՄԱՍ 124

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Խորհրդարանում երեկ մեկնարկել են ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումները: Ավանդաբար կառավարությունների ղեկավարներն են բյուջեները ներկայացնում խորհրդարանին. երեկ աննախադեպ էր, որ անձամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չկար: Նա Սոչիում էր, խորհրդարանում կլինի վաղը եւ ելույթ կունենա: Մինչ այդ «Ժողովուրդ» օրաթերթը հիշեց մանիպուլյատիվ հայտարարությունները, որոնք նա արել է նախորդ տարիներին  նույն թեմայով ելույթ ունենալիս: Այս տարվա մայիսի 6-ին  նա խորհրդարանում ներկայացնում էր կառավարության ծրագրի կատարման ընթացքի մասին զեկույցը եւ խոսեց պարգեւավճարների մասին, որոնք առկա են նաեւ հաջորդ տարվա բյուջեում:  «Ես էլի ուզում եմ անդրադառնալ պետական ծառայողների եւ պաշտոնյաների աշխատավարձի բարձրացմանը: Ես ուզում եմ կրկին ընդգծել, այո՛, իմ որոշմամբ դա տեղի է ունեցել, եւ դա տեղի է ունեցել, որովհետեւ Հանրապետության հրապարակի հեղափոխական հարթակից ես խոստացել եմ, որ պետական ծառայողների աշխատավարձերը կբարձրանան, եւ այդ խոստումը ի կատար է ածվել: Ինչու՞ պարգեւավճարների համակարգով եւ ոչ աշխատավարձերի համակարգով. որովհետեւ գործող աշխատավարձերի համակարգը, որն այսօր գործում է, իր ստեղծման առաջին օրից դեֆորմացված է, եւ այսօր մենք հանրային ծառայության բարեփոխումների շրջանակներում այս ողջ պրոցեսը, որը մենք հիմա իրականացնում ենք դե ֆակտո որպես աշխատավարձ, դե յուրե որպես պարգեւավճար կտրանսֆորմացնենք ձեր հաստատմամբ եւ աջակցությամբ որպես աշխատավարձի համակարգ», -ասել էր Փաշինյանը: Սակայն նրա մատնանշած «հեղափոխական հարթակից» Նիկոլ Փաշինյանը պարգեւավճար բաժանելու խոստում չէր տվել: Նա խոստացել է բարձրացնել պետական աշխատողների ու ոստիկանների աշխատավարձերը:  «…Պետական աշխատողների եւ ոստիկանների աշխատավարձը կբարձրացվի, որպեսզի նրանք շաբաթ-կիրակի օրերին ստիպված չլինեն բետոն թափել սրա-նրա հայաթներում իրենց ընտանիքը պահելու համար… », – ասել էր նա: Այսինքն՝ այսպես նա փորձել է արդարացնել պարգեւավճարները ու դրանցից չհրաժարվելը, սակայն հերթական անգամ խաբել է  ՀՀ հպարտ եւ արժանապատիվ քաղաքացիներին:

 

 

Ազգային ժողովի իշխող մեծամասնությունը` «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, ոչ միանշանակ է ընդունել, ընկալել ու վերլուծել Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում շաբաթ օրը տեղի ունեցած հանրահավաքը: Արցախը հանձնելու պատրաստ Փաշինյանի թիմին առավել  ոչ թե խորհրդարանի կողմից ընդունված հայտարարությունն է հուզել (ինչն, ի դեպ, առանց էմոցիաների էր ու կոռեկտ), այլ բազմահազարանոց ցույցն ու արցախցիների՝ Ռուսաստանի ներկայությունն իրենց մոտ ավելացնելու տրամադրվածությունը: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ՔՊ-ական պատգամավորներից ոմանք անկեղծացան, թե դա, ասես, Հայաստանից դժգոհելու ու վիզը դեպի Ռուսաստան ծռելու մասին հավաք էր: «Բայց եթե Հայաստանից աջակցություն չլիներ, կամ, օրինակ, ՀՀ-ն Արցախում տներ չկառուցեր (ի դեպ, հաճախ Արցախում մեծ թափով շինարարություն ենք անում՝ ՀՀ-ում տներ չկառուցելու հաշվին), ապա ի՞նչ էր լինելու այնտեղ. պարզապես մարդ չէր մնալու: Ուղղակի կարելի է գնահատել այդ ամենը»,- նեղսրտած ասաց մեր զրուցակիցը: Մեկ այլ ՔՊ-ական էլ նշեց, որ հանրահավաքն այն բանի արձանագրումն էր, որ ցանկացած հարց, Արցախի ցանկացած կարգավիճակ պետք է քննարկել ու ընդունել Արցախի անմիջական մասնակցությամբ: «Ի վերջո աշխարհը տեսավ, որ այնտեղ ապրող մարդիկ իրենց ասելիքն ունեն ու ունեն ինքնորոշման իրենց իրավունքը: Բայց մեզ համար կարեւոր է այն, որ Արցախի հարցը տարանջատվի Հայաստան-Ադրբեջան հարցից, որովհետեւ Արցախի հարցում մեծ դերակատարում ունեն ռուս խաղաղապահներն ու ՌԴ-ն, ինչը չպետք է խառնել ՀՀ-Ադրբեջան հարցերի հետ»,- նշեց նա: Ինչ վերաբերում է «խաղաղության պայմանագրի», այսպես ասած, ռուսաստանյան ու եվրոպական տարբերակներին, ապա այստեղ եւս ՔՊ-ականների տեսակետները տարբեր են: Մի մասը Վաշինգտոնի առաջարկներին է կողմ, մյուս մասը՝ Մոսկվայի: «Հարցն այն է, սակայն, թե Մոսկվայի առաջարկներն ինչքանով են ընդունելի Ադրբեջանի համար: Թե չէ մենք, այո, պատրաստ ենք քննարկել ու ստորագրել Պուտինի առաջարկներով ներկայացված «խաղաղության պայմանագիրը»,- նշեց մեր զրուցակիցը: Ի դեպ, ՔՊ-ականները մեծամասամբ չեն համարձակվում հրապարակավ խոսել այս թեմաներով. Նիկոլ Փաշինյանն արգելել է: Միայն հաշված թվով ՔՊ-ականներ են խոսում՝ մի քանի ԶԼՄ-ների հարթակներում:

