Հոկտեմբերի 30-ին Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում, բազմահազարանոց ցույցին զուգահեռ, հայկական երկրորդ հանրապետության խորհրդարանը քննարկել ու հատուկ հայտարարություն է ընդունել, որ վերաբերում է, այսպես ասած, խաղաղության պայմանագրին ու Արցախի հետագա կարգավիճակին: Ըստ այդ հայտարարության՝ արցախցիները միաբերան պնդում են՝ «Հայաստանի Հանրապետության իշխանությունները պե՛տք է հրաժարվեն ներկայումս ունեցած աղետալի դիրքորոշումից։ Ոչ մի իշխանություն իրավունք չունի «խաղաղության» պատրվակով Արցախի համար անընդունելի կարգավիճակի, ինչպես նաեւ միջազգայնորեն ճանաչված ինքնորոշման իրավունքի բանակցային նշաձողն իջեցնելու»։ Թեմայի վերաբերյալ «ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանի հետ։
-Պարո՛ն Պապոյան, արցախցիները հստակ նշում են՝ Արցախը որեւէ կարգավիճակով Ադրբեջանի կազմում լինել չի կարող։ Ստեփանակերտում հոկտեմբերի 30-ին տեղի ունեցած ցույցի ժամանակ ի՞նչ «մեսիջներ» եք տեսել արցախցիների կողմից։
-Արցախի հայկականության համար մենք արցախցիներին թոշակ, նպաստ ու աշխատավարձ ենք տալիս, Արցախում տներ ենք կառուցում ու մարդկանց տալիս։ Առհասարակ, Արցախում երբեմն շատ ավելին ենք անում, քան Հայաստանում։ Դրա նպատակը Արցախի հայկականությունը պահպանելն է։ Ինչ վերաբերում է Արցախի անվտանգությունն ապահովելուն, ապա դրա համար բանակցում ենք՝ հաճախ ՀՀ-ի հաշվին։ Կարծում եմ՝ դա, առաջին հերթին, պետք է գնահատեն արցախցիներն ու Արցախի իշխանությունները։
-Չգնահատելու միտո՞ւմ եք տեսել նրանց կողմից։
-Ոչ, պարզապես Ձեր հարցադրմանն իմ մեկնաբանությունը այդպիսին է, եւ այս կոնտեքստում այդ մասին, այո, պետք է խոսել։ Միայն պահանջներ չէ, որ պետք է ներկայացնել, պետք է գնահատել նաեւ այն, ինչ արվում է, իսկ արվում է բավական մեծ բան։ Մեկ շնչի հաշվով ՀՀ քաղաքացին, ի տարբերություն արցախցու, շատ-շատ ավելի հարկ է վճարում, բայց ՀՀ քաղաքացին շատ ավելի քիչ է աշխատավարձ ստանում, քան Արցախի բնակիչը։ Ու դա նրա հաշվին է, որ Հայաստանի պետական բյուջեից հսկայական աջակցություն կա Արցախին։ Իսկ երբեւէ պատկերացրե՞լ եք, որ այդ աջակցությունը չլիներ. այնտեղ ուղղակի մարդ չէր մնա։ Հիմա ո՞վ է Արցախի երաշխավորը, ո՞վ է Արցախի հայապահպանության երաշխավորը։
-Ձեր թիմի անդամը՝ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջաննյան է վերջերս հայտարարել, որ Հայաստանն ի զորու չէ ապահովել Արցախի անվտանգությունը։
-Արցախի անվտանգությունն ապահովելու համար կարեւոր երկու բաղադրիչ կա՝ տնտեսական բաղադրիչը, ինչը Հայաստանի կողմից իրականացվում է ու բավական մեծ ծավալով է իրականացվում, մյուսը անվտանգության հատվածն է։ Արցախի անվտանգությունը, գիտենք, նոյեմբերի 9-ի եռակողմ հայատարարությամբ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորքերին է հանձնվել։ Ու չնայած Արցախի անվտանգությունը ՌԴ-ն է իրականացնում, Հայաստանն այստեղ ոչ պակաս կարեւոր դերակատարություն ունի։ Ի վերջո, եռակողմ հայտարարությունը ոչ թե Արցախը, այլ Հայաստանն է ստորագրել։ Հայաստանն է այսօր բանակցում, որ ռուս խաղաղապահները շարունակեն մնալ Արցախում, Հայաստանն է այսօր վարչապետ Փաշինյանի շուրթերով հայտարարում, որ մենք կողմ ենք՝ ռուս խաղաղապահներն Արցախում ոչ թե 5, 10, 20, այլ 100 տարի մնան։
