ԱՐՑԱԽԻՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ԱՎԵԼԱՆԱ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի նախագծով նախատեսվում է Արցախի Հանրապետությանը տրամադրել աջակցություն՝ 144 մլրդ դրամի չափով: Նկատենք՝ այս իշխանությունների կողմից Արցախին օգնելու թեման մշտապես է ներկայացվել՝ հաճախ մանիպուլյատիվ փաստեր պարունակելով:

 

Օրինակ՝ 2022 թվականի հուիսի 15-ին Ազգային ժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2021 թվականի պետբյուջեի կատարողականի քննարկման ժամանակ իր ելույթում անդրադարձավ Հայաստանի Հանրապետությունից Արցախին տրվող օգնությանը եւ հենց այդ ժամանակ էլ արեց մի շարք մանիպուլյատիվ պնդումներ։ Փաշինյանը հայտարարեց, որ Արցախի բյուջեն երբեք ավելի մեծ չի եղել, քան այժմ է, եւ դա՝ շնորհիվ Հայաստանի կառավարության աջակցության։ Ըստ Փաշինյանի՝ 2021թ. Հայաստանի կառավարության բյուջետային աջակցությունը Արցախին աննախադեպ է իր մեծությամբ:

Փաշինյանը հավելեց նաեւ, որ 2021 թվականին Արցախի բյուջեի 73 տոկոսը վճարել է ՀՀ կառավարությունը, եւ որ 2021-ին Հայաստանի կառավարության աջակցությունն ավելին է եղել, քան 2019 թվականի Արցախի ամբողջ բյուջեն:

Նախ՝ ընդգծենք, որ յուրաքանչյուր տարի Հայաստանից Արցախին տրամադրվող աջակցությունը, ըստ էության, ոչ թե աջակցություն է, այլ բյուջետային վարկ, պարզապես՝ շատ ցածր (0.01%) տոկոսադրույքով։ Վարչապետի հայտարարությունն այն մասին, որ Հայաստանի կառավարությունը երբեք այսքան մեծ աջակցություն չի ցուցաբերել Արցախին, բացարձակ իմաստով ճիշտ է, սակայն տրամադրվող աջակցության ծավալների մեծացումը 2020-ի պատերազմից հետո նպատակ ունի մեղմել Արցախում պատերազմից հետո սկսված ծանր սոցիալական պայմանները, այլ կերպ ասած՝ պատերազմի հետեւանքները։ 2018 թվականին Հայաստանից Արցախին տրամադրվող աջակցությունը կազմում էր 51,4 մլրդ, 2019-ին՝ 57,8 մլրդ, 2020 թվականին՝ 64,9 մլրդ։

2021 թվականին Արցախի բյուջեով նախատեսված Հայաստանից ստացվելիք բյուջետային վարկը կազմում էր 64,7 մլրդ, այսինքն՝ ավելի քիչ, քան դրան նախորդող տարում էր։ Վարչապետի հնչեցրած թվերը ներառում են ինչպես բյուջետային վարկերը, այնպես էլ տարբեր սոցիալական խնդիրներին ուղղված գումարները (կոմունալ վարձավճարների, կեցության, աշխատավարձերի վճարման եւ այլնի տեսքով)։

Հետաքրքիր են նաեւ ոչ միայն բացարձակ թվերը, այլեւ Արցախի բյուջեի եւ Հայաստանի աջակցության հարաբերակցության մասին Փաշինյանի համեմատությունը. «2021 թվականին Արցախի բյուջեի 73 տոկոսը վճարել է ՀՀ կառավարությունը, եւ 2021թ. Հայաստանի կառավարության աջակցությունն ավելին է եղել, քան 2019 թվականի Արցախի ամբողջ բյուջեն»։

Իսկ մինչ պատերազմն Արցախի բյուջեի մոտ կեսն էր տրամադրվում Հայաստանի կողմից։ Եվ ինչպես նշեցինք, նախորդ տարի հատկացված գումարների մի մասը ոչ թե բյուջետային վարկի շրջանակներում են տրվել, այլ տարբեր սոցիալական ծրագրերի միջոցով։ Սա եւս ապացուցում է, որ պատերազմից հետո Հայաստանից տրամադրվող գումարների նման աճը կապված է բացառապես պատերազմի հետեւանքների վերացման հետ։

Հաջորդ տարվա համար դեռ միայն 144 մլրդ դրամի աջակցության մասին է խոսք գնում, որի մասին հիշատակված է հենց բյուջեի նախագծում:

ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը երեկ այս հարցով բյուջեի քննարկման ժամանակ նշեց, որ  ֆինանսական միջոցների կարիքները հիմնականում վերաբերում են բնակարանային շինարարությանը։

«Բնակարանային շինարարությունը Արցախում իրականացվում է ՀՀ կառավարության մեծ աջակությամբ։ Հաջորդ տրվա ընթացքում 144 մլրդ դրամ է նախատեսված, բայց եթե ընթացքում ի հայտ գան այնպիսի խնդիրներ, որոնք պահանջում են Հայաստանի կառավարության աջակցությունը, ըստ բովանդակության կքննարկվեն եւ կստանան լուծումներ, ինչպես եղել է մշտապես»,- ասաց նա։

Տիգրան Խաչատրյանը ընդգծեց, որ ֆինանսավորումը նախատեսված է այն ծավալով, որ որեւէ էական խնդիրներ չառաջանան։

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

 

ՆԱԽԱԳԾԻ ԱՐԺԵՔԸ

2023 թվականին նախատեսվում է Փրկարար ծառայության 15 ենթակա տորաբաժանումների համար ձեռք բերել 49 հրշեջ մեքենա:

ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2023 թ. պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ այս մասին ասաց արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ Արտյուշ Գրիգորյանը:

«Նախագծի արժեքը կազմում է 3 միլիարդ 740 միլիոն դրամ»,- ասաց Գրիգորյանը:

 

 

 

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ՝ ՀԱՆԴԻՊՈՒՄԻՑ

«Ղարաբաղի հարցում Երեւանի համար ընդունելի են Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների հաստատման ռուսական նախագծի առաջարկած մոտեցումները: Սահմանազատման աշխատանքներից առաջ նախ անհրաժեշտ է ամրացնել անվտանգությունը Ադրբեջանի եւ Հայաստանի սահմանին»,- Պուտինի հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա նաեւ ընդգծեց, որ Հայաստանի տարածքով անցնող հաղորդակցությունները պետք է լինեն պաշտոնական Երեւանի ենթակայության տակ:

«Հայաստանն ակնկալում է Ռուսաստանի հստակ դիրքորոշումը Հայաստանի սուվերեն տարածքից ադրբեջանական զինված ուժերի դուրս բերման հարցում»,-հավելեց վարչապետը։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն էլ իր խոսքում նշեց. «Անհրաժեշտ է համաձայնության գալ բոլոր հարցերի շուրջ։ Մենք միշտ ելնում ենք նրանից, որ Հայաստանը մեր ռազմավարական գործընկերն ու դաշնակիցն է։  Հուսով եմ՝ մենք կարող ենք առաջընթաց քայլեր ձեռնարկել կարգավորման ուղղությամբ»:

 

 

 

 

ՓԱՅԼԱՆԸ` ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 31-ին ընդունել է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի հայազգի պատգամավոր Կարո Փայլանին:

Հանդիպմանը քննարկվել են ադրբեջանական վերջին ագրեսիայի հետեւանքները: Զրույց է ընթացել Հայաստան-Թուրքիա սահմանների բացման շուրջ: Կարո Փայլանի խոսքով՝ սահմանների բացմանն առնչվող քննարկումների վերաբերյալ Թուրքիայում ապրողների լայն շրջանակում տեղեկատվության պակաս կա: Նա ՀՀ ԱԺ նախագահին ներկայացրել է նաեւ իր տպավորությունները եւ դիտարկումները հայ-թուրքական գործընթացի առնչությամբ:

 

 

 

2 ՄԻԼԻԱՐԴԱՆՈՑ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ

ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը ճանապարհների վերանորոգման նպատակով ավելի քան 2 միլիարդի չափ պայմանագիր է կնքել Գորիսի նախկին քաղաքապետի ընկերության հետ: ArmLur.am-ը տեղեկացավ, որ այս տարվա հոկտեմբերի 21-ի կնքած պայմանագրի ընդհանուր գինը կազմում է 2 մլրդ 707 մլն 501 հազար 279 դրամ, որից 451 մլն 250 հազար 213 դրամը ԱԱՀ-ն է: Ի դեպ, այս տարվա իրականացվող աշխատանքների գինը կազմում է 931 մլն 808 հազար դրամ, որից միայն 155 մլն դրամը ԱԱՀ-ն է:

Ի դեպ, խոսքը «Ոսմար» ընկերության մասին է, որը պատկանում է Գորիսի նախկին քաղաքապետ Նելսոն Ոսկանյանի ընտանիքին: Նշված ընկերության բաժնետեր հանդիսանում է նաեւ Ոսկանյանի կինը եւ աներորդին: Այս ընկերությունը պետք է իրականացնի Հ-46, /Մ-2/-Տաթեւ-Աղվանի-Մ-2/ (Սյունիք) հանրապետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքներ:

Ավելին՝ նկատենք, որ այս ընկերության հետ պայմանագիրը կնքվել է առանց մրցույթի՝ «հրատապ մեկ անձ» ընթացակարգով: Այս ընկերությունը պետական գնումներին մասնակցում է 2015 թվականից:

 

 

 

 

ՓԱՇԻՆՅԱՆԸ՝ ՍՈՉԻՈՒՄ

ArmLur.am-ը տեղեկացավ, որ Նիկոլ Փաշինյանը Սոչի է մեկնել ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի եւ այլ անձանց հետ: Ընդհանուր առմամբ, Փաշինյանի պատվիրակության կազմում 16 հոգի է ընդգրկված, այդ թվում՝ պաշտոնյաներ աշխատակազմերից ներկայացուցիչներ:

Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության կազմում ընդգրկված է նաեւ Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Վաղարշակ Հարությունյանը:

Երեկ ՀՀ Ազգային ժողովում մեկնարկել է 2023 թվականի պետական բյուջեի նախագծի կատարողականի քննարկումները: Երեկ առավոտյան, ըստ ավանդույթի, պետք է քննարկումներին նաեւ մասնակցեր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, սակայն երեկ նա չի մասնակցել եւ չի ներկայացրել բյուջեի նախագծի կատարողականը, քանի որ առավոտյան մեկնել է Սոչի:

Եվ, ահա, ArmLur.am-ը տեղեկացավ, որ Նիկոլ Փաշինյանն անձամբ չորեքշաբթի օրն է գնալու Ազգային ժողով եւ մասնակցի բյուջեի նախագծի քննարկումներին: Նշենք, որ այդ օրը խորհրդարանում նախատեսված է Պետաիրավական եւ Ֆինանսավարկային հանձնաժողովների համատեղ նիստ, եւ իրավապահ համակարգի ներկայացուցիչներն են գալու խորհրդարան: Հենց այդ օրն էլ նա կլինի խորհրդարանում:

 




Լրահոս