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ 2022 թվականի սեպտեմբերի 21-ին «Եռաբլուր»-ում տեղի ունեցած խայտառակ միջադեպի առիթով ծառայողական քննությունը կասեցվել է: Հիշեցնենք, որ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում տեղի ունեցած քաշքշուկի առիթով ՀՀ  ոստիկանության Ներքին անվտանգության  վարչությունում ծառայողական քննություն էր սկսվել: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում գործի կասեցման մասին մեր ունեցած տեղեկությունը հաստատեց ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ երբ Քննչական կոմիտեում քրեական գործ  կամ վարույթ է հարուցվել, ոստիկանությունը որոշել է Ներքին անվտանգության վարչությունում առկա քննությունը կասեցնել մինչեւ այդ քրեական գործի ավարտը: Այսինքն՝ Քննչական կոմիտեի քննության ավարտից հետո ոստիկանության ղեկավարությունը իր համապատասխան քայլերը կիրականացնի: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ միջադեպից միայն մի քանի օր անց հարուցված քրեական գործով մինչեւ օրս որեւէ ոստիկան կամ հրաման տվող սպա պատասխանատվության չի ենթարկվել: Նշենք, որ կան ծնողներ, որոնց մարմնական վնասվածքներ ստանալու փաստը փորձաքննությամբ հաստատված է, ծնողները տուժող են ճանաչվել, սակայն ոչ ոք պատասխանատվություն չի կրել առ այսօր: Թերեւս չի էլ լինի պատիժ, քանի որ այդ ծեծն ակնհայտորեն ուներ քաղաքական հրահանգ:

 

 

Հայաստան արտերկրից ուղարկված փողերի ներհոսքը զգալի ավելացել է: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս տարվա սեպտեմբերին ֆիզիկական անձանց անունով բանկերի միջոցով արտերկրից ստացված տրանսֆերտների զուտ ներհոսքը կազմել է 309 միլիոն 24 հազար դոլար: Նկատենք, որ, օգոստոս ամսվա համեմատ, Հայաստան ուղարկված դրսի փողերի` տրանսֆերտների զուտ ներհոսքը ավելացել է 17 միլիոն 832 հազար դոլարով: Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ սեպտեմբերին տրանսֆերտները շարունակել են այս տարվա օգոստոս եւ հուլիս ամիսների համեմատ աճել, բայց հունիս ամսվա համեմատ՝ այն զգալի նվազել է: Բացի այս, նշենք, որ Ռուսաստանի Դաշնությունից ստացված զուտ ներհոսքը, այլ կերպ ասած՝ Հայաստան եկած ու մնացած գումարը սեպտեմբեր ամսին կազմել է 377 մլն 916 հազար դոլար։ Այն, օգոստոս ամսվա համեմատ, 81 մլն 167 հազար դոլարով ավելացել է: Նշենք, որ այդ գումարների մեծ մասը փոխանցում են արտերկրում աշխատող հայերը, եւ նրանց կողմից ուղարկված գումարները այստեղ ապրող նրանց ընտանիքների ապրուստի հիմնական միջոցներն են: Մյուս կողմից, պակասել է ԱՄՆ-ից Հայաստան ստացված տրանսֆերտների զուտ ներհոսքը. եթե այս տարվա օգոստոսին այն կազմել է 33 մլն 293 հազար դոլար, ապա սեպտեմբերին դարձել է 22 մլն 614 հազար դոլար։




Լրահոս