-Բա՞յց…
-Բայց, ինձ թվում է, Արցախում հնչող մի շարք հարցադրումներ սխալ հասցեատիրոջ են ուղղվում, կամ ընդհանրապես չպետք է հնչեն, որովհետեւ իրականում դրանք չկան էլ։
-Այդպես էլ ստացվում է՝ Հայաստանն անվտանգային առումով ձեռքերը լվանում է Արցախից;
-Ո՞վ է ասում։ Հիմա երբ ասում ենք, որ մենք համաձայն ենք, ուզում ենք՝ ռուսական խաղաղապահ զորքերը շատ ավելի երկար մնան Արցախում, ու դրա համար պատրաստ ենք բանակցել, ուրեմն դա ձեռքերը լվանա՞լ է։ Իսկ մենք, այո, ուզում ենք, որ խաղաղապահները շարունակեն ներկայացված լինել Արցախում։
Զրուցեց ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԸ
Ո՞Ր ԿԱՌՈՒՅՑՆ Է ՇԱՏ ԿՈՆՅԱԿ ԳՆԵԼ
Չնայած նրան, որ Հայաստանում աղքատության մակարդակը բարձր է, ՀՀ որոշ գերատեսչություններ շարունակում են պետական միջոցների հաշվին ալկոհոլային խմիչք գնել: Այդպիսի օրինակ է ՀՀ վարչապետի աշխատակազմը, որը ղեկավարում է Արայիկ Հարությունյանը:
Նիկոլ Փաշինյանի կառավարությունը միայն հոկտեմբեր ամսին ավելի քան 1 մլն դրամ ծախսել է կոնյակ գնելու համար: Նշենք, որ այդ կոնյակները հիմնականում գնվում են պաշտոնական հանդիպումների ժամանակ նվիրելու համար:
ArmLur.am-ը պաշտոնական փստաթղթերից տեղեկացավ, որ վարչապետի աշխատակազմը ղեկավարող Արայիկ Հարությունյանը գնել է 2 հատ «Արարատ» կոնյակ՝ ծախսելով ընդհանուր 178 հազար դրամ, այսինքն՝ մեկ կոնյակի համար վճարել է 89 000 դրամ: Ի դեպ, պայմանագիրը կնքվել է հոկտեմբերի 26-ին «Օլիմպիա Թրեյդ» ընկերության հետ:
Կոնյակի գնման հաջորդ պայմանագիրը կնքվել է հոկտեմբերի 27-ին: Մեզ հատնի դարձավ, որ 25 հատ կոնյակ է գնվել, որի համար պետական միջոցներից ծախսվել է մոտ 470 հազար դրամ: Այս դեպքում գնվել է 24 հատ «Նաիրի» 0.5 կոնյակ. մեկ շիշ կոնյակը գնվել է 18 հազար 550 դրամով: Մեկ շիշ «Նաիրի» 0.7 կոնյակի համար պետական միջոցներից ծախսվել է 24 հազար 650 դրամ: Այս անգամ պայմանագիր կնքվել է «Վինո Վինո» ընկերության հետ: Եւս մեկ պայմանագիր վարչապետի աշխատակազմը կնքել է հոկտեմբերի 20-ին. գնվել է 3 հատ կոնյակ՝ ընդհանուր 55 հազար 650 դրամ արժեքով: Պայմանագրի մյուս կողմը «Վինո Վինո» ընկերությունն է: Եւս մեկ շիշ կոնյակ գնվել է հոկտեմբերի 18-ին՝ 89 000 դրամով: Բացի կոնյակներից, վարչապետի աշխատակյազմը գնել է նաեւ տեղական գինիներ: Օրինակ՝ հոկտեմբերի 14-ին 6 հատ գինի է գնվել. միավորի արժեքը կազմել է 16000 դրամ: Եւս 6 հատ կոնյակ գնվել է հոկտեմբերի 13-ին, ընդհանուր պայմանագրի արժեքը կազմել է 111 հազար 300 դրամ:
Նշենք, որ այս ծախսերն իրականացվում են մեր` հարկատուներիս հաշվին:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
ԴԱՎՈՅԱՆԸ ՀՐԱՀԱՆԳԵԼ ԷՐ
Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ հոկտեմբերի 29-ին տեղի ունեցած վարչության նիստն այդքան էլ հարթ չի անցել: ArmLur.am-ի տեղեկություններով՝ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ, համանուն կուսակցության նորընտիր վարչության անդամ Արփի Դավոյանը վարչահրամայական տոնով Լոռու փոխմարզպետին (ենթադրաբար Գոռ Ասրյանին, որ, ինչպես Արփի Դավոյանը, Ստեփանավան քաղաքից է) հրահանգ է տվել ամեն ինչ անել, որ ՔՊ-ական չորս անձինք որեւէ կերպով իշխող քաղաքական ուժի վարչության կազմում չընդգրկվեն: «Խոսքը պատգամավորներ Մարիա Կարապետյանի, Էդուարդ Աղաջանյանի, ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի ու ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի մասին է։ Իր «զեմլյակներին» զգուշացրել է, որ այս չորս թեկնածուներին որեւէ դեպքում չընտրեն հանկարծ։ Խոսակցությունը սեփական կուսակիցների ականջն է ընկել, ինչի մասին ձայն է բարձրացրել ՔՊ-ական մեկ այլ պատգամավոր Թագուհի Ղազարյանը, որ ասել է, թե՝ «մենք ամբողջ օրը ժողովրդավարությունից ենք խոսում, բայց այս ամենը դեմ է ժողովրդավարությանը, էսպես չի լինի»»,- մանրամասնեց իշխանամերձ մեր աղբյուրը։ Նկատենք, որ գուցե նաեւ այս միջադեպն է պատճառ եղել, որ վերոնշյալ անձանցից ո՛չ Կարապետյանը, ո՛չ Աղաջանյանը վարչության կազմում չեն ընդգրկվել։
ԶԳԱԼԻ ԱՃ
2023 թվականին նախատեսվում է ապահովել համախառն ներքին արդյունքի նկատմամբ պետական պարտքի զգալի բարելավում։ Այս մասին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2023 թ. պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ նշեց ՀՀ Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը։
«Որքան պարտքը եւ պարտքի սպասարկումը գտնվում են հուսալի միջավայրում, այնքան մեր բոլոր անելիքները միջնաժամկետ հատվածում ավելի մեծ երաշխավորվածությամբ կարող են իրականացվել այն ծավալներով, որոնք նախատեսված են։ Այո, անորոշությունները շատ են, եւ այս տարվա միջավայրը դրա վկայությունն է։ Մենք պետք է հաշվի առնենք բոլոր հնարավոր զարգացումները»,- նշեց Խաչատրյանը։ Միեւնույն ժամանակ նախարարը նշեց, որ 2021 թվականի արդյունքներով պարտքը համախառն ներքին արդյունքի նկատմամբ գտնվում էր էապես բարձր մակարդակի վրա էր եւ կազմում էր 60,3 տոկոս, սակայն կառավարության գործունեության ծրագրի ժամանակահատվածում կառավարությունը ցանկանում է հասնել նրան, որ այդ ցուցանիշը չլինի ավելի բարձր, քան համախառն ներքին արդյունքի 50 տոկոսն է: Բյուջեի քննարկման ժամանակ նախարարը նշեց, որ 2023 թվականին պետական բյուջեով նախատեսվող պաշտպանության ոլորտի ծախսերը կազմելու են 506 միլիարդ դրամ, որը 35 տոկոսով ավելի է 2022 թվականի ծախսային ցուցանիշից։ Պաշտպանության ոլորտի ծախսերը կազմելու են ՀՆԱ-ի 5 տոկոսը։ Նախարարը նաեւ նշեց, որ սոցիալական ոլորտին ուղղվող ծախսերի աճը նույնպես զգալի է լինելու։